ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ կատարած այցի ժամանակ ելույթ ունեցավ նաև այս բուհի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:
Նա, խոսելով 80-ամյա ինստիտուտի հաջողություններից, տված կադրերից, առանձնացրեց սպորտի ոլորտը: «Գյումրին միշտ համարվել է աշխարհի ամենասպորտային քաղաքներից մեկը և’ խորհրդային տարիներին, և կարող եմ ասել նաև հիմա, որովհետև մեծ սպորտի հաջողությունները իսկապես աննախադեպ են: Միայն կարող եմ փաստել, որ Գյումրիի 10 շրջանավարտներ դարձել են օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ: Դա մի պետության հարստություն է, որովհետև օլիմպիական չեմպիոնը ազգի և պետության համար անգնահատելի անձնավորություն է: Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը մեծ ներդրում ունի Գյումրիի սպորտի զարգացման գործում: Ես միշտ ասել եմ ու այսօր էլ ուզում եմ հիմնավորել, որ տարիներ շարունակ՝ մինչև մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության բաժնի բացվելը, Գյումրին ունեցել է տաղանդավոր մարզիկներ, որոնք փորձել են ուսում ստանալ Երևանում, քանի որ Գյումրիում չի եղել համապատասխան կրթական հաստատություն: Եվ էդ տաղանդավոր մարզիկները 1-2 տարի հետո կամ թողել են սպորտը, կամ նվազել են նրանց սպորտային հաջողությունները: Ես չեմ ուզում ասել, որ Երևանում չկան էդ լավ մարզիչները, ֆիզկուլտուրայի ինստիտուտը չունի էդ հնարավորությունը, տարբերությունն այն է, որ մեր մարզիկները գնում էին , հիմնականում ապրում էին հանրակացարանում, փոխվում էր կենցաղը, փոխվում էին մարզիչները և 1-2 տարի հետո թողնում էին սպորտը: Եվ երբ Գյումրու մանկավարժական ինստիտուտում բացվեց այս մասնագիտությունը, իմիջիայլոց ես այդ մասնագիտության առաջին գերազանց շրջանավարտներից մեկն եմ, դրանից հետո Գյումրիի առաջին հաջողությունը միջազգային ասպարեզում եղել է 1974 թվականին Վարդան Միլիտոսյանի՝ բարեկամության միջազգային մրցումների առաջին մեդալը նվաճելը:
Այսօր էլ մեր ֆիզդաստիարակության բաժնում սովորում են աշխարհի չեմպիոններ, օրինակ՝ Արթուր Ալեքսանյանը, ունենք երիտասարդների աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ: Իսկ մեր շրջանավարտներից 70-ից ավելին էսօր դարձել են Հայաստանի վաստակավոր մարզիչներ և ղեկավարում են այն հիմնական մարզաձևերը, որոնք զարգացած են Հայաստանում: Այդ թվում նաև Ջուլֆալակյան Լևոնը, որն էսօր ղեկավարում է հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը, իսկ հունահռոմեական հավաքականի հաջողությունները, հատկապես վերջին հաջողությունները, որ երկու գյումրեցիներ կարողացան 8 ոսկե մեդալի մեջ երկուսը բերել Հայաստան», -հպարտությամբ ասաց մանկավարժականի ռեկտորը:
Մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ