Դեկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպայի հրեական խորհրդարանի համանախագահ Վադիմ Ռաբինովիչին և Եվրոպայի հրեական խորհրդարանի պատվիրակությանը` ուղեկցությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի:
Ողջունելով Եվրոպայի հրեական խորհրդարանի անդամներին` Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ նրանց այցը Հայաստան կնպաստի երկու ժողովուրդների հարաբերությունների առավել սերտացմանը, ինչպես նաև արդյունավետ գործակցության խթան կհանդիսանա: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ երկու ժողովուրդների ընդհանրություններին` ընդգծելով, որ պատմության ընթացքում տառապանքներ են կրել, սակայն կարողացել են հաղթահարել ամեն տեսակի դժվարություն և վերականգնել նաև իրենց անկախ պետականությունը: Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց, որ այսօր` ներկայիս աշխարհի մարտահրավերների առջև, հայ և հրեա ժողովուրդները զորակից և աջակից լինեն միմյանց և միասնաբար լուծման առաջնորդեն իրենց առջև ծառացող խնդիրները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձավ Հոլոքոսթին, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությանը` շեշտելով, որ միայն այդ ճանապարհով` համընդհանուր ջանքերի շնորհիվ, հնարավոր կլինի մարդկային կյանքում կանխարգելել նմանօրինակ ոճիրների կրկնությունը:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու առաքելությանն աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում և դերակատարությանը ազգային ինքնության պահպանության գործում: Խոսվեց նաև միջկրոնական հարաբերությունների, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում կարևոր առաքելություն իրականացնող Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Երուսաղեմի սրբավայրերի նկատմամբ Հայ Եկեղեցու ունեցած իրավունքների պաշտպանության մասին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ