Դեկտեմբերի 8-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում ավանդական պատարագից հետո կայացավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն, որն անցկացրեց աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը:
Արարողությանը մասնակցում էին Բաթումի քաղաքապետարանի, կառավարության պատասխանատուներ, դիվանագետներ, տասնյակ բաթումահայեր: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 26 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքի անմեղ նահատակների հիշատակը:
Իր ելույթում Տեր Արարատը կարևորեց այն հանգամանքը, որ ի տարբերություն 1988 թվականի, մեր ժողովուրդն այսօր ավելի պատրաստ է դիմակայելու նման արհավիրքների` հույս հայտնելով, սակայն, որ նման աղետներն այլևս չեն կրկնվի:
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, իր խոսքում անդրադառնալով երկրաշարժին ու դրա աղետալի հետևանքներին, կարևորեց աշխարհի բազմաթիվ երկրներից ստացված օգնությունը` փլատակների տակ մնացած մարդկանց փրկության, բուժման, իսկ հետագայում՝ այլևայլ շինությունների կառուցման հարցում` ընդգծելով, որ առաջիններից մեկն աղետի գոտուն օգնության ձեռք է մեկնել եղբայրական Վրաստանը, որի բժիշկները, փրկարարները, շինարարները, հաշված ժամերում հասնելով աղետի գոտի, անգնահատելի աջակցություն են ցուցաբերել ահարկու աղետից տուժած մեր հազարավոր հայրենակիցների:
Կարդացեք նաև
Արարողության մասնակիցները պսակներ ու ծաղկեփնջեր զետեղեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ:
ՀՀ ԱԳՆ