Այսօր Գյումրի ժամանած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սամվել Բալասանյանին առաջարկեց Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի դպրոցը վերանորոգելուց հետո անվանափոխել աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունով: Հիշեցնենք, որ չեմպիոնը մարզվում է հենց այդ դպրոցում, որը զուրկ է տարրական պայմաններից՝ պատերը բորբոսնած են, հատակը նեխած…
ԲՀԿ առաջնորդը, մատնացույց անելով ԲՀԿ-ական պաշտոնյաների կողքին նստած Արթուր Ալեքսանյանին, ասաց. «Այստեղ նստած է մեր հսկան, որը հայ ազգի պատիվը աշխարհով մեկ, 21 դարում բարձր է պահում, և ամբողջ հայ ժողովուրդը Սփյուռքում և Հայաստանում գիտի, որ անպարտելի հսկա ունենք, նա մեզ հաղթանակ է պարգևում, ուրախություն, հայ ազգին ճանաչում: Որ դպրոցում, որ ինքը պարապում է, պարզ է, որ այդ դպրոցը հին է, կարիք ունի վերանորոգման, ես այսօր կխնդրեմ պարոն Բալասանյանին, որ որոշում կայացնի, երբ որ դպրոցը վերանորոգված կլինի, այդ պահից արդեն կկոչվի մեր հսկայի անունով»:
Սամվել Բալասանյանը, անչափ ոգևորվելով Գագիկ Ծառուկյանի այցից ու առաջարկից՝ ճշտեց, թե դպրոցը Արթուր Ալեքսանյանի անվա՞մբ կոչեն, թե՞ նրա մականվամբ (մականունը Ճերմակ արջ է): «Արթուր Ալեքսանյան անվանեք, բայց մականունն էլ թող կողքը լինի»,- առաջարկեց Գագիկ Ծառուկյանը: Սամվել Բալասանյանը խոստացավ առաջիկա ավագանու նիստում վերափոխել մարզադպրոցի անունը:
Կարդացեք նաև
Ի դեպ, Գյումրու քաղաքապետը, իր ելույթում անընդմեջ շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին՝ նշելով, որ իր քաղաքապետ ընտրվելուն պես զգացել է նրա՝ իր ու գյումրեցիների կողքին լինելը:
Մանրամասները տեսանյութում՝
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ