Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին Երևան»-ը կարող է լինել Վերնիսաժի «լյուքս» տարբերակը

Դեկտեմբեր 08,2014 18:46

Շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի ջանքերով ու միջոցներով «Հին Երևան» նախագիծն իրականություն կդառնա: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի հաշվարկներով, նախագիծն իրականացնելու համար 120-150 միլիոն ԱՄՆ դոլար կպահանջվի:

Դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի և «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում համաձայնագիր են ստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ:

«Վերջապես տեղի ունեցավ այն, ինչ պետք է լիներ. հայտնվեց մի մարդ, որը պատրաստ է ներդրումներ անել արդեն երկար ժամանակ քննարկման առարկա դարձած «Հին Երևան» նախագիծը կյանքի կոչելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Լևոն Վարդանյանը:

Նախագծի հեղինակն ասում է, որ նախքան Վարտան Սիրմակեսին հանդիպելը, շատ ներդրողների հետ է հասցրել հանդիպել, սակայն նրանք, ճարտարապետի դիտարկմամբ, մտահոգված չեն եղել հին Երևանի վերականգմամբ. «Նրանք, պարզապես, ուզում էին իրենց սեփական ցանկություններն իրականացնել, իսկ այդ ցանկությունները կապ չունեին ո´չ մշակույթի, ո´չ քաղաքի հին շերտի պահպանման հետ: Ի տարբերություն նրանց՝ շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսը մանրակերտը տեսնելուց հետո այնպիսի հարցադրումներ արեց, որ միանգամից երևաց նրա հետաքրքրվածությունը նախագծով, և ես հասկացա, որ նա կարող է աշխատել»,- ասաց Լ. Վարդանյանը:

Ինչ վերաբերում է արդեն բուն աշխատանքների իրականացմանը, նախագծի հեղինակն ասում է, որ ինքը մինչև 2015թ. մարտը կվերջացնի, ավարտուն տեսքի կբերի մանրակերտը, ապա կներկայացնի հանրության դատին: Համապատասխան մարմինների համաձայնությունը ստանալուց հետո էլ կսկսվեն կառուցապատման աշխատանքները, որոնք կտևեն 3-5 տարի, բոլոր դեպքերում, Կառավարությունը վերջնաժամկետ է սահմանել հինգ տարին. «Բարձրահարկ շենքեր չեն, մի քանի բրիգադ էլ կարող է միաժամանակ աշխատել»,- ասում է Լ. Վարդանյանը: Ինչ վերաբերում է դրանց տեղանքին ու քանակին, նախագծի հեղինակն ասում է, որ «Հին Երևան»-ը կտեղակայվի Աբովյան-Բուզանդ-Արամի-Կողբացի հատվածում, որտեղ արդեն իսկ 14 հին շենք կա, իսկ նախագծի իրականացումից հետո ևս 16-ը կավելանան. «Իհարկե անհնարին է, որ բոլոր ապամոնտաժված շենքերը հավաքվեն այդ նույն տարածքում. սա ճարտարապետություն է, և մենք միջավայր պիտի ստեղծենք, ոչ թե ուղղակի դնենք իրար կողքի: Իմ խնդիրը հին Երևանի կոլորիտը պահպանելն է՝ այդ ժամանակաշրջանին բնորոշ շենքերը վերականգնելու միջոցով»,- ասում է նա:

Անդրադառնալով տարածքի օգտագործմանը՝ ճարտարապետն ասաց, որ ինքն անձամբ կցանկանար, որ այն հասարակական-մշակութային կենտրոն դառնար. «Պատկերացրեք՝ այդտեղ լինի Վերնիսաժի «լյուքս» տարբերակը: Եթե առևտրային մաս է լինելու, թող այդպիսին լինի: Նաև կուզենամ, որ այդտեղ ցուցասրահներ բացվեն, մանավանդ որ շատ նկարիչների են ցուցասրահներ խոստացվել»,- նշեց Լ. Վարդանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031