Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, 1915թ. դեպքերը ես անվանում եմ ցեղասպանություն». թուրք ռեժիսոր

Դեկտեմբեր 08,2014 17:47

Ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆատիհ Ակինը «Թըդեյս Զաման»-ին տված հարցազրույցում ասել է, որ Եղեռնի վերաբերյալ իր նկարահանած «Հատում» ֆիլմը ամենևին էլ ցեղասպանության մասին չէ:

«Ես պարզապես ուզում էի մի պատմություն պատմել, բայց այս պատմությունը հնարավոր չէ տեսնել պարզ ու շիտակ: Այնուամենայնիվ ես բարձրաձայն եմ ասում՝ այս ֆիլմը ցեղասպանության մասին չէ: Ֆիլմի վերաբերյալ բոլոր քննարկումներն ու հարցազրույցներն ամեն անգամ այդ ուղղությամբ են ընթանում», – ասել է ռեժիսորը՝ ավելացնելով, որ եթե ինքը ուզենար ցեղասպանության մասին ֆիլմ ստեղծել, ապա 12 ժամանոց վավերագրական ֆիլմ կնկարահաներ, որի պատումը կսկսվեր 10-րդ դարից:

Ի հեճուկս թուրք ազգայնականների, որոնք սպառնալիքներով էին վախեցնում ֆիլմը Թուրքիայում ցուցադրելու դեպքում, նոյեմբերի 5-ից թուրք հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու այն Թուրքիայի կինոթատրոններում: Ակինի խոսքերով, իր առաջնահերթ նպատակներից էր Թուրքիայում ցուցադրելը և այլևս ոչ ոք նրան չի սպառնում:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նա 1915թ. դեպքերը ցեղասպանություն է համարում, գերմանաբնակ ռեժիսորն ասել է.

«ՄԱԿ-ը ցեղասպանության սահմանումը տվել է 1948թ-ին … ու այն ինչ տեղի է ունեցել այս երկրում, համապատասխանում է այդ սահմանմանը: Եթե ընդունում ենք ՄԱԿ-ի հիմունքները, ապա այո, ես այն անվանում եմ ցեղասպանություն»:

Ակինը խոսել է նաև Գերմանիայում ֆիլմի արձագանքից՝ որպես երկիր, որը նույնպես ցեղասպանություն է իրագործել: Նրա ասելով, Գերմանիայում «Հատում»-ը խիստ քննադատության է արժանացել, քանի որ գերմանացիները չեն կարողացել նշմարել Հոլոքոստը հիշեցնող պատկերներ.

«Նրանք ակնկալում են Աուշվիցի (հրեաների համակենտրոնացման ճամբար Լեհաստանում) պես մի բան տեսնել ֆիլմում, երբ չեն տեսնում, քննադատում են այն: Մինչդեռ հայերի ցեղասպանությունը խորհրդանշող բազմաթիվ պատկերներ կան, բայց քանի որ նրանք դրանց մասին ոչինչ չգիտեն, քննադատում են», – ասել է նա և նշել, որ ընդհանուր առմամբ արևմտյան հանդիսատեսը գիտելիք չունի Հայոց ցեղասպանության մասին, ինչը նույնը չէ Հոլոքոստի դեպքում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031