Դեկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել էր Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում: Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված մեծարման ցերեկույթին, ինչպես նաև Արցախյան ազատամարտի մասնակից Արտակ Օհանյանի պատվին անվանակոչված լսարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին ներկա էին ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, մտավորականներ, հոգևորականներ, ազատամարտիկների հարազատներ, ուսանողներ, դպրոցականներ, զինծառայողներ, ովքեր իրենց ելույթներում փաստեցին, որ զոհված ազատամարտիկների հայրենանվեր գործը պետք է հիշել ամեն օր ու փոխանցել նոր սերնդին:
Ողջունելով ներկաներին և իր խոնարհումը բերելով զոհված ազատամարտիկների հիշատակին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Արցախյան հաղթանակները հնարավոր չէին լինի, եթե չլիներ մեր մարտական ընկերների հերոսությունն ու անձնազոհությունը և, որ այսօր հայ ժողովուրդը մեծագույն պարտավորվածություն ունի պահպանել նրանց արյամբ ձեռքբերված հաջողությունները և շարունակել նրանց կիսատ թողած գործը: «Այսօր մենք հիշում ենք ոչ միայն Արտակ Օհանյանին, այլ մեր բոլոր զոհված ազատամարտիկներին եւ հավերժ փառք տալիս նրանց: Եթե նրանք չլինեին, մենք չէինք ունենա այսօրվա հաջողությունները: Այս օրվա խորհուրդը նաև նրանց որակները մեր մատաղ սերնդին հաղորդելն է: Մեր մարտական ընկերների սխրանքը մեզ զրկել է սխալվելու իրավունքից և մենք պետք է անենք ամեն ինչ Հայաստանն առավել զարգացնելու ու զորացնելու համար։ Հուսով եմ, որ այսպիսի լսարանները կդառնան այն վայրը, որտեղ առավել կամրապնդվի հայ երիտասարդության ոգին ու հայրենասիրությունը»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը մի շարք ազատամարտիկների պարգևատրեց գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ