Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Գյումրի ժամանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս հատուկ եկել էր իր կուսակից ընկերոջ՝ Վարդևան Գրիգորյանի գլխավորած բուհի՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 80 -ամյակը շնորհավորելու:
Ըստ պարոն Ծառուկյանի, բուհի 80-ամյա տոնակատարության ժամանակ ինքը Հայաստանում չի եղել, այդ պատճառով էլ հիմա է շնորհավորում: ԲՀԿ առաջնորդը, ծաղկեպսակ դնելով երկրաշարժի զոհերի հուշարձանին, ուղևորվեց Գյումրու մանկավարժական ինստիտուտ՝ հանդիպելով ուսանողներին ու դասախոսներին:
Նա մի քանի անգամ շեշտեց, որ այսօր ոչ տեղն է , ոչ էլ օրը քաղաքականությունից խոսելու, ուստի միայն փոքր անդրադարձ կատարեց երկրի տնտեսական վիճակին, գազի, լույսի, կոմունալ մյուս ծառայությունների թանկացմանը ու այս ֆոնին իր բարեգործական հիմնադրամից ֆինանսական պարգևատրումներ արեց ստաժավոր դասախոսներին ու նաև ուսանողներին:
Ամանորին ընդառաջ՝ ԲՀԿ առաջնորդը չանտեսեց նաև շարքային գյումրեցիներին, 45 միլիոն դրամ փոխանցեց Սամվել Բալասանյանին՝ սոցիալապես անապահով ընտանիքներին բաժանելու նպատակով:
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանը օգնություն տրամադրեց նաև Հոռոմի խաչմերուկում զոհվածների ընտանիքներին: Նա ասաց, որ կապ չունի՝ ով որ կուսակցությունից է, հաղթանակն այն է, երբ որպես հայ՝ մարդիկ լինեն միասնական, մեկը մյուսին հարգեն, գնահատեն: Ըստ նրա՝ այս ամենն անում է, որ իրեն մարդ զգա, գիշերը հանգիստ քնի, իր խղճի առջև հանգիստ զգա:
«Ամեն մարդ, Աստծո կամոք , պետք է իր հնարավորությունների սահմաններում աջակից լինի, իր հոգու հանգստության համար նա պետք է ճիշտ լինի, ամեն մարդ իր գնահատականը ինքը բոլորից լավ գիտի: Դուք բոլորդ էլ գիտեք, որ ես մեր ժողովրդին սիրում եմ, հարգում եմ, առավել ևս գյումրեցիներին, որ միշտ կապ եմ ունեցել Գյումրիի հետ, գնալ-գալ, տեսնել, հյուրասիրվել , աշխատել, ընկերություն անել, յուրահատուկ հարգանք ունեմ ձեր հանդեպ: Ես գիտեմ գյումրեցիների հարգանքը, հյուրասիրությունը, վերաբերմունքը, ինչ որ Երևանում չէր լինի, Գյումրիում կար: Մեր ուզածը էն է, որ նոր Գյումրին վերածնվի, մարդիկ ինչ-որ տեսել են, ինչի որ սովոր են, մենք պետք է կարողանանք միասին իրականություն դարձնել: Դա կլինի ամենամեծ գործը մեր ժողովրդի համար», ասաց ԲՀԿ առաջնորդը: Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ Ծառուկյանը ազգանունը չի վաճառվում, Ծառուկյանի խոսքը գործ է, և իր համար ամենաթանկը ժողովրդի վստահությունն է, որը երբեք ու երբեք չի կորցնելու:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ