Վերջերս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանի հեղինակած «Փայտյա, պղնձյա փողային և հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փայտյա, պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը:
Aravot.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ Հայաստանում առաջին անգամ են հրատարակվում փողային կատարողական արվեստին վերաբերող ուսումնական ձեռնարկներ: Պարոն Թովմասյանի ձեւակերպմամբ, փողային գործիքների կատարողական արվեստը հասել է շոշափելի հաջողությունների, մինչդեռ ամեն ինչ չէ, որ հավուր պատշաճի էր ուսումնասիրվել: «Յուրաքանչյուր ազգ ունի իր լեզուն, երաժշտությունը, բնավորությունը, սովորույթները, որոնք ազգային մշակույթի, ազգային նկարագրի հիմքն են:
Հատկապես մասնագետը առավել քաջատեղյակ պետք է լինի իր ժողովրդի մշակույթի, ազգային երաժշտության զարգացման ընթացքին, երաժշտական կյանքի անցուդարձին, որպեսզի ոչ միայն պահպանի ու զարգացնի այն, այլեւ փոխանցի սերունդներին»,-նշեց Վալենտին Թովմասյանը: Նաեւ հավելեց, որ իր աշխատություններում փորձել է արժանին հատուցել փողային գործիքների կատարողների այն համաստեղությանը, որոնք 20-րդ դարի 20-ական թվականներից առայսօր իրենց ստեղծագործական ու կազմակերպչական որոնումներով նպաստել են հայկական ազգային փողային և հարվածային կատարողական դպրոցի կայացմանն ու զարգացմանը, մասնագետ երաժիշտների պատրաստմանը:
Հավելենք, որ հեղինակը՝ Վալենտին Թովմասյանը, երկար տարիներ աշխատել է Հանրային ռադիոյում, հեղինակել ավելի քան 5000 ռադիոծրագրեր, դասագրքեր ու մենագրություններ, ներկայումս էլ դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ