Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներին քիչ առաջ միացավ նաեւ «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը առավոտյան դեռ գործարանի դիմաց հավաքված ցուցարարներին ասում էր, որ աշխատավարձերի մասով նոր բան չունի ասելու: Աշխատակիցները պնդում են, որ վարչապետն է «վախեցել» ու տնօրենին կանչել է իրենց հանգստացնելու: Ռուբեն Սաղաթելյանը կառավարության շենքի դիմաց աշխատակիցներին համոզում էր հեռանալ եւ իրենց պահանջներն ու առաջարկները գրավոր կազմել:
«Պարոն Սաղաթեյան, սոված ենք, մեր պահանջը մի բան է՝ փող»,- Սաղաթելյանին դիմելով՝ ասաց աշխատակիցներից մեկը:
Մեկ այլ աշխատակից էլ՝ Գայանեն, շարունակեց. «Պարոն Սաղաթելյան, եթե հինգ ամիս առաջ պահանջում էինք, թե գործարանը վերագործարկվի, աշխատենք, հիմա հույսներս կտրեցինք՝ գործարանը չի աշխատելու միանշանակ: Ուզում ենք մեր աշխատավարձերը, մարեք, հեռանանք: Մենք նամուս ունենք»:
«Ուրիշ բան կա՞ ասելու»,- հարցրեց տնօրենը եւ, լսելով բացասական պատասխան, ասաց. «Ոչ մեկը չի ասել, որ ձեր աշխատավարձերի պարտքերը չեն վճարվելու»:
Կարդացեք նաև
«Վարչապետն իր բերանով հայտարարեց, որ անհիմն պարտքեր են»,- հակադարձեցին աշխատակիցները, տնօրենը շարունակեց. «Մինչեւ էդ վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ ասել են, որ աշխատակիցների պարտքերը արդարացի են, երեկվա դրությամբ ոչ մեկը չի ասել, որ ձեր պարտքերը չեն տալու»:
Տնօրենն ու աշխատակիցները այս հարցում երկար ժամանակ համաձայնության չեկան, մեկը մյուսին ընդհատեցին: Ռուբեն Սաղաթելյանին չհաջողվեց աշխատակիցներին հետ կանգնեցնել իրենց պայքարից:
Ի դեպ, աշխատակիցները քիչ առաջ տեղի տվեցին եւ ընդունեցին վարչապետի առաջարկը՝ հինգ հոգով վերեւ բարձրանալ ու ներկայացնել իրենց պահանջները: Այժմ նրանք պատրաստվում են գնալ վարչապետի հետ հանդիպման:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ