«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի այն դիտարկումներից հետո, թե պետք է բյուջեն 20 %-ով ավելացնել, հանքարդյունաբերությունից ստացված հումքը վերամշակել՝ նոր միայն արտահանել, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զարգացնել, Aravot.am-ը պարոն Սաֆարյանից հետաքրքրվեց, թե 20 տարի է՝ այդ մասին են խոսում, ե՞րբ պետք է այդ ամենն արվի: Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում ասում էր, որ պետք է արվի,
պարոն Սաֆարյանն ասաց. «Եկել է ժամանակն անելու»: Նա մեղադրեց այն պատգամավորներին, որոնք ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քվեարկության` «խիստ վճռորոշ» օրը նիստից բացակայում էին:
Այսօր «Փաստարկ» ակումբում միության նախագահն անդրադարձավ նաեւ դոլարի կուրսի բարձրացմանն ու դրամի արժեզրկմանը: Տնտեսագետ Սաֆարյանը կարծում է, որ մարդիկ ճիշտ կանեն իրենց խնայողությունները երեք արժույթով` դրամով, դոլարով ու եվրոյով էլ պահեն, որպեսզի հնարավորինս խուսափեն կորուստներից: Ըստ նրա, դրամի արժեզրկումը կնպաստի մեր արտահանմանը եւ տեղական արտադրության զարգացմանը:
Պարոն Սաֆարյանի մեկնաբանությունները` տեսանյութում:
Հարցին, թե ինչո՞ւ բենզինը Հայաստանում չի էժանանում, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում նավթի գները կրկնակի իջել են, Վազգեն Սաֆարյանն ասաց, որ մեր բենզին ներկրողներն ապրանքը գնում են «Ռոսնեվթ Արմենիա»-ից, եւ թերեւս նրան պետք է հարց ուղղել:
Կարդացեք նաև
Պարոն Սաֆարյանն ասաց, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված, դեպի մեր երկիր եկող տրանսֆերտներն արդեն սկսել են նվազել: Նրա հաշվարկներով՝ 1,7 միլիարդ դոլար բանկերով են ՌԴ-ից գալիս Հայաստան, այդքան գումար էլ հայերը Ռուսաստանից գրպաններում են բերում: Արտահանման ծավալները նույնպես 4,8 տոկոսով կրճատվել են:
ՀՀ դրամի արժեզրկումը, տնտեսագետի խոսքերով, ոչ միայն ռուսական ռուբլուց է կախված, այլեւ համաշխարհային տենդենցներից. «ԱՄՆ տնտեսությունը ուժեղանում է, դոլարն արժեւորվում է, եւ ԱՄՆ տնտեսության կայունացմամբ էլ պայմանավորված են այդ գործընթացները»:
Վերջին մեկ- երկու շաբաթում մեր երկրում արձանագրված գնաճն էլ, Վազգեն Սաֆարյանի ներկայացմամբ, ներկրողների պատճառով է, քանի որ նրանք պետք է իրենց ապրանքն իրացնեն եւ դոլար գնեն. «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է հսկի, որպեսզի սպեկուլյատիվ երեւույթներ չլինեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ