Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է Ուրուգվայն առաջինն ընդունի նաեւ ԼՂՀ անկախությունը. «Իմ երկիրն աշխատում է այդ ուղղությամբ»

Դեկտեմբեր 08,2014 15:52

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսին ներկա ԶԼՄ-ներին Գալուստ Սահակյանը իր ելույթի վերջում հատուկ խնդրեց, որ հյուրին հարցեր տալիս ոգեւորեն, քանի որ Ուրուգվայն առաջիններից է եղել, որ ընդունել է Հայոց Ցեղասպանությունը:

Գալուստ Սահակյանի խոսքերով՝ «Թուրք իշխանություններն իրավունք չունեն նոր սերնդի առջեւ խնդիր դնեն, որպեսզի նոր սերունդը մասնակից դառնա ցեղասպանությանը: Թուրքիայում այդ զարթոնքը կապրի թուրք ժողովուրդը, եւ առաջիկայում մի օր Թուրքիան ինքն էլ կընդունի հայոց ցեղասպանությունը: Մենք դեռեւս չենք հավատում, որ թուրք իշխանությունները կամքի դրսեւորում կունենան՝ միանգամից ընդունելու ցեղասպանությունը, համենայնդեպս, նաեւ գիտակցում ենք, որ աշխարհը ոտքի է կանգնում այդ ուղղությամբ: Տարիներ շարունակ Ուրուգվայն ու Ուրուգվայի ժողովուրդը հոգեհարազատ են մեզ համար: Մենք ամեն ինչ անում ենք, որ այս օրերին Ուրուգվայի Սենատի նախագահը ՀՀ-ում զգա՝ ինչպես իր ընտանիքում»:

Դանիլո Աստորին համաձայնեց, որ բարեկամական հարաբերություններ կան Ուրուգվայի եւ ՀՀ-ի միջեւ. «Որպես փոքր երկիր՝ Ուրուգվայը ցանկանում է ունենալ լավ հարաբերություններ՝ բոլոր երկրների հետ: Ուրուգվայն ամեն կերպ ջանում է աջակցել, որ ցանկացած հակամարտություն լուծվի միայն եւ միայն խաղաղ ճանապարհով»:

Հարցին՝ այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ կոչ ուղղվեց Իսրայելին՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը, ի՞նչ կանխատեսում ունեք՝ կգնա՞ Իսրայելը նման քայլի, թե՞ տնտեսական շահերը հետ կպահեն:

Դանիլո Աստորին պատասխանեց. «Պետք  է ներողություն խնդրեմ, բայց դա իմ աշխատանքը չէ՝ այլ երկրների մասին որեւէ կարծիք հայտնեմ այստեղ: Ես կարող եմ պատասխանել միայն իմ երկրի դիրքերից: Իրավասու եմ միայն հայտարարել, որ իմ երկիրն ամեն կերպ կաջակցի,որ ցանկացած կոնֆլիկտ լուծվի միայն խաղաղ ճանապարհով»:

Գալուստ Սահակյանի խոսքերով՝ վերջին տարիներին Իսրայելում էլ բավականին լուրջ քննարկումներ են գնում, եւ հնարավոր է ՀՀ-ի հետ Իսրայելը քննարկի նաեւ այդ հարցը. «Իսրայելյան շրջանակներում բավականին լուրջ ընդունելություն ունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ցեղասպանություն ճանաչումը: Իրավական տեսանկյունից չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ ակտիվությունը մեծ է: Ընդհանուր առմամբ Իսրայելի ժողովուրդը պատրաստ է ընդունել ցեղասպանությունը: Բայց յուրաքանչյուր պետություն պետք է ճիշտ ժամանակ ընտրի այդ իմաստով: Համենայնդեպս, համոզված եմ, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառմանը ներկա կլինեն նաեւ Իսրայելի ներկայացուցիչները: Նույնիսկ եթե այս պահին չընդունվի Իսրայելի կողմից, այդ իմաստով համագործակցությունը շատ կակտիվանա»:

Հարցին՝ հնարավո՞ր է Ուրուգվայը լինի առաջին պետությունը, որը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ուրուգվայի Սենատի նախագահը պատասխանեց. «Իհարկե, իմ երկիրն աշխատում է այդ ուղղությամբ: Մեր երկրի կառավարությունը ցանկանում է պահպանել լավ հարաբերություններ բոլոր երկրների հետ՝ հատկապես այն երկրների հետ, որոնք ներգրաված են այս հակամարտությունում»:

Լրագրողները հստակեցրին՝ քանի որ առաջինն եք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ակնկալիք կա նաեւ ԼՂՀ ճանաչման հարցում, միջազգային հարթությունում կա՞ մի հարց, որի դեպքում Հայաստանը կարող է օգնել ձեզ, նա պատասխանեց. «Ուրուգվայը եւ Հայաստանը մշտապես միասին են աշխատել, քանի որ երկու երկրների քաղաքականությունները համընկնում են, հիմնված են մարդկային արժեքների վրա: Մենք ոչ միայն համաձայնում ենք միմյանց հետ ՄԱԿ-ում, այլ նաեւ աջակցել ենք միմյանց թեկնածությունները՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամության համար: ՀՀ-ն աջակցել է Ուրուգվայի թեկնածությունը: Ուրուգվայն ամեն ինչ անում է, որ տարածաշրջանի հակամարտությունները շտապ լուծում ստանան, եթե կոնֆլիկտ լինի մեր տարածաշրջանում՝ մենք ակնկալում ենք Հայաստանի աջակցությունը»:

Լրագրողները նաեւ հարց ուղղեցին՝ Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոյի համեստ ապրելակերպի հետ կապված: Հարցին՝ Դուք նույնպե՞ս համեստ կեցություն ունեք եւ Ձեր հասարակությունն ինչպե՞ս է դա ընդունում, Դանիլո Աստորին պատասխանեց. «Այո, ես նույնպես ապրում եմ շատ համեստ կյանքով, ոչ միայն նրա համար, որ հասարակությունը դա տեսնի, այլ անձամբ ինձ համար»:

Հռփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031