Լրահոս
Օրվա լրահոսը

Բ. Գաբրիելյան. «Բնապահպանության նախարարության արգելքը չի կարող օգուտ տալ»

Դեկտեմբեր 08,2014 15:43

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը չի հասկանում,թե ինչու է բնապահպանության նախարարությունը ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով երկու շաբաթ արգելք դրել ձկան եւ խեցգետնի որսի վրա:

ՀՀ բնապահպանության նախարարի նոյեմբերի 27-ի հրամանով՝ 2014 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 25-ը սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվելու է Սևանա լճում և լիճ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, մեկնաբանելով այս որոշումը, նշեց, որ այդ երկու շաբաթվա արգելքը չի կարող որեւէ օգուտ տալ, քանի որ սիգի ձվադրող վտառը սկսում է կազմավորվել սեպտեմբերի վերջերին, հոկտեմբեր ամսին եւ ձվադրումը շարունակվում է մինչեւ հունվարի սկիզբ. «Եվ եթե նախաձվադրային պայմաններում՝ հոկտեմբեր ամսին, պատշաճ պաշտպանություն չլինի վտառին, ապա այս երկու շաբաթը քիչ բան կտա ձվադրող վտառը պահպանելու համար»:

Նա վստահ է, որ այդ ժամկետների մասին պետք է առանձին քննարկում անցկացվեր. «Ես չգիտեմ, թե ինչի հիման վրա է նախարարությունը հենց այս ժամանակահատվածն ընտրել»:

Անդրադառնալով ձկնապաշարներին՝ պարոն Գաբրիելյանը նշեց, որ մի քանի օր առաջ ձկնապաշարների հաշվարկ են իրականացրել, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ այս տարի՝2013 թվականի համեմատ, սիգի պաշարները նույնն են մնացել՝ 300 տոննայից մի փոքր ավելի եւ ավելի շատ են, քան նախորդ տարիներին. «Սա 2011-2012 թվականներին  լճի մեջ բեղուն սերունդի ավելացման արդյունքն է»: Նրա խոսքով՝ սիգը բազմացման շրջանում էլ է վաճառվում, շուկաներում ձկնկիթով սիգ են վաճառում, ինչն էլ արդյունք է այն բանի, որ նախաձվադրային պայմանները պատշաճ չեն ապահովվում: Նա ներկայացրեց, որ անցյալ տարվա համեմատ ավելացել են կարաս ձկնատեսակի պաշարները:

Ինչ վերաբերում է իշխանի պաշարներին՝բանախոսը թվային տվյալներ չներկայացրեց, սակայն նշեց, որ չեն թողնում, որպեսզի իշխանը բազմանա. «Իշխանի երկու ենթատեսակները բազմանում են գետերում, իսկ իշխանը մինչեւ գետ չի հասնում, քանի որ գետաբերանին նրանց ամբողջությամբ որսում են: Շատ է որսագողությունը: Իշխանները նաեւ չեն կարողանում բազմանալ գետերում, քանի որ ՀԷԿ-երը շատ են ջրառ կատարում, երբեմն անգամ չորանում են գետերը: Ջրառն ընդհանրապես չի վերահսկվում»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031