Հենրիետ Արենսի կարծիքով՝ պետք է բոլոր ջանքերը համախմբել:
«Վերջին 18 տարիների ընթացքում Կովկասի երեք երկրներում էլ ընտանեկան բռնությունների խնդիրն առկա է եղել»,- այսօր՝ դեկտեմբերի 8-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Արենսը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում շատ են ընտանեկան բռնությունների չբացահայտված դեպքերը: Նա շեշտեց, որ ընտանեկան բռնությունների հարցում մեկ ծրագրով լուրջ փոփոխությունների հասնել հնարավոր չէ: Հենրիետ Արենսը համարում է, որ արդյունքի հասնելու համար պետք է բոլոր ջանքերը համախմբել. «Մեկ օրենքով չենք կարող խնդիրը լուծել»:
Անդրադառնալով ընտանեկան բռնությունների կանխարգելմանը` նա նշեց, որ այդ գործընթացին պետք է մասնակցեն թե՛ կանայք եւ թե՛ տղամարդիկ. «Կանայք եւ տղամարդիկ պետք է այդ գործընթացին ներգրավվեն: Այդպես հնարավոր է հարաբերությունների մեջ այնպիսի միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի բռնությունը հարաբերություններից վերանա»:
Կարդացեք նաև
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչ Պերճուհի Կաժոյանը հայտնեց, որ 2014 թվականի ընթացքում ոստիկանությունը ստացել է ընտանեկան բռնության դեպքի 1500 ահազանգ, որը 1/3-ով նախորդ տարվանից ավելի է. «Իրականում, մեր հասարակության մեջ ոստիկանության հանդեպ վստահությունն աճում է, բայց դա դեռ ցածր մակարդակի վրա է գտնվում: Սրա հետեւանքն այն է, որ բռնության ենթարկված կանայք չեն բարձրաձայնում դրա մասին պաշտոնապես: Հասարակական կազմակերպությունների պաշտոնական տվյալներով մենք տեսնում ենք, որ 1500-ից շատ ավելի շատ են դեպքերը»:
Նրա խոսքերով՝ Կոալիցիայի կազմակերպած ակցիաների ընթացքում դեպքեր են գրանցվել, երբ հասարակությունը սխալ է ընկալել ակցիաների իմաստը եւ ապատեղեկատվության տարածման պատճառով խնդիրներ եւ նույնիսկ հարձակումներ են եղել. «Մեր ռազմավարությունն է՝ շարունակել իրազեկման եղանակով: Ակցիաների բուն նպատակն է, որ խնդրի մասին խոսվի, եւ այդպես միայն կարող ենք խնդրին լուծում տալ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»: