Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ախթալայում կանանց գործունյա եւ ակտիվ քաղաքացի կդարձնեն  (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 08,2014 15:20

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» եկող տարվա գարնանից նախաձեռնելու է Լոռու մարզի Ախթալա քաղաքում ստեղծել կանանց սոցիալ-տնտեսական աջակցության կենտրոն: Կենտրոնը փորձելու է մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ նաեւ կանանց զբաղվածության խնդիրը լուծել մարզի 10-ից ավելի համայնքներում: Ինչպես այսօր «Հենարան» ակումբում ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, կենտրոնում կանանց որոշակի հմտություններ են սովորեցնելու, որպեսզի նրանք ավելի հեշտ կարողանան աշխատանք գտնել:

Լիլիթ Ասատրյանի խոսքերով` «Մենք փորձում ենք որոշակի միջամտությունների արդյունքում հասնել դրական տեղաշարժերի, փոքր սառնարանային տնտեսություններ ստեղծել, որ անտառների հատապտուղները հավաքելով վերամշակեն, արտադրություն ստեղծեն եւ վաճառեն: Սա կտա կանանց եւ նրանց ընտանիքներին աշխատանքի հնարավորություն: Համայնքներն էլ  դուրս կգան տնտեսական եւ սոցիալական ծանր իրավիճակից: Հատապտուղների վերամշակման արտադրամասից բացի լինելու է նաեւ տուրիզմի, մշակույթի, պատմական իրադարձությունների եւ ձեռներեցության ոլորտներ, որտեղ ներգրավելու ենք կանանց, նրանք այդ կերպ կնպաստեն համայնքի եւ ընտանիքի տնտեսական կայունությանը»:

Տիկին Ասատրյանի ներկայացմամբ` կենտրոնում պատասխանատու քաղաքացիներ են «ստեղծվելու». սա հնարավորություն կտա կանանց եւ նրանց ընտանիքներին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին: Կենտրոնից «դուրս եկած» քաղաքացին սպառողից վերածվում է իր համայնքի համար քաղաքականություն մշակող անհատի. «Համայնքներում կարեւոր է էկոլոգիական խնդիրը, շեշտերից մեկը դնում ենք հենց դրա վրա: Սրա կողքին փորձում ենք համադրել եւ որոշ բաղադրիչներ տեղափոխել արտադրության ոլորտ»:

Հարցին` մարզերի կանայք որքանո՞վ են ոգեւորված, եւ արդյոք պատրա՞ստ են տունը «թողնել» գալ կենտրոն, տիկին Ասատրյանն ասաց, որ երբ ընտանիքում սոցիալական ծանր վիճակ է, այդ կինն այլեւս ի զորու չէ այլ բանի մասին մտածել, չի գիտակցում իր կարեւորությունն իր համայնքի կայացման, որոշումների կայացման գործում եւ այլն, եւ միակ ճանապարհը նրանց խրախուսելն է, իրենց սոցիալական վիճակի բարելավումը:

Մանրամասն` տեսանյութում


Իսկ ինչպիսի՞ն է տղամարդկանց վերաբերմունքը, չե՞ն ընդդիմանում, որ իրենց կանայք կամ աղջիկները այցելում են կենտրոն, Լիլիթ Ասատրյանն ասաց. «Լինելով կանանց կազմակերպություն, իհարկե, հիմնական թիրախային խումբը կանայք եւ աղջիկներն են` 13 տարեկանից բարձր, նույնիսկ  80-ն անց շահառուներ ունենք: Մենք կարեւորում ենք տղամարդկանց դերակատարումն, անխտիր բոլոր բնագավառներում, բայց մեր կազմակերպության հիմնական նշանաբաններից է  Նժդեհի խոսքը` «Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը»: Մայրիկով է շատ բան պայմանավորված, մենք կարեւորում ենք հասարակության ներսում ներդաշնակությունը, հավասարակշռությունը: Լինում են տղամարդիկ, որ ասում են` ի՞նչ իմաստ ունի, թող մնա տան գործերն անի,  եւ մենք սկսում ենք աշխատել այս տղամարդկանց հետ»:

Լիլիթ Ասատրյանի պատմելով, պատահել է, որ հայրը թույլ չի տվել իր անչափահաս աղջիկը, որը լավագույն պոտենցիալն ուներ ծրագրին մասնակցելու, այցելի կենտրոն, հետո ասոցիացիան ծնողի հետ քննարկել է հարցը, եւ վերջինս իր համաձայնությունը տվել է, որոշ ժամանակ հետո այդ տղամարդը նաեւ այլ տղամարդկանց է հորդորել, որ իրենց կանանց, քույրերին ու մայրերին ուղղորդեն «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»:

Մանրամասն` տեսանյութում

Ասոցիացիան դեկտեմբերի 13-14-ին ժամը 11.00-ից 18.00-ը Երեւանի քաղաքապետարանում բարեգործական տոնավաճառ է կազմակերպելու, որին մասնակցելու են տարբեր մարզերից կին արտադրողներ, միջազգային եւ տեղական կազմակերպություններ: Տոնավաճառից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանի մարզերում կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031