«Իրազեկումը անչափ կարեւոր է այս կարգի սոցիալական եւ զգայուն հարցերի համար»,- այսօր՝ դեկտեմբերի 8-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին նվիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Նա նշեց, որ ընտանեկան բռնությունների խնդիրը լուծելու համար համագործակցություն է անհրաժեշտ՝ հավելելով, որ ոստիկանության ստորաբաժանման յոթ աշխատակիցները նոյեմբերին այցելել են Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաք, որտեղ հնարավորություն են ունեցել աշխատել տեղի ոստիկանների հետ. «Այս հարցի շուրջ անհրաժեշտ է լայն համագործակցություն: Ոստիկանները, դատախազները պետք է աշխատեն միասին, բայց նրանց պետք է միանան նաեւ հասարակական կազմակերպությունները, միջազգային կառույցները. Բոլորը պետք է իրենց ջանքերը համախմբեն: Խոսքը միայն քրեական հետապնդում իրականացնելուն, բռնարարին պատժելու մասին չէ, մենք պետք է խնդրի կանխարգելման հետ առնչվենք»:
Դեսպանը կարեւորում է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի առկայությունը, որում ներառված կլինեն բոլոր բաղադրիչները՝ քրեական հետապնդում, պաշտպանություն, կանխարգելում: Նա նկատեց, որ գոյություն ունեցող բռնությանը առնչվող օրենքներում ներառված չեն պաշտպանության եւ աջակցության բաղադրիչները:
«Ընտանեկան բռնությունները մեծ հետեւանքներ են ունենում երկրի տնտեսության վրա. Կան կորսված աշխատավարձեր, կատարվում են առողջապահական ծախսեր: Միացյալ Նահանգներում 1994 թվականին՝ համապատասխան օրենքը ընդունելուց հետո, արձանագրել ենք, որ այդպիսով հնարավոր է միլիարդավոր դոլարներ խնայել»,- ասաց դեսպանը:
Կարդացեք նաև
Ջոն Հեֆերնի կարծիքով՝ ընտանեկան բռնությունների խնդիրն առկա է ամենուր. «Տարբերություններ կան այն ասպարեզում, թե ինչպես են այս խնդրին արձագանքում պատկան մարմինները, կարծում եմ՝ այստեղ Հայաստանը անելիք ունի: Ոստիկանությունը պետք է կարողանա զգայուն մոտեցումներ ցուցաբերել այս հարցի շուրջ, մենք աշխատում ենք Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ, որպեսզի դատարանում այս խնդրի զոհ դարձածների իրավունքների պաշտպանությունը ավելի լավ մակարդակով իրականացվի եւ իհարկե՛, նոր օրենքը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»