Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ կախված դրամի փոխարժեքի տատանումներից, Հայաստանում կարող են լինել տնտեսական դժվարություններ։ Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում նա նշեց, որ ներքին գործոններով պայմանավորված գնաճը եւ դրամի փոխարժեքի տատանումները զարգանում են համաշխարհային միտումներից հետո. «Տեղի են ունենում որոշակի իրադարձություններ համաշխարհային տնտեսության մեջ, իսկ մի փոքր ժամանակահատված հետո դրանք տեղափոխվում են Հայաստան։ Վառ օրինակ է ռուբլու արժեզրկումը՝ այն Ռուսաստանում սկսել էր արժեզրկվել մի քանի ամիս առաջ, իսկ Հայաստանում դրամը միայն հիմա է արժեզրկվել»։
Տնտեսագետի խոսքով՝ արժեզրկումը, առաջին հերթին, անդրադառնալու է վարկային պորտֆելի վրա, քանի որ այն տնտեսվարողները, որոնք ունեն դոլարով վարկեր, կանգնած են լուրջ խնդրի առաջ. «Ամսեկան մոտ հազար դոլարի վարկ վճարող սուբյեկտը, արդեն հարյուր դոլարի կորուստ է գրանցում եւ արդյոք նա կկարողանա՞ այդ լրացուցիչ գումարները վերականգնել»։ Վիլեն Խաչատրյանը նշեց, որ արժեզրկման հետեւանքով ներմուծումը կթանկանա, իսկ այդ պարագայում տեղական արտադրողների համար հնարավորություններ կստեղծվեն։ Տնտեսագետի խոսքով, մեր երկրում տնտեսվարողների վստահությունն ուղղված է դեպի դոլարը եւ միայն դոլարիզացիայից դեպի դրամ անցումը կարող է ձեռնտու լինել տնտեսվարողների համար։
Վիլեն Խաչատրյանը վստահ է, որ արժեզրկման միտումները կդադարեն այն ժամանակ, երբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները թուլանան. «Իսկ մարտ ամսին արդեն պատժամիջոցները կթուլանան, քանի որ դրանք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ կոնսենսուսի արդյունքում են իրականացվում, իսկ հիմա այդ կոնսենսուսը չկա։ Դա կտանի ռուբլու դիրքերի վերականգնմանը, որի արդյունքում Հայաստան մտնող տրանսֆերտները կունենան ավելի մեծ գնողունակություն»։
Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով էլ՝ հայկական դրամը կարող է ճկուն լինել գների փոփոխման առումով. «Մեր դրամի դիմաց դոլարով կարող ենք երկու անգամ ավելի շատ ապրանք գնել, քան նույն գումարով այլ երկրներում։ Տարեկան Հայաստան է մտնում մոտ 4,5 միլիարդ դոլար գումար, ընդ որում մոտ 3,5 -ը մեր հայրենակիցների կողմից է գալիս։ Այս մարդկանց գումարը դոլարով է գալիս եւ նրանք չեն կորցնում։ Մեզ մոտ կորցնում են այն մարդիկ, ովքեր պետական աշխատավարձերով են ապրում, ստանում են թոշակ եւ նպաստ»։
Կարդացեք նաև
Բանախոսները նաեւ անդրադարձան այն հանգամանքին, թե ինչ կլինի դրամի ճակատագիրը ԵՏՄ տարածքում եւ եթե լինի միասնական արժույթ, ինչպես այն կկառավարվի։ Տնտեսագետը վստահ է, որ միասնական արժույթ տարածող երկիրը՝ գլխամաս կազմակերպությունը, ունենալու է գերակայություն մյուս երկրների կենտրոնական բանկերի նկատմամբ, որոնք իրենց դրամավարկային քաղաքականությունը կարգավորող ֆունկցիա են կատարում, եւ այդ պարագայում չեն կարողանա լուծել երկրի ներսում խնդիրները։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ