Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյանի 5 պահանջները՝ ուղղված Թուրքիային

Դեկտեմբեր 08,2014 14:21

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի խնդրում մենք, ըստ երեւույթին, մեր մոտեցումները պիտի փոխենք: Մենք նորից խարխափումների մեջ ենք»,- այսօր «Աշխարհն առանց ցեղասպանության» ցեղասպանության իրավական հարցերի քննարկմանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց պատմաբան Աշոտ Մելքոնյանը:

Նա ասաց, որ 1948-ի ՄԱԿ-ի՝ Ցեղասպանությունների դատապարտման կոնվենցիան իր մեջ չի պարունակում մի շատ կարեւոր կետ: Մարդուն ոչ միայն դատապարտում են այն բանի համար, որ նա արել է սպանություն, այլ զրկում են ունեցվածքից՝ իր տնից, գույքից: Այդ կոնվենցիայում չի գրված, որ դատապարտվում է՝ քրեորեն ցեղասպանության ենթարկելու համար. «Բոլոր երկրները, որոնք չեն ընդունել խորհրդարանի մակարդակով Հայոց ցեղասպանությունը, գիտեն, որ եղել է այն: Էրդողանի վերջին ելույթը ապրիլի 24-ի նախօրյակին խոսում է այն մասին, որ իրենք՝ թուրքերն էլ լավ գիտեն, որ ցեղասպանություն եղել է: Եթե դատապարտվում է ցեղասպանությունը, բայց չի լինում հետեւանքը, մարդը շարունակում է մնալ առանց իր տան, առանց իր հայրենիքի եւ փոշիանում է»:

Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանր ներկայացրեց Թուրքիային, թե ինչ պիտի անի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտելուց հետո. «Ցեղասպանության դեմ ՄԱԿ-ի 1948-ի կոնվենցիան կարեւոր քայլ է, այնտեղ կա ակնարկ պետական պատասխանատվության մասին: Ժամանակն է մենք սահմանենք, թե Թուրքիային պատասխանատվության կանչելու համար ինչ ենք պահանջում Թուրքիայից: Թուրքիայի կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի եւ ներողություն խնդրի, ճանաչման մեջ հստակ պետք է նշվեն մանրամասները, թե կոնկրետ ով ինչ է արել եւ ովքեր են զոհվել: Պետք է բացատրվի այսօրվա Թուրքիայի պատասխանատվությունը՝ հայերի հանդեպ: Թուրքիան պետք է երկրում եւ երկրից դուրս բոլոր մակարդակներում իրականացնի կրթական ծրագրեր՝ այդ թվում՝ Հայոց ցեղասպանության պատմությունը դարձնի հանրային կրթական ծրագրի կարեւոր բաղադրիչ: Պետք է հիմնի բազմաթիվ թանգարաններ՝ ցեղասպանության հիշատակարանների համար, պետք է վերականգնվեն պատմական հայկական տեղանունները: Թուրքիան բացի նյութական հատուցումներից, պետք է դրական քայլեր անի՝ բացի այլազգիների նկատմամբ հարգանքի հաստատումից, թուրքական պետությունը պետք է արմատախիլ անեն բոլոր ինստիտուտներից հակահայկական եւ ցեղասպանության գաղափարախոսության բոլոր հետքերը: 5-րդ պահանջը գույքի վերադարձն է եւ գույքի, բարոյական վնասի համար փոխհատուցումն է: Բոլոր անշարժ, շարժական գույքը պետք է վերադարձվի: Ոչնչացված կամ անհասանելի գույքի դիմաց պետք է տրվի փոխհատուցում: Փոխհատուցում պետք է տրվի նաեւ չստացված շահույթի դիմաց: Միաժամանակ մենք՝ հայերս պետք է նպաստենք այլ ժողովուրդների նկատմամբ ցեղասպանությունների դատապարտման համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031