Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավերժական հայը

Դեկտեմբեր 08,2014 14:07

Չկա այս աշխարհում ոչինչ անփոփոխ, քան փոփոխականությունը:

Ջոնաթան Սվիֆտ

Մեզանում մի մտայնություն կա, տարածված ողջ ժողովրդի՝ ներառյալ մտավորականության և արվեստագետների շրջանում: «Հայերս էս ենք», այն ինչ ունենք՝ դա է, այդպիսին եղել ենք, այդպիսին կանք, այդպիսին էլ պիտի լինենք: Սրա դեմ կա մեկ այլ մտայնություն՝ ներկայումս մենք այնքան էլ լավը չենք, նույնիսկ վատն ենք կամ ավելին՝ շատ վատը, բարոյական և այլ խնդիրներ ունենք, բայց անցյալում լավն ենք եղել և, կարծես ինչքան ավելի վաղ, այնքան ավելի լավ: Դե մեր փառքը անցյալում է եղել: Ցավոք չկա տարածված մտայնություն, որ հիմա ավելի լավն ենք, քան առաջ:

Ազգ, եվրոպական լեզուներով` nation, Nation, nación, nazione, нация ազգաբանական կատեգորիայի սահմանումը, ազգերի ձևավորման և ժառանգորդության հարցերը ժամանակակից գիտության մեջ լայնորեն քննարկվող և միարժեքորեն ընդունված լուծումներ չունեցող խնդիրներից են: Այս հարցերի վերաբերյալ կա երկու մոտեցում` «պրիմորդիալիստական» և «կոնստրուկտիվիստական» (առաջինը primordial «նախնական, սկզբնական», երկրորդը՝ constructive «կառուցված, ստեղծված» բառերից): Առաջինն ընդունում է ազգերի վաղնջական արմատների էական դերը, երկրորդը` դիտում ազգերին որպես նոր դարաշրջանին բնորոշ երևույթներ և վճռական նշանակություն տալիս ուշ գործընթացներին: Ի միջի այլոց, առաջին մոտեցման կողմնակիցները հայերին համարում են աշխարհի` հնում ձևավորված մի քանի ազգերից մեկը: Պրիմորդիալիզմը լայնորեն տարածված է Հայաստանում և՛ պատմաբանների, և՛ ոչ մասնագետների շրջանում՝ մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտե կոնստրուկտիվիզմի գոյության մասին: Սովետական դասագրքերում չի եղել՝ դեռ չէին հորինել, հիմա էլ շատ հայտնի չէ՝ մեզ դեռ լրիվ չի հասել:

Իրականում, ազգի բարոյական, հոգեբանական և մյուս հատկանիշները հավերժ չեն: Մենք չգիտենք, ինչպիսին է եղել հայի կերպարը մինչև քրիստոնեությունը: Մ.թ. I-II դարերի հռոմեական ականավոր պատմիչ Տակիտոսը, որը հայերին չի սիրում, գրում է, որ հայերն անվստահելի ժողովուրդ են, և՛ իրենց հոգևոր կառույցի, և՛ աշխարհագրական դիրքի պատճառով, և ատում են հռոմեացիներին ու նախանձով (թե խանդով) վերաբերվում պարթևներին: Ես դրանում վատ բան չեմ տեսնում: Իսկ ի՞նչ, սիրեինք թշնամի հռոմեացիներին և հիանայինք մեզ տիրող պարթևներո՞վ: Այդ դեպքում դուր կգայի՞նք Տակիտոսին: Չեմ կարծում: Ի վերջո, դա սխալ կլիներ: Տակիտոսը հիացած էր գերմանացիներով, նրանց պարզ բարոյականության, հյուրընկալության, խիզախության համար: Ինչպես իրենից դարեր առաջ հույն հեղինակներ Հերոդոտոսն ու Քսենոփոնն էին հիացած պարսիկներով՝ խիզախ, ժուժկալ, բարոյական…

Ավա՜ղ, այդ հատկանիշները բնորոշ են պարզ ու խստակյաց բարբարոսներին: Քաղաքակրթությունը փոխում է մարդկանց: Հիմա գերմանացիների վերաբերյալ բազում այլ կարծիքներ կան, օրինակ, հենց հյուրընկալության բնագավառում: Եվ մի՞թե կարելի է ներկայիս գերմանացիներին համեմատել իրենց վայրի նախնիների հետ: Չէ, հիմա շատ ավելի լավն են: Ուղղակի անցյալ դարում որոշեցին Տակիտոսին դրոշ դարձնելով, «վերադառնալ ակունքներին» (օ՜, որքան են սիրում մերոնք այս բառակապակցությունը, որն իրականում հնի՝ նորից լավը լինելու առասպելի տափակ գաղափարականացման դրսևորում է) ու զենքով հաստատել իրենց՝ լավագույնը լինելու հանգամանքը: Արդյունքում կրեցին իրենց պատմության ամենածանր պարտությունը և գրեցին իրենց պատմության ամենախայտառակ էջը: Մինչև հիմա գերմանացիների բոլոր հարևանների մեջ նրանց նկատմամբ բացասական կարծիք կա: Ոչ այնքան խիստ, ինչպես մի հիսուն տարի առաջ, բայց կա: Ինչ վերաբերում է պարսիկներին, ապա նրանց մասին հին հույների գրածները չես ասի՝ արդեն Քսենոփոնից մի քանի տասնյակ տարի անց նրանց միանգամայն հղփացած կայսրությունը կործանվեց Ալեքսանդր Մակեդոնացու հարվածներից: Իսկ երկրի ժամանակակից վիճակը դառն է այնքան, որ նրանք հոծ խմբերով Հայաստան են գալիս, որպես իրենցից ավելի բախտավոր երկիր, գոնե որպես տուրիստ երջանկություն որոնելու, այնպես, ինչպես մերոնք գնում են Ռուսաստան, Եվրոպա կամ Ամերիկա:

Հույն մեծ աշխարհագրագետ Ստրաբոնը (մ.թ.ա. I- մ.թ. I դդ.) գրում է, որ նույնիսկ արիստոկրատ հայուհիները մինչև ամուսնությունը Անահիտի տաճարներում երկար ժամանակ զբաղվում էին սրբազան պոռնկությամբ, մանավանդ օտարականների հետ, և հետո էին միայն ամուսնանում (ադրբեջանական կայքերի համարյա ամեն մի հակահայ հոդվածում հիշվող փաստ): Իհարկե, այդ սովորույթը միայն հայերին չի բնորոշ եղել, այլ նաև Միջագետքի և հարակից տարածքների հնագույն ժողովուրդներին (Բաբելոնիա, Լևանտ, Փոքր Ասիա): Սա, ի միջի այլոց, ցույց է տալիս հայերի՝ տարածաշրջանում երկար դարեր ապրած լինելու և տեղի հնագույն մշակույթի կրող լինելու հանգամանքը (նոր եկվորները չէին կարող արագ յուրացնել նման սովորույթը): Եվ իրականությունն էլ դարաշրջանից դարաշրջան փոխվել է: Քրիստոնեության նախօրեին արդեն Անահիտ դիցուհին կոչվել է «մայր ամենայն զգաստությանց», այսինքն, նա կարծես կորցրել էր իր հին հինարևելյան բնույթը: Ինչևէ, մեր հին գրողները, բոլորը եկեղեցականներ, ահավոր ատելությամբ են նկարագրել հեթանոսների և նրանց աստվածների իբր պիղծ էությունը (սեռական բարոյականության բնագավառում): Քրիստոնեությունից հետո մեր ժողովրդի «սեռական կոդեքսը» պարզ է, տրամագծորեն փոխվեց: Իսկ իսլամական տիրապետությունից հետո՝ որակական թռիչք՝ մղոնանոց քայլերով դեպի «կարմիր խնձորի» տխմար բարոյականությունը:

Ներկայիս քաղաքակիրթ աշխարհը, կարելի է ասել, հսկայական դժվարություններ հաղթահարելով, մոտենում է երկու հազար տարի առաջվա հայերին: Մենք էլ, կասկած չունենաք, որքան էլ տերտերն անիծի, մայրիկը հորդորի, կամ չգիտեմ թե ինչ, ձգտում ենք ու պիտի հասնենք նրանց: Բայց դե առաջինն ենք եղել, էլի, ամեն ինչում: «Մերն ուրիշ է»… Մերը սրբազան էր, ձերը՝ անսուրբ… Դե հոգևոր ժողովուրդ ենք, էլի:

Ամեն դար իր հետ նորանոր փոփոխություններ է բերել՝ հզոր պետություն և պետականության կորուստ, պայքար տիրող կայսրությունների դեմ, նոր պետականության ստեղծում, նորից պետականության կորուստ, սելջուկների, մոնղոլների, պարսիկների, թուրքերի, ռուսների տիրապետություն: Այդ ընթացքում ստեղծվել է հայոց գիրը, գրվել են գրքեր, ստեղծվել քաղաքներ, կործանվել, նորից ստեղծվել, երկիրը լցվել է այլակրոն այլազգիներով, մարդիկ զանգվածաբար արտագաղթել են երկրից, մնացածները ենթարկվել նվաճողների նոր պարտադրված օրենքներին, յուրացրել իսլամական կենցաղի նորմեր և մշակութային տարրեր, արել մեծաքանակ լեզվական փոխառություններ: Ուրեմն, փոփոխությունները եղել են հսկայական: Եվ հնարավոր չէր, որ չլինեին, և հիմարություն կլիներ, եթե չլինեին: Իսկ XVIII-XIX դարերից հայ ժողովրդի լուսավորյալ հատվածը, իր կրոնական ու մշակութային գործիչներով, երազում էր դեպի լուսավորություն տանել ժողովրդին: Պատմավեպերում հիշվում էին և հայրենասիրական ոգով մեկնաբանվում հին ու փառավոր անցյալը, դժբախտ ներկան և գովերգվում հին ու նոր հերոսները: Րաֆֆու գրքերն են կերտել, նշանակալի չափով, ներկայիս հայոց, հատկապես արևելահայերի կերպարը: Հետո՝ սովետական իրականությունը, հիմա՝ նոր Հայաստանը: Կարծես թե շատ տեղ չի մնում պրիմորդիալիզմին:

Եթե որևէ բան չաճի, չզարգանա, կամ փորձի նմանվել իր անցյալ ձևին… Նախ, դա հնարավոր չէ, բոլորն ունեն բջջային հեռախոսներ, հեռուստացույց, համակարգիչ և այլն: Աշխարհն առաջ է սլանում աննախադեպ, անօրինակ ու անկասելի արագացմամբ, գլոբալիզացիա և այլն: Իսկ եթե փորձես էլ, ոչ մի լավ բանի չես հասնի: Մի՞թե հինգերորդ դարի հայ քրիստոնյան նույնն է տասներորդ կամ քսաներորդ դարի հայ քրիստոնյայի հետ: Հիմա ո՞վ չի անցել դպրոցում, որ մարդիկ պտտվում են տիեզերքում, էլ չասած թե ինչեր անում ամեն օր երկրի վրա՝ դիտեք օրական մի քանի անգամ՝ Հայլուր, Լրաբեր, Նովոստի, Եվրոնյուզ և այլն:

Ժողովրդի ժառանգորդությունը լինում է հիմնականում երեք տեսակ՝ կենսաբանական, մշակութային և լեզվական: Դե կենսաբանականը մեզանում լավ է պահպանվել՝ ուր նայես, Հայաստանի բնակչությունը ռասայով բավական միատարր է, գերիշխում է հին արմենոիդ տիպը՝ արծվաքիթ, առատ մազածածկույթով, սևահեր, ոչ բարձրահասակ կարճագլուխների մի հավաքածու ենք: Բայց միևնույն է, հազարամյակների ընթացքում հնարավոր չի եղել խուսափել օտար արյան թափանցումից՝ երբեմն կարելի է նկատել, օրինակ, մոնղոլական դիմագծերի հետքեր: Մշակութայինը շատ ավելի փոփոխվող է, բայց դե ժառանգորդություն կա, սկսած գոնե քրիստոնեությունից: Մահացածներին թաղում ենք միատեսակ, քրիստոնեաբար, խմելուց միևնույն ձանձրալի կենացներն ենք ասում, բայց շատ բան այն չի: Առաջ թատրոն համարյա չկար՝ եկեղեցին արգելում էր, հիմա ի՞նչ թատրոն, կա հեռուստացույց և համակարգիչ, տանդ կարող ես, երբ ուզես, դիտել Շեքսպիր կամ սերիալ, լսել Բեթհովեն կամ Թաթա: Այս մեր մշակույթը շատ, շատ տարբեր է հնից: Լեզվականը շատ հին է՝ հայերենը, նույնիսկ մեր ազգայնականների չսիրած ռուս և արևմտյան գիտնականների կարծիքով, մեր լեռնաշխարհում խոսվում է արդեն ավելի քան երեք հազար տարի: Բայց փոխվել է անճանաչելիորեն, ձևավորվել են նոր, նույնիսկ փոխադարձաբար անհասկանալի բարբառներ:

Ընդհանրապես, մշակութային փոփոխականությունը ժողովրդի զարգացման ցուցիչն է: Ուրիշ մշակույթների հետ շփումներ չունեցող ցեղերը պահպանել են իրենց մշակութային կերպարը հազարավոր տարիներ: Այդպես են եղել աշխարհից կտրված Ավստրալիայի բնիկները: Նրանց նույնիսկ չէր հասել նետ ու աղեղի գյուտը: Ապրում էին ինչպես մի քանի տասնյակ հազար տարի առաջ:

Որ մենք անցյալում շատ օրինապաշտ ու բարոյական ենք եղել, լավագույնս արտահայտվում է, օրինակ, «Հայկական Արատտայի» տեսության մեջ, որտեղ մեր երկիրը, համարյա հինգ հազար տարի առաջ, բացահայտվում է որպես «սուրբ օրենքների երկիր»: Հետո էլ եղել ենք «բարեպաշտ աշխարհակալներ», միայն վերջում, հատկապես՝ վերջին հազար տարվա բարբարոս նվաճողները մեզ փոխեցին, վատացրին: Եթե մենք պրիմորդիալ ժողովուրդ ենք, և դարերն ու հազարամյակներն անզոր են մեր դեմ, ինչպես բուրգերի դեմ, ուրեմն… Ի սկզբանե եղել ենք սուրբ օրենքների երկիր, բարի տիրակալներ՝ մշակույթի ու քաղաքակրթության տարածողներ, սրան գումարած՝ աղջիկների «սրբազան վարքի» երկիր: Այդ տրամաբանությամբ, հիմա, որպեսզի հասնենք մեր նախնիներին և կատարենք մեր պրիմոդիալիստական պարտքը՝ պետք է օրենքով սրբագործենք այդ վարքը: Առաջ, օրենսդիրներ:

Բայց դա մենք չենք անի: Դա անում է առաջավոր Արևմուտքը: Այնտեղ, Մայր դիցուհի Անահիտի սրբազան, հին, կործանված տաճարների փոխարեն, վեր են խոյանում Զիգմունդ Ֆրոյդի հիմնած աննյութական տաճարները՝ նվիրված «հիմնական բնազդին», լիբիդոյին, սուբլիմացիային և նման այլևայլ հասկացություններին (կինո, թատրոն, գրականություն, կերպարվեստ և այլն): Ես կարող եմ ասել, որ Ամերիկան շատ կրոնական երկիր է: Վերին աստիճանի արխայիկ: Նման չէ Եվրոպայի շատ ավելի քաղաքակիրթ երկրներին: Ընդ որում, այդ կրոնամտությունը յուրահատուկ է՝ լինելով անվանապես քրիստոնեական, այն իրականում անհամասեռ կերպարներով բազմաստվածության մի զարմանալի նմուշ է: Այդ աստվածությունների ուժին, իշխանությանը հավատում ու նվիրված են ամբողջ հոգով, երազում են նրանց մասին, հանապազոր աշխատում նրանց մերձենալու համար, նրանց սիրում են ու պաշտում: Այդ աստվածություններն են՝ 1) Փողը, 2) Սեքսը, 3) Քրիստոսը: Եռաստվածությունը լրացվում է ավելի պետականամետ չորրորդով՝ դա ամերիկյան դեմոկրատիան է, ամենադեմոկրատականն աշխարհի դեմոկրատիաների մեջ:

Այսպիսով, «սրբազան վարքի» երանելի վերադարձը, կարելի է ասել, որ իրականացվում է: Ինչպես մեզանում գերագույն աստված Արամազդին հաջորդում էր մայր աստվածուհի Անահիտը, այնտեղ էլ գերագույն աստված Փողից հետո գալիս է Սեքսը: Նա, ինչպես և մայր դիցունին, ավելի մատչելի է, մարդկային, բոլորին կարող է ապահովել իր սիրով ու գուրգուրանքով: Գերագույնը շատ բարձր է, խիստ, մտերիմ միայն փոքրաքանակ ընտրյալների հետ, իսկ մնացածներին՝ հեռվից, փոքր բաժիններով կամ չափավոր: Եվ մենք, ինչպես տեսնում եք, հետևում ենք նրանց, ինչպես մասամբ ԱՄՆ-ի ազդեցությամբ, մասամբ անկախաբար անում է ողջ աշխարհը: Դրանից, հավատացնում եմ, որ խուսափել չի լինի, իսկ ավանդական ադաթային պահպանողականները կարող են պայքարել՝ ընդհուպ «մինչև վերջ»՝ պայքարի մեջ է երջանկությունն ըստ Մարքսի:

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Կարծում եմ` հեղինակն իր հոդվածների դաստիարակչական պաթոսով գերազանցեց Արամ Աբրահամյանին: Երկու դիտարկում: Պետք չի այդքան գերագնահատել Իսլամի ազդեցությունը ու նսեմացնել քրիստոնեության խոր հետքը հայ մշակույթում: Նաև ձեր բոլոր հոդվածներում քրիստոնեության մեջ դուք միայն ներառում եք տգիտությունը, ստրկամտությունն ու հուսալքվածությունը, ինչը, ըստ ձեզ, իր բացասական հետքն է թողել մեր կյանքում: Բայց հավատացեք, քրիստոնեության հետ այդ ամենը առնչություն չունի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031