Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոգյուղերի ցանցում զարգացվում է էկոտուրիզմը

Դեկտեմբեր 08,2014 13:50

«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն գյուղական համայնքներում իրականացնում է «ԷկոԽնձրիստան էկոգյուղերի ցանցի էկոտուրիզմի զարգացում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 24-27-ը կազմակերպվել են դասընթացներ Արցախի նշված գյուղերում: Թեմաները չորսն էին` էկոտուրիզմ, տարածքի կենսաբազմազանության առանձնահատկություններ, վայրի հավաք և օրգանիկ սնունդ, արտադրանքի փաթեթավորում, բրենդավորում և իրացման կազմակերպում: Յուրաքանչյուր գյուղում կազմվել են նաև այս կամ այն թեմայով հետաքրքրված խմբեր, որոնք շարունակական աշխատանք կունենան համապատասխան մասնագետների հետ:

Ծրագրի համակարգող Վարդան Մամիկոնյանը նշում է, որ Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքներ այցելությունների ընթացքում իրականացվել է բուսական և կենդանական ռեսուրսների գնահատում, տեսակային կազմի որոշում և այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում տեղանքի բնական ռեսուրսների վերաբերյալ: Կատարվել է գյուղերի պատմամշակութային հուշարձանների մասին տեղեկատվության հավաքագրում: Նախագծվել են էկոերթուղիներ GPS կոորդինատների գրանցման միջոցով։ Մշակվեն են երկլեզու (հայերեն, անգլերեն) տեղեկատվական, ուղեկցող և այլ ցուցանակները, որոնք պետք է տեղադրվեն երթուղիների համապատասխան վայրերում։

Յուրաքանչյուր գյուղում կստեղծվի ստենդ, որտեղ ներկայացված կլինի ամբողջական տեղեկատվությունը գյուղում առկա զբոսաշրջային ծառայությունների մասին: Պատրաստվում է նաև առևտրի կետ, որտեղ գյուղացիները կկարողանան վաճառել գյուղմթերք։

Վարդան Մամիկոնյանը նշում է, որ այս տարվա ամռանը մի շարք ՀԿ-ներ նախաձեռնել են Արցախում էկոգյուղի մոդելի ներդրման գաղափարը և հիմնել «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնությունը։ Էկոգյուղերի հիմնական և կարևորագույն խնդիրներից է կենսաբազմազանության պահպանությունը և տեղի բնակչության համար «կանաչ» ապրելակերպը եկամտի աղբյուր դարձնելը: Էկոտուրիզմի զարգացումն այդ նպատակին հասնելու ամենաարդյունավետ միջոցներից է:

Ծրագրի համակարգողը նկատում է, որ ԼՂՀ Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքների տարածքը բարենպաստ է էկոտուրիզմի զարգացման համար: Նախնական գնահատումը ցույց է տվել անտառային գոտու հարուստ կենսաբազմազանության՝ բուսական և կենդանական տեսակային կազմի առկայությունը, որը համադրված է պատմամշակութային ժառանգության բազմաթիվ վայրերի և կոթողների հետ: Օրինակ՝ Պատարա գյուղը հայտնի է 200-ից ավելի հաշվառված հուշարձաններով։ Հայկական լեռնաշխարհի տարածքում հուշարձանների խտությամբ երրորդ բնակավայրն է։ Աստղաշենում են գտնվում միլիոնավոր տարիների ընթացքում պահպանված բրածո ծովաշուշանները, որոնք աստղերի ձևով երևան են գալիս հողի մակերեսին: Հարակից Ծաղկաշատ գյուղում է գտնվում նաև Նիկոլ Դումանի տուն-թանգարանը: Խնձրիստան գյուղից հնարավոր է արշավներ կազմակերպել դեպի Կաչաղակաբերդ:

Գյուղերի հիմնական խնդիրներից է աշխատատեղերի բացակայությունը և հատկապես երիտասարդության զբաղվածության հարցը: Զբոսաշրջության խթանումը համայնքներում կարող է հանդիսանալ նոր եկամուտների և ապրուստի միջոցների աղբյուր: Զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ տեղի բնակչությունը հնարավորություն կունենան աշխատել, որպես ուղեկցորդներ, վարձակալության տալ ձիեր արշավների համար, վաճառել իրենց գյուղական սնունդը, որպես հյուրատուն օգտագործել իրենց տները և այլն:

Նշենք, որ «ԷկոԽնձրիստան էկոգյուղերի ցանցի էկոտուրիզմի զարգացում» ծրագիրը կյանքի է կոչվում ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031