Լրահոս
Օրվա լրահոսը

Պերճուհի Կաժոյան. «ԱԺ պատգամավորները ընտանեկան բռնության հարցին այդքան կարեւորություն չեն տալիս»

Դեկտեմբեր 08,2014 13:41

«Խնդիրները բազմաթիվ են, բայց Կոալիցիան ընտանեկան եւ գենդերային բռնության դեմ պայքար է սկսել»,- այսօր՝ դեկտեմբերի 8-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչ Պերճուհի Կաժոյանը:

Նա նշեց, որ Կոալիցիան գենդերային բռնության դեմ 16-օրյակի ընթացքում տարբեր միջոցառումներ է կազմակերպել՝ երթ, կինոդիտումներ, բեմականացումներ, հանրային ակցիաներ: Պերճուհի Կաժոյանի խոսքերով՝ ձայն բարձրացնելն ամենաառաջին քայլը պետք է լինի:

Նա հավելեց, որ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մերժումից հետո Կոալիցիան մշակել է օրենքի նոր նախագիծը եւ փորձում է այն անցկացնել. «Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած ակցիան նվիրված էր դրան. Կոալիցիան Ազգային ժողովի 131 պատգամավորների համար տարավ օրենքի նախագծի փաթեթը՝ անհատական ծրարներով: Շարժ նկատվում է. այսօր հենց կայանում է Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի հետ հանդիպում, որտեղ կքննարկվի «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մանրամասները, ճակատագիրը»:

Պերճուհի Կաժոյանը «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքի նախագծի մերժումը պայմանավորում է քաղաքական գործիչների մոտ քաղաքական կամքի պակասով. «Մենք նկատել ենք, որ Ազգային ժողովի պատգամավորներն այս հարցին այդքան կարեւորություն չեն տալիս, դա թե՛ իրազեկման ցածր մակարդակից է գալիս, թե՛ քաղաքական կամքի պակասից: Բազում անգամ Կոալիցիան, միջազգային կազմակերպությունները եւ դեսպանատները շեշտել են օրենքի կարեւորությունը, որովհետեւ եթե օրենքն անցնի, կանխարգելիչ դեր կունենա: Օրենքի կանխարգելումից բացի, կստեղծվեն մեխանիզմներ: Այսօր ոստիկանությունը, նախարարությունները, սոցիալական աշխատողները փորձում են ինչ-որ մի բան անել ընտանեկան բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելու համար, բայց, ցավոք սրտի, երբ որ չկա համատարած մեխանիզմ, որից կարող են օգտվել պետական մարմինները, այդ գործը թերի է կատարվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031