«Ժառանգության» հավաքների սակավամարդ լինելու պատճառները տարբեր կարող են լինել՝ սկսած եղանակային պայմաններից, վերջացրած նյութական ռեսուրսի բացակայությունով»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հարցին, թե ինչու էին «Ժառանգության» իրականացրած հանրային քննարկումները սակավամարդ, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև հավելեց, թե «Ժառանգության» պարագայում դա ամենամեծ խնդիրը չէր, քանի որ «2005-ից, երբ «Ժառանգությունն» առանձին հանրահավաքներ էր անցկացնում, երբևէ մեզ մոտ մարդաշատություն չի եղել, բայց դա չի խանգարել, որ ընտրություններում բավականաչափ ձայներ հավաքենք»:
Պարոն Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ին երթ է նախատեսված:
Aravot.am-ի հարցին՝ այս միջոցառումները եռյակից պոկվելու փորձե՞ր են, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցի պատասխանը տվել է, նման նպատակ դրված չէ: Ուղղակի մեզ միասնական օրակարգ է պետք, չեմ կարծում, որ մեր գործողությունները պառակտիչ մոտեցում են, այլ հակառակը՝ ժողովրդի որոշակիորեն մոբիլիզացիոն գործընթացներ»:
Արմեն Մարտիրոսյանը ընդունեց, որ եռյակը չունի միասնական օրակարգ, և հույս հայտնեց, որ «մոտ ժամանակներս կունենանք այդ միասնական դիրքորոշումը»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, համամի՞տ է ՀՀԿ-ական գործընկերների այն կարծիքին, թե «Ժառանգությունն» իր շանսը կորցրել է, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց. «Երկրի խնդիրը ոչ այնքան «Ժառանգության»՝ շանսերը կորցնելու խնդիրն է, այլ իշխանության և մեծամասնության մեջ է, քանի որ «Ժառանգությունն» իր շանսը կգտնի, կկորցնի՝ նորից կգտնի, դրանով ըստ էության ոչ ՀՀ-ն ճոճանակային դիվանագիտություն է իրականացնում, ոչ բյուջե է թալանում, ոչ ատկատներ անում, ոչ կոռուպցիա զարգացնում: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ ՀՀԿ-ի մեր գործընկերները մտածեն ավելի հիմնարար քայլեր կատարելու մասին, քան շատ մտահոգվեին «Ժառանգության» ապագայի վերաբերյալ, որն այնքան էլ վատ չի լինի, եթե քիչ ընտրությունները կեղծեն, վարչական ռեսուրսը քիչ օգտագործեն կուսակցության դեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ