«Մենք տեսանք, որ ՀՀ-ն չունի նպատակաուղղված արտաքին քաղաքականություն»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ գնահատական կտա ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի վավերացմանը նվիրված ԱԺ քվեարկության պատկերին, «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ սա խոսում է այն մասին, որ «ունենք իշխանությունը պահպանելուն ուղղված ճոճանակային դիվանագիտություն, որը ՀՀ-ին անընդհատ հարվածներ է հասցնում»:
Բուն քվեարկության մասին պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ընդհանրապես ԱԺ-ում միանշանակ կողմ քվեարկողներից բացի, մնացած բոլոր դեպքերում, երբ ձեռնպահ են քվեարկում, կամ դեմ, կամ բոյկոտում են, դա արդեն որոշակի բացասական վերաբերմունք է տվյալ հարցի նկատմամբ»:
Պարոն Մարտիրոսյանը կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սպասվող խնդիրներն ակնհայտ են. «Դրանք այսօր արդեն տեսանելի են, չնայած Սերժ Սարգսյանն ասում է, թե այս գնաճը, դոլար-դրամ տատանումները Եվրասիականի հետ կապ չունեն, բայց շատ ավելի պրոֆեսիոնալ մարդիկ կան, որոնք հակառակն ապացուցող ուսումնասիրություններ են կատարել»: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ «մենք ունեինք ասոցացման շատ ավելի շահավետ պայմանագիր», ինչը չստորագրեցինք:
Արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ՀՀ քաղաքացիները ստիպված են արտագաղթել: Անվտանգության փաստարկներին ի պատասխան՝ պարոն Մարտիրոսյանը նշեց. «Եթե Մաքսային միության երկրները պահանջեն, որ Ղարաբաղի և Հայաստանի սահմանին մաքսակետ դրվի, ՀՀ-ում դրան առարկել ոչ ոք չի կարող»:
Կարդացեք նաև
Կապված այն փաստարկներին, թե մուտք ենք գործում հսկայական շուկա, պարոն Մարտիրոսյանը նկատեց, թե եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պայմանագիր էր ստորագրվելու ազատ առևտրի մասին, ապա այդ դեպքում ՀՀ-ն մուտք էր գործելու Մաքսային միության շուկայից տասնութ անգամ ավելի մեծ շուկա»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ՌԴ-ի կողմից ՀՀ իշխանություններին ուղղված շանտաժը Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու հարցում էր, բայց ԵՏՄ–ին միանալու խնդիր չեն դրել. ՀՀ իշխանություններն այդ քայլին են գնացել սեփական իշխանությունը պահելու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ