Այսօր «Աշխարհն առանց ցեղասպանությունների» ցեղասպանության իրավական հարցերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ Ուրուգվայի հանրապետության փոխնախագահ, Ուրուգվայի սենատ Դանիլո Աստորին ասաց. «Մենք պայքարում ենք, որ հիշողությունը վառ մնա, երբեւէ այլեւս չկրկնվի այն պատուհասը, որը բաժին հասավ հայ ժողովրդին: Առանց հիշողության կյանք չկա, առանց հիշողության չկա անցյալ, բայց նաեւ առանց հիշողության չկա նաեւ ապագա: Շատ շնորհակալ եմ ինձ ընձեռնված այս հնարավորություն համար»:
Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի խոսքերով՝ «Չկա մի երկիր, որտեղ չլինեն հայեր, հրեաներ: Մենք բոլորս ուզում ենք, որ ամբողջ աշխարհում լինի խաղաղություն, որ միասնական ուժերով հանդես գանք: Աշխարհը փոքր է: Ցեղասպանության խնդիրը, որ կա այսօր, մեզ՝ հայերս համար անվտանգության խնդիր է»:
Արա Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Դանիլո Աստորիին. «Ճիշտ ասաց, որ առանց հիշողության, չկա անցյալ: Մեզ համար ցեղասպանությունը անցյալ չէ եւ չի կարող լինել: Այն պետք է ընդունվի, որ մենք կարողանանք մեզ անվտանգ զգալ: Այսօր, երբ Ծիծեռնակաբերդում ծաղիկ էինք դնում, ինձ հարցրեցին ո՞նց եք տեսնում, ասացի՝ կգա ժամանակ, որ թուրքերն են գալու Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկ դնելու: Հավատում ենք, որ դա լինելու է, կգա այդ օրը, որ ամբողջ աշխարհն ընդունի դա»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ԱԺ-ի անունից ողջունեց խորհրդարանական լսումները. «Մենք՝ հայերս, ՀՀ-ում ապրող բոլոր ազգությունները շատ լավ գիտակցում ենք, թե ինչ է ցեղասպանությունը: Պայքարում ենք, որ 2015-ին աշխարհի բոլոր անկյուններում մարդկային հասարակությունը գիտակցի, որ ցեղասպանությունները մարդկության դեմ ուղղված ոճիրներ են: Մերժումն էլ նույնքան հանցագործություն է: Դժբախտաբար, Թուրքիան այսօր իրականացնում է ժխտողական քաղաքականություն,նրանք չեն կարողանում հաշտվել իրենց պատմության հետ»:
Կարդացեք նաև
Ըստ Շարմազանովի, «Այո, գալու է այն ժամանակը, որ ոչ միայն թուրք մտավորականներն են գալու ծնկի իջնելու՝ որպես հիշատակի տուրք Հայոց ցեղասպանության զոհերին, այլ նրանց ղեկավարներն էլ կլինի ժամանակ, որ կգիտակցեն, որ իրենց նախորդները ցեղասպանել են ժողովուրդների՝ ոչ միայն հայերի,այլեւ հույների եւ ասորիների»:
Նա տեղեկացրեց, որ շուտով օրենսդրական նախաձեռնություն են պատրաստում դրա վերաբերյալ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ ասաց., որ թուրքը պետք է հասկանա, որ 20–րդ դարի գլխատված ազգը չենք, հզոր, ուժեղ, կազմակերպված մարդիկ ենք, որ հավատում ենք մեր ինքնությանն ու Հայ դատին. «Ցեղասպանության հետեւանքներն այսօր շարունակվում են: ՀՀ սահմանները փակ են, Թուրքիան տարեկան մեզ հասցնում է միլիարդավոր դոլարների վնաս, եթե այսօր խոսում ենք միջազգային իրավունքի տեսակետից, ժամանակն է, որ Թուրքիան այսօր պատասխան տա սահմանները փակելու եւ ՀՀ-ին տնտեսապես ճնշելու համար»:
Հրանուշ Հակոբյանն էլ է վստահ, որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. «Այսօր Թուրքիայում ինքնության ճգնաժամ է: Բոլորը պահանջում են ազգային փոքրամասնությունների իրավունքների ճանաչում»: Նա ասաց, որ բանը հասել է այնտեղ, որ մեջլիս փաստաթուղթ են ներկայացրել՝ պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանությունը, իսկ Կանաչների կուսակցությունն արդեն ճանաչում է:
Վերջում Հրանուշ Հակոբյանն իր ելույթն ամփոփեց Սեւակից մի հատված արտասանելով՝ «Ախ, ինչպե՞ս, ոնց մոռանալ արհավիրքն այն օրերի, աշխարհում ով մոռանա՝ ջուխտ աչքով թող քոռանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ