Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազգային եղեռնների դասերի մասին. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին

Դեկտեմբեր 08,2014 13:01

ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների  ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանի զեկուցումը։

Խորհրդարանական լսումներ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։

Հարգարժան պարոն Նախագահող,

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և Եվրոպական հրեական խորհրդարանի հարգելի անդամներ,

Տիկնայք և պարոնայք:

Թույլ տվեք իմ զեկուցումն սկսել մի հիշատակումով, որ վաղն այն օրն է, երբ 66 տարի առաջ` 1948 թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց ծագումով հրեա պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինի մշակած «Ցեղասպանության հանցագործության կանխման և նրա համար պատժման մասին կոնվենցիան»[1]: Դրա հետ մեկտեղ Հայաստանում դեկտեմբերի 9-ը օրենսդրորեն բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր  հայտարարելու վերաբերյալ առաջարկությունը դրված է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի օրակարգում, հենց այն հանձնաժողովի, որի հովանու ներքո անցկացվում են այսօրվա լսումները, որոնք շատ կարևոր են Համաշխարհային հայության և Համաշխարհային հրեության կայուն զարգացման շահերից բխող անվտանգային համագործակցության հեռանկարների իմաստավորման առումով:

Սակայն մենք ամենայն պատասխանատվությամբ պետք է փաստենք, որ այսօր` այս կարևոր օրվա նախօրյակին` Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության անմիջական մոտակայքում Իսլամական Պետության մոլեռանդ դահիճներն իրականացնում են քրիստոնյաների, հուդայականների, եզդիների և ահաբեկչական ջիհադի մեջ չներգրավված մահմեդականների ցեղասպանություն: Տվյալ ընդհանուր սպառնալիքին դիմակայելու խնդիրը արդյունավետ կերպով լուծելու համար կարևոր է իմաստավորել և վերաիմաստավորել այն դասերը, որոնք ժողովուրդները քաղել են պատմության նորագույն շրջանում մարդկայնության և մարդկության դեմ կատարված ցեղասպանական հանցագործություններից: Թեև տարբեր ժողովուրդների և կրոնական խմբերի զոհերի բացարձակ կամ համամասնական թվերը տարբեր են, սակայն դա որևէ կերպ չի նվազեցնում նրանցից յուրաքանչյուրի ճակատագրում այդ ողբերգության դերը:

Հայ և հրեա ժողովուրդները նման են այն բանով, որ ցեղասպանությանը պատասխանեցին իրենց հնագույն պետականության վերականգնմամբ և ժողովրդավարական ճանապարհով առաջխաղացմամբ: Այդ հիշարժան իրադարձությունները տեղի ունեցան անցյալ դարի երկու համաշխարհային պատերազմների արդյունքներով. Հայաստանի Հանրապետությունն ստեղծվեց 1918 թ. մայիսի 28-ին, Իսրայելի Պետությունը` 1948 թ. մայիսի 14-ին:

Ցեղասպանության չկրկնման երաշխիքներով Իսրայելի և Հայաստանի ապահովվածությանը միջազգային հանրության նպաստման նկատմամբ հրեա և հայ ժողովուրդների իրավունքի տրամաբանական և բարոյական հիմքերը միավորված են «Այլևս երբեˊք» սկզբունքով[2]: Այդ սկզբունքը Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության ազգային անվտանգության ռազմավարությունների անկյունաքարն է:

Հայ ժողովրդի համար «Այլևս երբեˊք» սկզբունքի արդիականությունը պայմանավորված է ԽՍՀՄ-ում Վերակառուցման շրջանում Ադրբեջանի հայության նկատմամբ նախաձեռնված ցեղասպանական գործողություններով, որոնցով Ադրբեջանը պատասխանեց ինքնորոշմանն ու Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալուն ուղղված Լեռնային Ղարաբաղի հայության խաղաղ քաղաքական ձեռնարկումներին, որոնք լիովին համապատասխանում էին այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը[3]: Խոսքը 1988 թ. Սումգաիթի ու Կիրովաբադի և 1990 թ. Բաքվի ջարդերի մասին է: Այդ  հանցագործությունները ուղեկցվում էին և մինչ օրս էլ ուղեկցվում են ադրբեջանցիների նկատմամբ հայերի կողմից իբր կատարված ցեղասպանական գործողություններով «հավասարակշռելու» փորձերով: Այսպես. Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահին վարկաբեկելու և իշխանությունը զավթելու նպատակով Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից 1992 թ. Խոջալուում իրենց համաքաղաքացիների նկատմամբ ձեռնարկված սպանդը վերագրվում է հայերին, որոնք իրականում հակառակորդի կրակային դիրքերը ճնշելու ժամանակ Խոջալուի բնակիչների համար թողել էին մարդասիրական միջանցք[4]:

Վերջերս Բաքվի ԶԼՄ-ներում շրջանառում էր տեղեկույթ այն մասին, որ Ադրբեջանի հյուսիսում գտնվող Ղուբա քաղաքում զանգվածային թաղման տարածքում կանգնեցվել է հուշահամալիր` նվիրված անցյալ դարի սկզբին իբր հայերի կողմից լեռնական հրեաների նկատմամբ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին[5]: Այս փաստը դարձավ քաղաքական ձեռնածությունների առարկա` հրեաների շրջանում հակահայկական տրամադրություններ սերմանելու նպատակով[6]: Սակայն, ինչպես վկայում են թուրքական աղբյուրներից քաղված պատմական փաստերը, որոնք հրապարակել է հայկական կողմը, իրականում խոսքը վերաբերում էր այն հայերի զանգվածային թաղումներին, որոնց 1918 թ. Անդրովկաս կատարած ներխուժման ժամանակ սրի էր քաշել Նուրի փաշայի թուրքական Իսլամական բանակը: Դրա հետ մեկտեղ, համաձայն Ռուսաստանի Կենտրոնական պետական պատմական արխիվում պահվող փաստաթղթերի, Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի և հրեաների հարաբերությունները եղել են բացառապես բարեկամական[7]: Հրեա և հայ ժողովուրդների միջև բախում առաջացնելու նպատակով Ղուբայի նենգափոխված պատմական իրադարձություններն օգտագործելու փորձերը կասեցվեցին Հայկական և Հրեական Սփյուռքների գիտնականների և ազդեցիկ կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի և Իսրայելի փորձագետների արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Հրեա ժողովրդի համար Ողջակիզման չկրկնման երաշխավորման կարևորությունը պայմանավորված է Հրեա ժողովրդի նկատմամբ ձեռնարկվող անդադար մահացու հարձակումներով, որոնք տեղի են ունենում Իսրայելի Պետության հիմնադրման օրվանից, իսկ ներկայիս փուլում զուգակցվում են նաև ծայրահեղ մահմեդականության գործի դրված ահաբեկչությամբ: Մերձավոր Արևելքում ցեղասպանությունների կրկնման սպառնալիքի կապակցությամբ հայության և հրեության անվտանգային շահերի անմիջական խաչումը վերջերս իր արտացոլումն ստացավ 1915 թ. Մեծ Եղեռնի հայ զոհերի հիշատակին Սիրիայի Դեր-Զոր անապատում կանգնեցված՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տաճարական համալիրի ոչնչացմամբ, որը ձեռնարկել էին Իսլամական պետություն բարբարոսները[8]:

Ինչպես հայտնի է, լուրջ պրոբլեմ է այն, որ ցեղասպանությունը, որը մարդկության և մարդկայնության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է, ճանաչում է պահանջում ինչպես այն պետություններից որոնց նախկին իշխանությունները ձեռնարկել էին այդ ցեղասպանությունը, այնպես էլ միջազգային հանրությունից: Ընդսմին, ցեղասպանության չճանաչումը, որպես կանոն, ունի քաղաքական աստառ: Որպես նախադեպ պետք է դիտել Ողջակիզման ճանաչումը ԳԴՀ իշխանությունների կողմից, որոնք սկզբունքորեն իրենց տարանջատեցին նախկին ֆաշիստական Գերմանիայի ցեղասպանական իշխանություններից: Հայտնի է, որ այդ հիմքերի վրա, Կոնրադ Ադենաուերի կառավարությունը Իսրայելի կառավարության և Գերմանիայի նկատմամբ նյութական պահանջատիրության հարցերով համաժողովի հետ ստորագրեց մի համաձայնագիր, որով պարտավորվեց տուժած կողմին վճարել փոխհատուցում: Ժամանակակից Թուրքիայի իշխանություններից ակնկալվում է ազգությամբ հայ իրենց 1.5 մլն քաղաքացիների նկատմամբ կատարված ցեղասպանության կապակցությամբ տարանջատում Սուլթան Աբդուլ Համիդի և երիտթուրքերի ցեղասպանական վարչակարգերից` վնասի համար փոխհատուցման համաչափ պատասխանատվության ստանձմամբ:

Ինչպես համարում են որոշ իսրայելցի փորձագետներ, ժամանակին Իսրայելը հաշվի առնելով արաբա-իսրայելական հակամարտության դինամիկան և ձգտելով արաբական պետություններին այլընտրանքային աշխարհիկ Թուրքիայի հետ կառուցելու և պահպանելու գործընկերային հարաբերություններ, ստիպված եղավ հրաժարվել հայերի ցեղասպանության ճանաչումից, որպեսզի չգրգռի Անկարային: Տվյալ քաղաքական որոշման հրապարակային փաստարկումը ներկայացվեց Ողջակիզման` որպես մարդկության պատմության մեջ որևէ ցեղասպանության հետ անզուգորդելի երևույթի եզակիության պաշտպանության ձևով:

Սակայն, թուրքական իշխանությունների` «նոր օսմանականության» ուսմունքի վրա խարսխվող գերակայությունների փոփոխման, և դրանից բխող` Մերձավոր Արևելքում և մահմեդական աշխարհում Թուրքիայի նոր աշխարհառազմավարության բերումով ի հայտ եկավ համաշխարհային Հրեության հեղինակավոր ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միտումը: Թույլ տվեք ներկայացնել Ողջակիզման առաջատար հետազոտողների որոշ գնահատականներ:

ՊՐՈՖԵՍՈՐ ԻՍՐԱՅԵԼ ՉԱՌՆԻ,

Երուսաղեմի Ողջակիզման և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, «Ցեղասպանության հանրագիտարանի» գլխավոր խմբագիր

«Հայերի ցեղասպանությունը հատկանշական է բազմաթիվ առումներով, այդ թվում նաև այն պատճառով, որ արյունալի 20-րդ դարում այն եղել է զանգվածային ցեղասպանության ավելի վաղ օրինակ, որը շատերը համարում են Ողջակիզման «նախափորձ»»[9]:

ՍՈԼ ԳԻՏԼՄԵՆ,

Թաֆտսի համալսարանի (ԱՄՆ) պրոռեկտոր և Հուդայականության հետազոտությունների ամբիոնի ղեկավար

«Անարգանքի և ապամարդկայնացման արշավը, որը նախորդեց 1895-1896 թթ., և կրկին 1915 թ. հարյուր հազարավոր հայերի բնաջնջմանը, իր խարդավանքով և նախապատրաստմամբ նույնքան մանրակրկիտ կերպով էր պլանավորված, որքան և Գեբելսի ձեռնարկած նախապատրաստումը: Հայերը բաշխված էին ըստ թվակազմերի` համապատասխան կարծրատիպի: Այդ պատճառով նրանց չէին համարում մարդ, և տղամարդկանց, կանանց ու երեխաների սպանությունը չէր դիտվում որպես դաժանություն, այլ համարվում էր հերոսականության դրսևորում, որն անհրաժեշտ էր երկիրը ախտից ազատելու համար»[10]:

ԼՅՈՒՍԻ ԴԱՎԻԴՈՎԻՑ,

Ողջակիզման հարցերով մասնագետ, Հարվարդ (ԱՄՆ)

«Թուրքերի կողմից հայերի կոտորածը… իր մասշտաբով և սարսափազդությամբ առավելագույնս մոտ է եվրոպական հրեաների սպանությանը… Ժամանակին  անիմաստ  համարվող  «Հայկական հարցի լուծումը», որը ժամանակին թվում էր անհնարին, մեր ժամանակներում դարձավ հասանելի «վերջնական լուծում», որը մտահղացել են նացիստները որպես եվրոպական հրեաների բնաջնջման կոդային անվանում»[11]:

Սակայն Իսրայելում Հայերի ցեղասպանությունը ճանաչելու կոչ են անում ոչ միայն Ողջակիզման հարցերով առաջատար փորձագետները: Երկար տարիներ Կնեսետի պատգամավորներ Զահավա Գալ-Oնը, Արիյե Էլդադը, Զեև Էլկինը, Յուրի Շտեռնը, Յոսի Սարիդը, Յաիր Ցաբանը, Ալեքսանդր Ցինկերը, Հաիմ Օրոնը և ուրիշներ իսրայելական խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ էին մտցնում պատմության այդ ողբերգական փաստի պաշտոնական ճանաչման վերաբերյալ առաջարկություններ: Հայերի Ցեղասպանության փաստի ճանաչումը Իսրայելական Կնեսետի պարտականություն էր համարում նաև նրա Խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, որն այսօր զբաղեցնում է Իսրայելի նախագահի աթոռը[12]:

Հայոց Ցեղասպանության ճանաչմանը բացառիկ կարևոր աջակցություն ցուցաբերեց Իսրայելի Գլխավոր ռաբբի Իոնա Մեցգերը, որը 2005թ. այցելեց Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում[13]:

Մենք ուրախ ենք Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ողջունելու Եվրոպայի հրեաների խորհրդարանի անդամներին: Թուˊյլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր այսօրվա համատեղ քննարկումը առաջ կմղի Համաշխարհային Հայության և Համաշխարհային Հրեության միջև կառուցողական համագործակցության իմաստավորումը և կենսագործումը ի շահ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի պետության, ինչպես նաև Հայոց և Հրեական Սփյուռքների անվտանգության ու կայուն զարգացման:

Ամփոփելով խոսքս` իմ անձնական պարտքն եմ համարում նշելու, որ նպատակահարմար է թվում Օսմանյան կայսրությունում Մեծ եղեռնի 100 ամյակի միջոցառումներում մասնակցության համար 2015թ. ապրիլին Երևան հրավիրել Նորին Գերազանցություն Իսրայելի Նախագահ, մեծարգո պարոն Ռեուվեն Ռիվլինին: Համոզված եմ, որ այդ այցելությունը, արտացոլելով Իսրայելի Պետության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունների շահերը, կարող է աշխարհի բոլոր պետությունների ու ժողովուրդների համար դառնալ մարդկայնության և մարդկության դեմ կատարված հանցագործությունների զոհերի հիշատակի նկատմամբ բարոյական պարտքի ի կատար ածման վսեմ արարք:

[1] Տես Конвенция о предупреждении преступления геноцида и наказании за него. Принята резолюцией 260 (III) Генеральной Ассамблеи ООН от 9 декабря 1948 года (https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/genocide.shtml),

Հ.Վ. Հակոբյան. Հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում 1988-1990 թվականներին միջազգային իրավունքի տեսակետից: ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես: Երևան 1997:

[2] Տես Гайк Котанджян. “Никогда опять” – императив гарантирования безопасности еврейского и армянского народов. International expert Center for Electoral Systems. 31 мая 2011 (https://www.elections-ices.org/russian/publications/textid:10805/).
[3]  Տես Hayk Kotanjian: Minister of Foreign Affairs of the Nagorno-Karabakh Government In-Exile Speaks of the Twenty-Fifth Anniversary of the Karabakh National-Liberation Movement, International Center for Electoral Systems, Israel, (https://www.elections-ices.org/files/publications/298.pdf).
[4] Մանրամասն տես В. А. Пономарев. Трагические события, которые можно было предотвратить. Военно-научный журнал ИНСИ МО РА “Армянская армия”, 2012, N 3.
[5] Տես “Французские евреи испытали ужас от массового захоронения в Губе”. 27 октября 2012 АзерТАдж: – (https://news.day.az/politics/363021.html).
[6] Տես Гайк Котанджян. Политологи против политики ксенофобии главы Азербайджанского государства. 01.11.2012 (https://www.elections-ices.org/files/publications/16038.pdf).
[7] Տես “Почему и как Российские евреи принимали христианство по армянскому обряду (1910-1915 гг.)”. Документы и материалы Центрального Государственного Исторического Архива России. Подборка. Составитель и автор введения академик НАН РА Вардгес Микаелян, Ереван, “Наири” 1999.
[8] Տես “IS said to destroy Armenian Genocide memorial: Complex in Deir ez-Zor was often compared to the Auschwitz death camp in Poland”. September 22, 2014, The Times of Israel (https://www.timesofisrael.com/is-reportedly-destroys-armenian-genocide-memorial/#ixzz3L1iCdUis).
[9] Տես Charny Israel. Ed., Introduction to «The Widening Circle of Genocide» –  «Genocide: A Critical Bibliographic review». Vol. New Branswick, N.J.: Transaction, 1994. P. XIX; «The Ottoman Empire: A Troubled Legacy». Views, Comments and Judgements by Noted Experts Worldwide. Compiled by Vahakn N. Dadrian for the Association of Genocide Scholars. Williamsburg (USA), 1997. P. 69.
[10] Տես Sol Gittleman, The Stereotype as a Prelude to Genocide in «Genocide and Human Rights» (A special issue of the «Journal of American Studies», IV, 1 & 2, 1992. P. 5); «The Ottoman Empire: A Troubled Legacy». Views, Comments and Judgements by Noted Experts Worldwide. Compiled by Vahakn N. Dadrian for the Association of Genocide Scholars. Williamsburg (USA), 1997. P. 75.
[11] Տես Dawidowicz Lucy. The Holocaust and the Historians. Cambridge, MA: Harvard University Press, 1981. P. 20.
[12] Տես “Knesset Speaker working to boost recognition of Armenian genocide”. May 31, 2011, Haaretz (https://www.haaretz.com/print-edition/news/knesset-speaker-working-to-boost-recognition-of-armenian-genocide-1.365034)
[13] Տես “Israeli chief rabbi says killing of Armenians in 1915 was genocide”. November 23, 2005, World Jewish Congress” (https://www.worldjewishcongress.org/en/news/5737/israeli_chief_rabbi_says_killing_of_armenians_in_1915_was_genocide)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031