Այս պահին «Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներ «Նաիրիտը երկրի տնտեսության զարգացման երաշխիքն է» ցուցապաստառներով շարժվում են դեպի կառավարության շենք:
Նախքան կորոշեին կառավարություն գնալ, աշխատակիցները «Նաիրիտի» դիմաց երկար վիճեցին տարաձայնությունների շուրջ: Արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը աշխատակիցներին բացատրում էր, որ ամեն օր բողոքի ակցիա անելը արդյունավետ չէ: Նա առաջարկում էր բողոքի ակցիա անցկացնել վաղը չէ մյուս օրը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց եւ հստակ ձեւակերպել իրենց պահանջները: Աշխատակիցները չհամաձայնեցին եւ ասացին՝ «Չենք եկել այստեղ ձեր խրատները լսենք ու տուն գնանք»: Բոլորը միաձայն պնդեցին, որ պետք է նստացույց, գործադուլ եւ պայքարի այլ կտրուկ միջոցների դիմել:
Չնայած Հրաչ Թադեւոսյանը առաջարկեց բարձրանալ «Նաիրիտ», հանդիպել տնօրենների խորհրդի անդամներին ու ներկայացնել իրենց պահանջները, բայց աշխատակիցները մերժեցին նաեւ այդ առաջարկը՝ պահանջելով տնօրեններին իջնել ներքեւ:
Կարդացեք նաև
Աշխատակիցների պահանջները լսելու իջավ տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը: Նա առաջարկեց ներս մտնել եւ նորմալ պայմաններում զրուցել, խոստացավ նրանց ներկայությամբ հրավիրել տնօրենների խորհրդի նիստ ու քննարկել բարձրացրած հարցերը, բայց աշխատակիցները չհամաձայնեցին: Նրանց մի մասը նույնիսկ հեգնեց՝ «իսկ ներսում՝ դահլիճում փող կա՞, պարոն Սաղաթելյան» եւ լսելով բացասական պատասխան, շարունակեցին՝ «բա գալիս ենք ի՞նչ անենք»: Ցույցի դուրս եկած աշխատակիցներից ոմանք էլ հենց Սաղաթելյանի երեսին ասացին, որ նա իրենց «աշխատավարձերը ուտողներից մեկն ա» եւ պահանջեցին հրավիրել նաեւ «մյուս ուտողներին»՝ Վահան Մելքոնյանին եւ Հովիկ Հախինյանին:
Աշխատակիցները պարոն Սաղաթելյանին հիշեցրին նախարար Զախարյանի խոստումները, որը խոստացել էր, թե մինչեւ տարեվերջ աշխատավարձերը կբաժանվեն ու ասացին՝ «մի սուտասան նախարար եւ տնօրենների խորհրդի սուտասան անդամներ»: Տնօրեն Սաղաթելյանն էլ հակառակն էր պնդում, թե նախարարը նման խոստում չի տվել, այլ հիմնավորել է, թե ինչու աշխատավարձերը այս ժամանակահատվածում չեն կարող տրամադրել:
Աշխատակիցները մեջքները տնօրենին ուղղելով շարժվեցին դեպի կառավարության շենք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ