Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Գտնվում ենք քաղաքական ֆիկտիվ միությունում, որի օգուտները չեմ տեսնում»

Դեկտեմբեր 08,2014 11:42

«Ինձ մտահոգում է այն փաստը, որ 1500 էջանոց փաստաթղթի վրա այդքան կարճ ժամանակ քննարկում է կազմակերպվել»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի ԱԺ-ում վավերացման փաստին, այսպիսի կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա նկատեց, թե փոխարենը պետք էր վավերացման նախորդող ամիսը լիներ դեբատների և կարծիքների հրապարակման ու քննարկման ամիս:

Եզրափակելով՝ տիկին Սեդրակյանը նշեց, թե «մենք գտնվում ենք քաղաքական ֆիկտիվ միությունում, որի օգուտները ես չեմ տեսնում»:

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը հակադարձեց. «Չի կարելի ցանկացած բան բացարձակացնել: Քսանհինգ տարի առաջ, երբ ուսանող էի, այն ժամանակ ավելի բոցաշունչ ելույթներ էինք լսում, թե մեզ ընդամենը պետք է ազատություն, թե արևմուտքը մեզ կտա ամեն ինչ և կարթնանանք, մեր գլխին երկնային մանանա կթափվի: Մեզ այնքան իմաստնություն չի տրվել, որ մենք մեր տնտեսական կապերը չխզեինք»:

Որպես հակափաստարկ՝ պարոն Դավթյանը նշեց, թե արևմուտքի շուկայի մուտքը որևէ մեկին արտոնված չէ, մանավանդ այնպիսի աղքատ բարեկամի կարգավիճակ ունեցողի, ինչպիսին Հայաստանն է:

ՀՀԿ-ական պատգամավորը օրինակ բերեց, թե ասենք Ռումինիային, Բուլղարիային և մյուս երկրներին ի՞նչ է տվել Եվրամիությունը, «որևէ լավ բան չեն ստացել Եվրամիությանը անդամակցելիս»:

Արձագանքելով կարծիքին, թե ինչու նախապես քննարկումներ չեն կազմակերպվել, պարոն Դավթյանը նկատեց. «ՀՀ-ն չի փայլում տնտեսագիտական մտքով, քննարկում քննարկումների համար արվեր, դա ոչինչ չէր տա»:

Անուշ Սեդրակյանը, հակադարձելով այն կարծիքին, թե այնքան իմաստնություն չունեցանք, որ մեր կապերը պահպանեինք, ասաց. «Ի՞նչ կապեր պահպանեինք, երբ Խորհրդային միությունը փլուզվեց…հիմա ունենում ենք ազատություն և միևնույն ժամանակ անբարեկեցություն»:

Այնուհետև մտահոգություն հայտնեց, թե արևմուտքից եկած օգնությունը ինչու շորթվեց. «Եթե այդ օգնությունը չի բավարարել որոշ մարդկանց հարստացման բավարարմանը, ապա չի նշանակում, որ օգնություն չի եկել»:

Տիկին Սեդրակյանը հարցրեց, ռուսական 500 միլիոնանոց վարկը տեղ հասա՞վ, պարոն Դավթյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031