Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Աղքատությունն արժանիք չէ

Դեկտեմբեր 08,2014 15:32

Իսկ սեփական տառապանքներով պարծենալը հիմարություն է

«Հայաստանի բնակչության 40 տոկոսն աղքատ է»՝ հաճախ կրկնում են մեր քաղաքական գործիչները, որոնք, ի դեպ, սովորաբար ամենեւին աղքատ չեն: Դա պոպուլիզմի լավագույն տեսակն է, որը պետք է որ դուր գա աղքատներին կամ նրանց, ովքեր իրենց աղքատ են համարում՝ իբր վկայելով այն մասին, թե իրենց մասին հոգ տանող կա: Ընդդիմադիր (ոչ իշխանական) հարուստներն իրենց լրատվական խողովակներով բամբասում են իշխանական հարուստների մասին, ինչը նույնպես, հավանաբար, արժանանում է աղքատների հավանությանը: Որովհետեւ դա հաստատում է կյանքում հաջողության չհասած մարդանց (կամ, դարձյալ ասենք՝ նրանց, ովքեր այդպես են կարծում) միտքն այն մասին, որ իրենց անհաջողությունների պատճառը պետությունն է, իշխանությունը եւ ամենակարեւորը՝ հարուստներն են:

Ոչ ոք, բնականաբար, չի ուզում աղքատ լինել: Բայց որոշակի դաստիարակություն ստացած մարդկանց ենթագիտակցության մեջ կա այն գաղափարը, որ աղքատ լինելը վկայում է իրենց արժանիքների՝ ազնվության, անկաշառության մասին, որ բոլոր հարուստները (համենայնդեպս՝ իրենց երկրում) գող-ավազակ են, որ հարստության հասնելու համար պետք է անպայման ինչ-որ մի հանցագործություն կատարել: Եվ երբ այդ մարդիկ, որոնցից շատերն, ի դեպ, այդ «40 տոկոսի» մեջ չեն մտնում, հավաքվում են, ասենք, ինչ-որ ժամանցի սեղանի շուրջ, ապա նրանց քննարկման առարկան է նախ՝ բողոքը սեփական կյանքից, իսկ այնուհետեւ՝ «նրանց» շքեղ մեքենաները, առանձնատները եւ «կուբամետրով» փողերը: Խնդիրն այն չէ, թե ինչ ճանապարհով են ձեռք բերվել այդ փողերը: Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ այդպիսով մարդիկ ակամա արդարացնում են իրենց անհաջողությունները եւ հիմք են դնում նոր անհաջողությունների համար:

Հիմքում ընկած է շատ հին գաղափար, որը շահագործում են բոլոր տեսակի ֆունդամենտալիստները: Հատուկ ընդգծեմ՝ ոչ թե այս կամ այն կրոնի կողմնակիցները, այլ նրանք, ովքեր միտումնավոր խեղաթյուրում են իրենց կրոնների իմաստը եւ մտցնում են մարդկանց գլուխներն այն միտքը, թե հանդերձյալ կյանքում պարգեւ ստանալու համար դուք պետք է հիմա տանջվեք, տառապեք, լինեք աղքատ եւ անհաջողակ: Կոմունիստական ուտոպիաները նույնպես ծնվել են այդ կեղծ պնդումներից, այստեղից էլ՝ մարդկանց անհատականությունների եւ եկամուտների համահարթեցման ու ասկետիզմի պաշտոնական քարոզը: Այդ քարոզն, ինչպես հիշում եք, որեւէ կապ չուներ իրական կյանքի հետ, եւ կոմունիստական նոմենկլատուրան ամենեւին ժուժկալ կյանք չէր վարում: Բայց մեր՝ հետխորհրդային մարդկանց հոգու հեռավոր անկյուններում դեռեւս ապրում է այն կեղծ միտքը, որ աղքատ եւ տառապյալ լինելը վկայում է մեր բարձր արժանիքների մասին:

Արեւմուտքում էլ էր, բնականաբար, նույն քարոզը տարվում, եւ հայտնի է, որ բողոքական ֆունդամենտալիզմն առաջացել էր հենց Միացյալ Նահանգներում: Գոյություն ունի նաեւ կաթոլիկ եւ ուղղափառ ֆունդամենտալիզմ: Դե, իսկ իսլամականի մասին բոլորս գիտենք: Բայց Եվրոպայում բանական մարդիկ մշտապես ընդվզում էին այդ գաղափարների դեմ: Ահա թե ինչ է գրում անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմը. «Ես գիտեի, որ տառապանքը չի գեղեցկացնում, այն փչացնում է մարդուն: Դրա ազդեցության տակ մարդիկ դառնում են էգոցենտրիկ, ստոր, մանրախնդիր, կասկածամիտ: Նրանք թույլ են տալիս, որ մանրուքները կուլ տան իրենց: Նրանք մոտենում են ոչ թե Աստծուն, այլ գազանին»: Մոեմը դա գրել էր «Ամփոփելով արդյունքները» գրքում՝ տասնամյակների ընթացքում աշխարհով մեկ դիտարկելով տարբեր ժողովուրդների չքավորությունն ու տառապանքը:

Բացարձակապես նպատակ չունեմ քարոզելու հարուստների շվայտ կյանքը: Ճիշտ հակառակը՝ եթե մարդուն շատ է տրված, նա պետք է իրեն սահմանափակի: Բայց եթե քիչ է տրված, նա չպիտի ներկայացնի դա որպես սեփական արժանիք. 20-րդ դարում ապրող մեկ այլ անգլիացի՝ Օլդոս Հաքսին գրում էր. «Աղքատությունն ու տառապանքը գեղեցկացնում են միայն այն ժամանակ, երբ ընտրվում են կամավոր: Պարտադրված աղքատությունն ու տառապանքը մարդկանց ավելի վատն են դարձնում»:

Ինչ մնում է կրոնին, ապա ասեմ՝ գոնե քրիստոնեությունը, ինչպես ես եմ հասկանում (մնացածներն իրենք գիտեն), սիրո, ներողամտության, ապաշխարանքի եւ մերձավորին ձեռք մեկնելու հավատք է: Երբ ես նստում եւ սկսում եմ նախանձել, ատել, բամբասել ինձնից ավելի հաջողակ մարդկանց, ես այդ մարդկանց ոչ մի վնաս չեմ տալիս: Ես վնասում եմ միայն ինքս ինձ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
6.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. ՀԲՀԿ խոսնակ says:

    Կամ, ինչպես կասեր հարգարժան Գալուստ Սահակյանը, “այսօր ամենաահավորն այն է, որ ոչ մեկս մյուսին չի հավատում ու չի վստահում: Հավատի կորուստն ավելի վտանգավոր է, քան կոռուպցիան։”

  2. Լավատես says:

    Հարստությունը՝ դա իշխանության երեք բաղկացուցիչ մասերից մեկն է, մյուս երկուսը՝ ուժն ու օրենքն են: Այդ երեք մասերը իրար պահում պահպանում են եւ կազմում մի մասնական ամբողջական կառույց՝ իշխանություն: Այն, որ քառասուն տոկոսը աղքատ է, նշանակում է, որ նրանք դուրս են մնացել իշխանությունից, այսինքն՝ նրանց սահմանադրական իրավունքը` Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին :` ոտնահարված է: Հարուստները իրենց օրենքն ունեն, որին սրբորեն հետեւում են ու արդյունավետ ուժը: Այսպիսով, աղքատները եթե ուզում են հարստանալ, պետք է միավորվեն ու ուժ կազմեն ու օրինապաշտ լինեն, ինչպես դա հարուստներն են ցուցաբերում, լավ կլիներ, որ դա պետական օրենքները լինեին:

  3. Հրանտ Պապիկյան says:

    Մոեմը և Հաքսին ախմախ բաներ են գրել: Ասելով, որ տառապանքը և փորձությունները գեղեցկացնում են մարդուն, նկատի ունենք այն, որ մարդը այդ պարագայում ունի ընտրություն՝ կոտրվել, դառնալ մանրախնդիր, կասկածամիտ, նախանձ և չար, թե արժանապատվորեն դիմանալ փորձությանն ու զրկանքին, լինել տոկուն ու աշխատասեր, փորձել դուրս գալ փակուղուց: Երկրորդ ճանապարհը դժվար է, և միշտ չէ որ մարդը հաղթահարում է այն, բայց եթե կարողանում է, ապա իր կյանքը փոխելուն զուգահեռ փոխվում է նաև նրա ներքնաշխարհը, դառնում է գեղեցիկ և իմաստալից: Եվ խոսքը հենց պարտադրված զրկանքի մասին է: Ինքնակամ տառապանք ընտրելը ես չեմ հասկանում…
    Բացի այդ, ուրիշի տառապանքը

    • Հրանտ Պապիկյան says:

      Բացի այդ, ուրիշի տառապանքը ուսումնասիրելը և դրա մասին դատողություններ անելը անիմաստ զբաղմունք է, պետք է դա սեփական կաշվի վրա զգաս, իսկ հետո գիտակցես՝ որ ճանապարհը դու ընտրեցիր և ով դարձար դու դրանից հետո…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031