Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանից ակնկալիքներն ավելի մեծ էին, քան իրական հնարավորություններն էին»

Դեկտեմբեր 08,2014 15:00

ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպանը վստահ է, որ այս իրավիճակում
ավելին հնարավոր չէր անել թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ հարաբերություններում

Դեկտեմբերի 1-ին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտեց Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Գրեթե հնգամյա գործունեության ընթացքում դեսպանը հասցրեց առանձնանալ համարձակ, անկեղծ գնահատականներով, լրատվամիջոցների հետ ազատ, անկաշկանդ շփման ավանդույթ ամրացրեց:

Հայաստանից մեկնելուց առաջ «Առավոտ»-ին հարցազրույց տալու առաջարկը սիրով ընդունելով՝ Ռաչինսկին, որպես նախկին լրագրող, բարեկամաբար խորհուրդ տվեց դուրս գալ հայաստանյան ԶԼՄ-ների ավանդական նյութեր մատուցելու ոճից` կամ հարցազրույց, կամ հոդված` մեկի կարծիք, ապա մեկ ուրիշի հակադարձում, այլ նյութը պատրաստելիս փորձել զրույցում հնչած տեսակետները վերլուծել՝ հակադրվելով ու քննադատելով իրեն` որպես նյութի հեղինակ: Նա նկատեց, թե արեւմտյան մամուլի լրագրողները հենց այդպես են նյութեր պատրաստում, ու դա իրեն դուր է գալիս, որեւէ մեկի հետ ավանդական հարցուպատասխանը դառնում է ազատ զրույց եւ մատուցվում է որպես վերլուծական նյութ` հարցազրույց տվողի դիրքորոշումների գնահատման համատեքստում: Հետեւեցինք ՀՀ-ում արդեն նախկին դեսպանի խորհրդին:

Ի՞նչ տպավորություններով Հայաստանը լքեց դեսպանը

2010թ. մարտի 3-ին, երբ Ռաչինսկին Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերը հանձնեց, այդ օրը տարածված պաշտոնական հաղորդագրությունում ամրագրվեց, որ Լեհաստանը Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնողներից, շարժիչ ուժերից մեկն է, ինչը լավ հիմք է Լեհաստանի եւ ԵՄ-ի հետ որակական նոր հարաբերությունների զարգացման համար:

Դեսպանը կարեւորում է Հայաստանում գոյություն ունեցող այն շերտը, որի հետ ամենօրյա շփում է ունեցել Հայաստանում, նա բոլորին որպես անհատականություն է դիտարկում, առանձին` ոչ թե որպես քաղաքական գործիչներ կամ պաշտոնյաներ, այլ, թե որքան էին նրանք հետաքրքիր զրուցակից: Ռաչինսկին անկեղծանում է` բարի ու դրական տպավորություններով է լքում մեր երկիրը. «Ինձ համար ոչ թե անակնկալ էր, այլ բացահայտում էր Հայաստանի երիտասարդ սերունդը: Ես նրանց անկախության զավակներ եմ անվանում: Գուցե իմ պատկերացումները մակերեսային են, բայց իմ կարծիքով՝ նրանք մտածում են այլ կերպ, քան նրանք, ովքեր ծնվել, մանկությունն ու երիտասարդությունն անց են կացրել այլ երկրի շրջանակներում: Տարեցները պատկերացնում էին երկիրը մի հզոր պետության մարզ, գավառ, իսկ երիտասարդները այս հողի տերն են իրենց համարում: Երկրորդը` լանդշաֆտն է, նկատի չունեմ միայն սարերն ու եկեղեցիները, այլ այն ամենը, ինչ Հայաստանն է` Երեւանը, որը բավական փոխվել է այն ժամանակներից, երբ հիշում էի ավելի վաղ` 1980-90-ական թվականներին: Երեւանն, անկասկած, դրական ուղղությամբ է փոխվել: Մարզերը նույնպես բավական փոխվել են, բայց ոչ՝ դրական ուղղությամբ»:

Դեսպանը գնահատում է հայաստանյան իրականությունում այն գործընթացները, որոնց ականատեսն է եղել. «Այստեղ չկան սեւ եւ սպիտակ պատկերներ, այստեղ երանգները բազմազան են: Ես գուցե այստեղ էի թեթեւ, բայց միաժամանակ ոչ այնքան հեշտ շրջանում: Ես եկա մի երկիր, որը գիտեի, ճանաչում էի մարդկանց, դրա համար մեծ անակնկալներ ինձ համար չեղան, որոնք պետք է բացահայտեի` խորքից հասկանալով մարդկանց մտածելակերպը: Բայց մյուս կողմից՝ դա բարդացնում էր, որովհետեւ իմանալով Հայաստանի պատմությունն ու ներկան՝ ինձ հիմա թվում է, որ իմ ակնկալիքները ավելի մեծ էին, քան իրական հնարավորություններն էին: Հայաստանյան իրականության երրորդ շերտը քաղաքականապես կապված է Հայաստանի եւ Լեհաստանի, Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններին: Թեեւ այնքան էլ գոհ չեմ արդյունքներից, այնուամենայնիվ, բավարարված եմ ու վստահ եմ, որ այս իրավիճակում ավելին հնարավոր չէր անել թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ հարաբերությունների, թե՛ դեսպանատան գործունեության առումով:

Այնպես որ՝ մեկնում եմ փոքր-ինչ ծանրացած սրտով: Հինգ տարին քիչ չէր, նույնիսկ ամուսնություններն են դժվար դիմանում այդքան ժամանակին…»,- կատակում է դեսպանը:

Հայաստանն ու Լեհաստանը միմյանց ավելի լավ ճանաչեցին

Հայ-լեհական հարաբերությունները գնահատելիս Զ. Ռաչինսկին որպես առավելություն նշում է հանգամանքը, որ իր երկրի արտգործնախարարն է եղել մի ուժեղ անհատականություն` Ռադոսլավ Սիկորսկին, որը ՀՀ-ում դեսպանին գործելու լիակատար ազատություն է տվել. «Այն ամենը, ինչ վերաբերել է երկկողմ հարաբերություններին, մշակվել է այստեղ` Հանրապետության 44ա հասցեում, նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լեհաստան այցի կազմակերպումը: Մեր առաջարկություններն ընդունվում էին Վարշավայում: Հաստատվեց քաղաքական կայուն երկխոսություն, այդ թվում` ամենաբարձր մակարդակով: Այս տարիների ընթացքում եղել են նախագահների փոխայցելություններ, Երեւան այցելեց վարչապետ Դոնալդ Տուսկը, որը դեկտեմբերի 1-ից ստանձնել է Եվրոպական խորհրդի նոր նախագահի պաշտոնը, պաշտպանության նախարարների, ԱԳ նախարարների բազմաթիվ այցելություններ, մշտական երկխոսություն` փոխարտգործնախարարների մակարդակով, Ազգային անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ շփումներ:

Կապեր են հաստատվել հայկական եւ լեհական մարզային քաղաքների միջեւ, օրինակ` Գյումրիի եւ Բելաստոկի միջեւ, եւ սա դեռ սկիզբն է, առայժմ ընկերական շփումներ են, սակայն փոխգործակցությունն ավելի կխորանա: Հիմա աշխատում ենք Գյումրիի հիվանդանոցի արդիականացման ծրագրով, որն իրականացնելու է Բելաստոկ քաղաքը»,- պատմում է դեսպանը: Նախկինում հայ-լեհական մշակութային շփումները կազմակերպում էր դեսպանատունը, սակայն արդեն դրանք իրականացվում են առանձին սուբյեկտների կողմից, ինքնաբերաբար:

Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրատնտեսական շրջանառության ծավալները կրկնապատկվել են, սա մեծ թիվ չէ առայժմ` տարեկան մոտ 50 միլիոն եվրո: Հայաստան են մտել լեհական երկու խոշոր ընկերություններ` PWPW (Polish Security Printing Works), որը Հայաստանում պատրաստում է կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրեր, եւ հայ-լեհական համատեղ առաջին ռազմարդյունաբերական ձեռնարկությունը` «Լյուբավա Արմենիա»-ն, որը բացվեց Չարենցավանում: Այն ռազմական պատվերներ կատարող ձեռնարկություն է, որը զրահաբաճկոններ, սաղավարտներ, վրաններ է արտադրում: Դեսպանի կարծիքով` լեհական ընկերությունները, բիզնեսը դեռ կմտնեն հայկական արտադրություն, դրա համար ժամանակ է պետք, որպեսզի ուսումնասիրվեն բիզնեսի շահերը` հաշվի առնելով Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ աշխարհագրական հեռավորությունը: Դեսպանը մեծ ձեռքբերում է համարում այն, որ երկու երկրները միմյանց ավելի լավ ճանաչեցին` վերնախավում. «Երբեմն օգտագործում եմ այս ձեւակերպումը` հասուն գործընկերություն, երբ երկրները գիտակցում են, թե ինչ ակնկալեն մեկը մյուսից»:

Թե ինչ չի հաջողվել անել իր աշխատած տարիներին, ապա դեսպանը մատնանշում է հանգամանքը, որ չգիտակցվեց ուժերի իրական հարաբերակցությունը Եվրոպայում եւ իր երկրի հնարավորությունները. «Մեկ տարի առաջ, իհարկե, ոչ պաշտոնական տարբերակով իմ հայ գործընկերներին` ԱԳՆ-ի պաշտոնյաներին, տեղեկացրեցի, որ հաջորդ տարի Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու է Լեհաստանի վարչապետը, կամ, եթե հաղթեն սոցիալիստները, Եվրոպան կղեկավարի ԱԳ նախարար Սիկորսկին: Դրանից եզրակացություններ պետք է արվեին, ինչ-որ քայլեր արվեին, կարծում եմ, որ առավել քան բավարար ժամանակ էր, տեսլական ու դինամիկա էր պետք ունենալ»: Դեսպանի կարծիքով՝ իրենց չհաջողվեց հասնել նրան, որպեսզի լեհական այն ընկերությունների ուշադրությունը հրավիրեն, որոնք հետաքրքրված էին ամբողջ տարածաշրջանով, ոչ միայն Հայաստանով:

Հայաստանի
մանեւրելու դաշտը ողբերգականորեն նեղացել է

Դեռ մինչեւ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ը, երբ դեռ որոշում չկար այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական միությանը ու մի կողմ դնի գրեթե չորս տարվա բանակցությունները ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ, ամենաքննարկվող թեման էր Հայաստանի կողմից «եւ-եւ»-ի՞, թե՞ «կամ-կամ»-ի քաղաքականություն վարելու հարցը: Արեւմտյան երկրների դեսպանները մի քանի անգամ անդրադարձան այս թեմային` պարզաբանելով, որ «եւ-եւ» երկու տարբեր առեւտրի գոտիներում պարզապես անհնար է:
Այսօր թե՛ հայ, թե՛ եվրոպացի պաշտոնյաները վստահեցնում են, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները պետք է շարունակվեն, եւ հիմա առավելապես մեկ խնդիր է օրակարգում` որքանո՞վ է Հայաստանը պատրաստ խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները կարո՞ղ են արդյունավետ լինել մեր երկրի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմաններում: Զ. Ռաչինսկիի գնահատականը միանշանակ է` Հայաստանը եղել եւ մնում է ԵՄ-ի հարեւանը` Սեւ ծովի միջոցով, Հայաստանը հանդիսանում է, եւ նա հույս ունի, որ կմնանք, Արեւելյան գործընկերության մասը. «Կփոխվե՞ն ԵՄ-ի հետ համագործակցության պարամետրերը: Այո՛, բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ վատ բան է պատահել, այլ որովհետեւ փոխվել են հանգամանքները: Նախ` Արեւելյան գործընկերության երեք երկրները` Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը, որոշում կայացրեցին ԵՄ-ի հետ ասոցացման վերաբերյալ:

Հիմա բոլոր երկրներն ունեն վիզաների հեշտացված ռեժիմ, բայց Մոլդովան արդեն առանց վիզաների ռեժիմի է անցել: Շուտով այդպես կլինի նաեւ Ուկրաինայում, ապա Վրաստանում: Իհարկե, մենք կուզենայինք, որ դա վերաբերեր նաեւ Հայաստանին: Բայց, ներեցեք, Հայաստանը հետ մնաց այս հարցում, եւ դեռ ձգտում ենք խուսափել, որպեսզի Վրաստանն արդեն ստիպված չլինի մտցնել վիզային ռեժիմ Հայաստանի համար, որովհետեւ դուք այլ վիզային տարածքում եք. առանց վիզայի ռեժիմ է մի երկրի հետ, որը ընտանիքում չէ առանց վիզաների ռեժիմի մեջ գտնվող այլ երկրների հետ: Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ երկկողմ հարաբերություններից վերացել է տնտեսական փոխգործակցության մեծ մասը:

Nkar-2_Komorovski-Sargsyan

«Եվ-եւ»-ը կարող էր աշխատել, եթե դա միայն քաղաքականությանը վերաբերեր, բայց այստեղ խոսքը գնում է տնտեսության կոնկրետ հարցերին, դրանք տեխնիկական հարցեր էին` ապրանքների եվրոպական չափանիշներ, նորմերին համապատասխանություն: Եթե ստեղծվեր եվրոպական ընդհանուր տնտեսական տարածք, այդ ժամանակ դա գոնե կարելի էր պատկերացնել: Բայց պետք է իրատես լինել` Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, ՌԴ-ի կողմից ագրեսիան Ուկրաինայի արեւելքում ստեղծել է մի իրավիճակ, որը սարսափելի երազում անգամ չէինք կարող պատկերացնել` առճակատում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Հայաստանի արտաքին քաղաքականությունը ժամանակին հիմնվում էր բազմավեկտոր կուրսի վրա, այժմ Հայաստանի դաշտը ողբերգականորեն նեղացել է: Իրականում Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցություններ վարեց ԵՄ ասոցացման շուրջ այնքան ժամանակ, մինչեւ Ռուսաստանը չասաց` բավական է: Այժմ Հայաստանի մանեւրելու դաշտը խիստ նեղ է:

Հայաստանի համար շատ դժվար է հավասարակշռություն պահպանել, ինչը մեզ համար միանգամայն հասկանալի իրավիճակ է, եւ առանձնահատուկ պարզաբանումներ չենք պահանջում: ՀՀ-ն գտնվում է ՀԱՊԿ անվտանգության համակարգում, ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց մենք մշտապես ասել ենք, որ կարեւոր է, թե երկրի ներսում Հայաստանը ինչ ուղղությամբ է ընթանալու, այլ ոչ թե` աշխարհաքաղաքական խաղերը, ինչ նորմեր, չափանիշներ է սահմանելու Հայաստանը ներսում ոչ միայն տնտեսական, այլեւ այլ ոլորտներում, ընդհանրապես` հանրային կյանքում: Ես կուզենայի, բայց չափազանց բարդ է, ես չեմ կարող պատկերացնել, որ լինելով ԵՏՄ-ի մաս՝ Հայաստանը միաժամանակ կարող է մաս դառնալ եվրոպական մշակութային, ժողովրդավարական տարածքին, շատ կուզենայի, բայց…»:

Բայց չէ՞ որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության որոշումը կայացրել է իշխանությունը, ոչ թե այն հասարակությունը, այն երիտասարդությունը, որով հիացած է ՀՀ-ում նախկին դեսպանը: Ռաչինսկին այստեղ պաշտպանում է Սերժ Սարգսյանի որոշումը. «Այլ տարբերակ չկար իրականում, դա վերջին տարիների Հայաստանի զարգացման արդյունքն էր: Այս հարցում ես պաշտպանում եմ Սերժ Սարգսյանին, ես նրա փաստաբանը չեմ, բայց նա ռացիոնալ քաղաքական գործիչ է, նա պատասխանատու է իր երկրի համար: Հիմա մենք խոսում ենք ԵՄ-ի հետ քաղաքական համագործակցության մասին, բայց այդ համագործակցությունը ենթադրում է ընդհանուր արժեհամակարգ, ընդհանուր տեսլական, այսինքն` ընդհանուր դաշտ, որի վրա հնարավոր է գործունեություն ծավալել»:

Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հետ զրույցի շարունակությունը` «Առավոտ»-ի վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
6.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031