Գյումրեցիները խոստանում են տնակ ազատել Հասմիկ Պողոսյանի համար
ՀՀ մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները Գյումրի տեղափոխելու մտադրությունը կարծես թե հօդս է ցնդում: Պատճառը, թերեւս, ոչ թե Գյումրիում այս երկու բնագավառների համար համապատասխան աշխատակիցներ, կադրեր չգտնելն է (փառք Աստծո, Գյումրին օրումեջ չեմպիոններ է տալիս աշխարհին, 1-ին համալսարանը հիմնած, 1-ին օպերան բեմադրած քաղաքի մշակույթի մասին էլ ավելորդ ենք համարում խոսել), այլ գերատեսչությունների ղեկավարների՝ այս քաղաքում բնակվելու ցանկություն չունենալը: Սպորտի նախարարի դիրքորոշման մասին թերեւս խոսել չենք կարող, ընդամենը կարող ենք փաստել, որ այս անձը արմատներով Գյումրիից է, նրա հայրական տունը պահպանվում է այս քաղաքում, սակայն ծնվելով Երեւանում՝ գերադասում է բնակվել հենց այնտեղ: Իսկ ահա մշակույթի նախարարի՝ Գյումրի չտեղափոխվելու ցանկությունը երկար ժամանակ դարձել էր մամուլի քննարկման ու խիստ քննադատման թեմա: Որ Գյումրին մեկ այլ կերպ է կոփում պաշտոնյաներին, դարձնում ավելի հասուն, այս մասին բազմիցս խոստովանել են Շիրակի մարզում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող մայրաքաղաքացիները: Նրանցից շատերի կարծիքով՝ թեեւ այս քաղաքում ապրելը հեշտ չէ, չքավորությունը իր գագաթնակետին է հասնում, սակայն իրական կյանքը պատկերացնելու իմաստով անփոխարինելի է: Ապրելով այստեղ՝ մտնում ես ռեալ իրականություն ու մարդկային այլ որակներ ձեռք բերում:
Ինչեւէ, մշակույթի նախարարը պատրա՞ստ է արդյոք ապրել Գյումրիում, կիսել այս քաղաքի բնակիչների ծանր ապրելակերպը, եթե վերջնականապես որոշվի, որ իր ղեկավարած գերատեսչությունը գործելու է հանրապետության երկրորդ քաղաքում: Երեկ «Առավոտը» այս հարցը ուղղեց նախարարին՝ ստանալով հետեւյալ պատասխանը. «Իսկ ինչո՞ւ ոչ: Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում, եւ շատ ոգեւորիչ է, մշակութային է, երեւի դրա համար: Այսինքն՝ ես կարծում եմ, որ այստեղ դու շատ ոգեշնչվում ես, հուզվում ես, այսօր, օրինակ, մի պահ կոկորդս բռնվեց երեխաների, կոմպոզիտոր երեխաների կատարման ժամանակ: Բաներ են, որոնք քեզ լիցքավորում են, կյանքի ուժ են տալիս, կարծում եմ, որ այստեղ ապրելը նաեւ մեծ հպարտություն է, կապրեի, ինչու չէ»:
Նկատենք, սակայն, որ գյումրեցիներից շատերը չհավատացին նախարարի խոսքերի անկեղծությանը: Համացանցում շատերը կասկածի տակ դրեցին տիկին Պողոսյանի ազնվությունը: «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, արձագանքելով նախարարի պատասխանին, ասաց. «Մեր իշխանությունների, կառավարության անդամների ու մշակույթի նախարարի խոսքերին, բնականաբար, հավատում եմ, չեմ կարծում՝ իրենց ասածը ֆանտազիա է: Վստահ եմ, որ մեր տիկին նախարարը ոչ միայն Գյումրի կտեղափոխվի, այլեւ կբնակվի Գյումրու տնակներից մեկում: Հիմա տնակներում ապրողներից ոմանք նոր բնակարան են տեղափոխվելու, կխնդրենք քաղաքապետին մի ազատ տնակ տրամադրել նախարարին, տնակը կազատենք, թող գա, ապրի, զգա, թե ինչ է Գյումրին, տեսնի, թե ինչպես են 26 տարի շարունակ ծաղրել գյումրեցուն: Դա իր համար կլինի ամենահիշարժան օրը, հաստատ 1-2 ժամ կդիմանա: Եվ ինքը կառանձնանա մյուս նախարարներից, պարծենալու առիթ կունենա, որ մի քանի ժամ ապրել է տնակում: Նախարարը ինքն էլ լավ գիտի, որ իր խոսքերը օդի մեջ կրակոց են»:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
6.12.2014