ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչի կողմից 2014թ. մարտի 10-ի որոշումներով Գեւորգ Գեւորգյանը եւ Միշա Ալիյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ եւ նրանցից յուրաքանչյուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով։ Նույն օրը Գ. Գեւորգյանի եւ Մ. Ալիյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում։
Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, նախնական համաձայնության գալով Միշա Ալիյանի հետ, Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում, որպես զենք օգտագործված դանակով կյանքի եւ առողջության համար վտանգավոր սպառնալիքի գործադրմամբ՝ ավազակային հարձակմամբ ԻԻՀ քաղաքացիներ Ֆարզադ Ռաուֆիբորոուջենիից հափշտակել են խոշոր չափի` 825.620 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ Այուբ Բահլաքեհից` 8.000 ՀՀ դրամ գումար։
Ըստ այդ մեղադրանքի, Գեւորգ Գեւորգյանը, իրականացնելով ուղեւորների փոխադրման ծառայություններ, 2014թ. փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը` ժամը 00։30-ի սահմաններում, ընկերոջ` Միշա Ալիյանի հետ միասին իրենց ամրակցված տաքսի ավտոմեքենաներով կանգնած են եղել Երեւան քաղաքի Խանջյան 33 շենքի դիմաց, երբ Մ. Ալիյանի կողմից վարվող «ԲԻԴ» մակնիշի 35 UD 209 հ/հ տաքսի ավտոմեքենան են նստել ԻԻՀ քաղաքացիներ Ֆարզադ Ռաուֆիբորոուջենին եւ Այուբ Բահլաքեհը։ Գ. Գեւորգյանը, նկատելով այդ հանգամանքը, նախնական համաձայնության է եկել Մ. Ալիյանի հետ՝ նշված ԻԻՀ քաղաքացիներից գումարներ հափշտակելու վերաբերյալ: Գ. Գեւորգյանն իր վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի 67-72 հ/հ տաքսի ավտոմեքենայով, ուղեւորներից աննկատ, գնացել է Մ. Ալիյանի վարած ավտոմեքենայի հետեւից, Երեւանի Թումանյան փողոցում Մ. Ալիյանի հետ փոխվել են ավտոմեքենաներով, ապա նշված ԻԻՀ քաղաքացիներին տեղափոխել է Երեւան քաղաքի տարբեր փողոցներով, որոնց վերջիններս անծանոթ են եղել։ Այնուհետեւ, Երեւան քաղաքի Արցախի փողոցում, հեռախոսազանգով պայմանավորվելով, Մ. Ալիյանը նստել է նույն ավտոմեքենան` Ֆ. Ռաուֆիբորոուջենիի կողքին, իսկ Գ. Գեւորգյանը, ավտոմեքենան վառելանյութով լիցքավորելու պատրվակով, իր կողքին նստած ուղեւոր Ա. Բահլաքեհից պահանջել է գումար ու բացահայտ հափշտակել նրա մոտ եղած 8.000 ՀՀ դրամը։ Ավտոմեքենան վարելով համեմատաբար նվազ լուսավորված Երեւանի Դավիթ-Բեկի փողոցով, օգտվելով ուղեւորներ Ֆ. Ռաուֆիբորոուջենիի եւ Ա. Բահլաքեհի ահաբեկված լինելու հանգամանքից, նրանց տեղափոխել են Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող Գ. Հովսեփյան եւ 8-րդ փողոցների խաչմերուկ, որտեղ իրենց անձն ու ավտոմեքենան քողարկելու նպատակով հանել են ավտոմեքենայի հետեւի հաշվառման համարանիշը եւ դրել վարորդի նստատեղի տակ։ Իրենց կյանքի համար վտանգի սպառնալիք զգալով՝ Ֆ. Ռաուֆիբորոուջենին վերցրել է համարանիշն ու դուրս վազելով ավտոմեքենայի սրահից՝ փորձել է փախչել, իսկ Գ. Գեւորգյանը հասել է նրա հետեւից, ձեռքերով բռնել պարանոցից ու հետ վերցրել համարանիշը, ապա Մ. Ալիյանը նախապես իր հետ վերցրած եւ որպես զենք օգտագործված դանակը պահելով վերջինիս պարանոցի ուղղությամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք է ներկայացրել, իսկ Գ. Գեւորգյանն այդ ընթացքում Ֆ. Ռաուֆիբորոուջենիի գրպանից հափշտակել է խոշոր չափի` 825.620 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար, ապա նույն ավտոմեքենայով Մ. Ալիյանի հետ դեպքի վայրից դիմել են փախուստի։
Նախաքննության ընթացքում մեղադրյալ Գեւորգ Գեւորգյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել, որ ինքն ավազակային հարձակում չի կատարել:
Ըստ հանրային պաշտպան Դավիթ Սարգսյանի, նախաքննության ընթացքում միջնորդություն է արել առերեսում կատարել տուժողների եւ մեղադրյալի միջեւ, քանի որ նրանց ցուցմունքներում կան էական հակասություններ՝ կապված ավտոմեքենայի մակնիշի, պետհամարանիշի, 2000 դոլար հափշտակելու, դանակի եւ այլ կարեւոր հանգամանքների վերաբերյալ. «Քննիչը փոխարենը ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իմ միջնորդության առերեսում կատարեր, որը նրա պարտականությունն էր, անհիմն մերժեց իմ միջնորդությունը»:
2014թ. օգոստոսի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան էր ընդունվել գործը:
«Դատական նիստին մեղադրողը կրկին միջնորդեց հրապարակել տուժողների ցուցմունքները, սակայն ես առարկեցի, հայտնելով, որ չհարցաքննելով գործով տուժողներին՝ կխախտվի պաշտպանյալիս արդար դատաքննության իրավունքը` իր դեմ ցուցմունք տված անձանց հարցաքննելու հնարավորություն չունենալու առումով»,- ասում է Դավիթ Սարգսյանը: Դատարանը, սակայն, բավարարում է մեղադրողի միջնորդությունը, հրապարակում տուժողների ցուցմունքները:
Կարդացեք նաև
«Միջնորդություն ներկայացրեցի դատարանին՝ տուժողների ցուցմունքները որպես ապացույց անթույլատրելի ճանաչելու մասին, պատճառաբանելով, որ տուժողների ցուցմունքները հրապարակելով եւ դրանք որպես թույլատրելի ապացույց ճանաչելով՝ կխախտվի կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը եւ որպես հիմնավորում հղում եմ կատարել Եվրադատարանի նախադեպային որոշումներին, այդ թվում` Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ, Դելտան ընդ Իտալիայի, Լուկան ընդդեմ Իտալիայի, Վան Մեխեն ընդդեմ Նիդեռլանդների, Սադակ եւ մյուսներ ընդդեմ Թուրքիայի, Ունտեռպեռտինգեռն ընդդեմ Ավստրիայի եւ Լյուդին ընդդեմ Շվեյցարիայի գործերը»,- տեղեկացնում է պաշտպանը: Վերջինը նաեւ միջնորդել էր վկա Արշակ Հովհաննիսյանի ցուցմունքները եւս որպես ապացույց ճանաչել անթույլատրելի, քանի որ դատաքննության ընթացքում վկան նշել է, որ «դեպքի որոշ հանգամանքների մասին տեղեկացել է տուժողների թարգմանչից: Թարգմանիչը ոչ թե թարգմանել է ԻԻՀ քաղաքացիների խոսքը, այլ ոստիկանության բաժնում գտնվելու ժամանակ հայտնել է այդ տվյալները»: Դատարանում հետազոտված մնացած ապացույցներով չհիմնավորվեց Գեւորգ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ. Մարտիրոսյան) արդար դատավճիռ է կայացրել, անթույլատրելի ապացույց ճանաչեց գործով տուժողների ցուցմունքները եւ վերավորակելով Գեւորգյանի արարքը՝ հիմնավորված համարեց, որ Գեւորգյանը կատարել է կողոպուտ, այլ ոչ թե ավազակային հարձակում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
6.12.2014