Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Աշխատում էինք ջերմ մթնոլորտում»

Դեկտեմբեր 08,2014 13:30

Լուսինե Օհանյանի հիշողությունները՝ «Առավոտում» աշխատած տարիներից

Լուսինե Օհանյանն «Առավոտում» սկսել է թղթակցել դեռ 17 տարեկանում՝ ուսանողական առաջին տարիներից: Ասում է՝ լրագրողական առաջին քայլերն այստեղ է արել, «Առավոտն» իր համար կարեւոր դպրոց էր, հպարտ է, որ աշխատել է օրաթերթում, այլժմ էլ հպարտությամբ է կրում «առավոտցի» անվանումը:

Այս շաբաթ «Առավոտցիներ» շարքում ներկայացնելու ենք նրան: «Առավոտում» սկզբից աշխատել է Արմինե Ուդումյանի եւ Արեւհատ Գրիգորյանի հետ: «Կարճ լուրեր էի գրում սոցիալական թեմաներով: Համարձակությամբ առանձնապես չէի փայլում: Ժամանակի ընթացքում ավելի հմտացա, ավելի համարձակ դարձա: Սկսեցի գրել նաեւ կրթական եւ մշակութային թեմաներով նյութեր,- պատմում է Լուսինե Օհանյանը՝ հիշելով,- Գոհար Հակոբյանի հետ նույն սենյակում էինք աշխատում, շատ մտերիմ էինք: Ծանոթ էինք դեռ դպրոցից: Մեր դպրոցի լավագույն ուսուցիչներից էր, ու ինձ համար խորթ էր ընկեր Հակոբյանի փոխարեն «Գոհար ջան»-ով դիմել նրան: Նույն սենյակում էին աշխատում նաեւ Սամվել Դանիելյանը, Նաիրա Մամիկոնյանը: Նառան իր համարձակությամբ ու խիզախությամբ փայլում էր միշտ: Բոլորն ինձ շատ հարազատ ու մտերիմ էին: Աշխատում էինք ջերմ մթնոլորտում»:

Լուսինե Օհանյանը համարում է, որ «Առավոտն» իր համար երկրորդ տուն ու իսկական ընտանիք էր. «Երբ արդեն Երեւանի քաղաքապետարանում էի աշխատում, աշխատակիցներն ինձ կատակով ասում էին, թե «Առավոտը» հերանցս տունն է, իսկ «առավոտցիները»՝ բարեկամներս»:

Օրաթերթում նա հիմնականում մշակութային եւ կրթական թեմաներով էր գրում: «Եղել են հրապարակումներ, որոնցից հետո խնդիրներ են առաջացել: Իմ վերջին նյութերից մեկը Ագրարային համալսարանի մասին էր: Քանի որ հաճախ էի գրում համալսարանում առկա կոռուպցիայի մասին, համալսարանի աշխատակիցներից մեկը դիմել էր Արամ Աբրահամյանին, որպեսզի գնամ եւ տեղում ավելի լավ ծանոթանամ կատարվող աշխատանքներին, ինչպես նաեւ համոզվեմ, որ բուհում առկա կաշառակերության մասին իմ ունեցած տվյալները, մեղմ ասած, իրական չեն: Մի քանի օր հետո Ագրարայինի աշխատակիցների հետ շրջեցինք բուհում, հարցազրույցներ ունեցա ինչպես բուհի ուսանողների, այնպես էլ ռեկտորի հետ, ովքեր փորձում էին համոզել, որ իրենց բուհում կոռուպցիայի մասին խոսք լինել չի կարող: Իհարկե, իմ ձեռքի տակ եղած փաստերն այլ բան էին վկայում: Ռեկտորն էլ իր խոսքում մեկ-երկու փաստ էր նշել, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, այնքան էլ հօգուտ Ագրարայինի չէին: Բուհի աշխատակիցներն ինձանից հավանաբար գովազդային նյութ էին ակնկալում, բայց պատկերն այլ էր: Հրապարակման հաջորդ օրն իսկ Ագրարայինի աշխատակիցը մի գրավոր նամակ հանձնեց Արամ Աբրահամյանին, նշելով, որ ես հերյուրանքներ եմ գրել, ինչի համար նրանք որոշել են ինձ դատի տալ: Ես պահպանել էի նյութի հետ կապված բոլոր ձայնագրությունները, որոնք վերծանելու ժամանակ բուհի աշխատակիցը միգուցե պատահաբար ջնջեց ռեկտորի խոսքի ոչ այնքան ցանկալի հատվածը: Փաստորեն, իմ ապացույցների մի շատ կարեւոր մաս ոչնչացված էր»,- պատմում է նա:

Օրաթերթի աշխատակազմի մասին խոսելիս էլ ասում է. «Ես ուրիշ ոչ մի տեղ չեմ հանդիպել մի կոլեկտիվ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են ուրախ միջոցառումներ, նշվում են աշխատակիցների տարեդարձները: Շատ ուրախ եմ, որ Ռուզան Մինասյանի եւ Աշոտ Հակոբյանի սենյակը մինչ օրս էլ շարունակում է մնալ ուրախ հավաքույթների սենյակ»:

«Առավոտում» Լուսինե Օհանյանն աշխատել է ավելի քան 6 տարի՝ հետագայում էլ շարունակելով համագործակցել ու տարբեր թեմաներով նյութեր հրապարակել:
«Առավոտից» հետո աշխատել եմ Երեւանի քաղաքապետարանում:

Ես արդեն 4 տարի է՝ Շվեդիայում եմ ապրում: Անցյալ տարի ամուսնուս հետ միասին վերսկսեցինք տպագրել տարիներ առաջ այստեղ լույս տեսած «Նոր Հորիզոն» պարբերականը»,- ասում է Լուսինե Օհանյանը՝ նշելով, որ «Առավոտում» սովորածը շարունակում է կիրառել նաեւ այսօր:

«Շատ կարոտում եմ իմ բոլոր գործընկերներին: Շատ ուրախ եմ, որ կա թերթի օնլայն տարբերակը եւ կարող եմ հետեւել հրապարակումներին,- ասում է նա,-«Առավոտին» մաղթում եմ հարատեւություն, Արամ Աբրահամյանին եւ բոլոր լրագրողներին՝ ուժ եւ եռանդ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
6.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031