Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ տանում են վտանգի բերան»

Դեկտեմբեր 08,2014 13:00

Հարցազրույց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ

-Ինչպե՞ս ստացվեց, որ աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչած ազգն այժմ պայքարում է քրիստոնեությունը պահպանելու եւ աղանդներին տուրք չտալու համար:

-Հիշենք, թե կոմունիստական պետությունն ի սկզբանե ինչ վիճակ ստեղծեց մեզ համար: Մինչ այդ՝ Եղեռնի ժամանակ 3000 եւ ավելի կրոնավորներ մորթվել էին, իսկ հետո՝ 1937 թվականին, բոլշեւիկյան ջարդի ժամանակ եւս 2000-ը մորթվեցին, եւ գլխատվեց մեր եկեղեցին. աքսորեցին, սպանեցին, խողխողեցին, կացնահարեցին եւ այլն: Մենք 8 տարի կաթողիկոս չունեցանք՝ 1938-1945թթ.: Դրանից հետո Գեւորգ VI Չորեքչյան կաթողիկոսին թույլ տվեցին, որ օծվի: Եվ միայն երջանկահիշատակ Վազգեն կաթողիկոսի ժամանակ խաղաղություն տիրեց, նրան կոչեցին Շինարար կաթողիկոս, քանի որ բազմաթիվ վանքեր վերականգնեց: Բայց հետխորհրդային շրջանում ամերիկյան գաղտնի գործակալության կողմից մշակված հատուկ ծրագիր կար, որ 5 տարում ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքը դարձնեն բողոքական տարածք, քանի որ ավանդական եկեղեցիները լավ չեն գործում: Հետագայում դա իրականացնողները խոստովանել են, որ լավ բան չէին անում եւ Աստծո առաջ պիտի պատասխան տան: Այսինքն՝ իրենք գիտեին, որ գալիս էին ավերելու, իրենք գալիս էին մեռած դիակին եւս մեկ անգամ սպանելու:

-Սովետական միության ժամանակ քրիստոնեությունը համեմատաբար կորցրեց իր նախկին ուժը եւ թուլացավ: Սրանով ի՞նչ նպատակ էր հետապնդում ԽՍՀՄ-ը եւ արդյո՞ք աղանդների ի հայտ գալը խորը կապեր ունի հենց ԽՍՀՄ-ի վարած քաղաքականության հետ:

-Ես հիշում եմ, որ որպես ուսանող գալիս էի եկեղեցի, եւ քարոզները հիմնականում կիսահայրենասիրական էին՝ փառաբանություն, որ Սովետական միությունը տվեց մեզ խաղաղ վիճակ: Այնտեղ Հիսուսի գործունեության, եկեղեցու դերի մասին չկային աստվածաբանական խորություններ, այսինքն՝ արգելված էր: Եվ երբ փլվեց Սովետական միությունը, հանկարծ հայտնվեցին Աստվածաշունչը իրենց թեւի տակ անձինք, որոնք եկան եւ սկսեցին «լույս քարոզել», բայց իրականում խավար բերելով իրենց հետեւից: Մեզ թվում է՝ նրանք կրոնական ուղղություններ են, բայց իրականում դրանք եկել էին քաղաքական նպատակներով եւ գրանցվում էին արդարադատության նախարարությունում՝ որպես հասարակական կազմակերպություններ: Օրինակ՝ մորմոնները մուտք գործեցին հոգեբանների քողի տակ: Այստեղ մտածելու առիթ պիտի տրվի՝ ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞ւր ու ի՞նչ նպատակով են եկել իրենք: Եթե թուրքը գալիս է յաթաղանով կամ ադրբեջանցին տրաքեցնում է ուղղաթիռ, գիտենք՝ ով է մեր թշնամին, բայց երբ գալիս են ամերիկյան ժպիտներով, մի կիլո բրնձով, կաթի փոշիով, չգիտես՝ թե ովքեր են:

– Կարելի՞ է ասել, որ եկեղեցին իր մեղքի չափաբաժինն ունի նրա մեջ, որ մարդիկ շեղվում են քրիստոնեական հավատից, ինչ-որ տեղ եկեղեցին արդյո՞ք չի թերացել իր գործում:

-Ես կարծում եմ՝ մենք պիտի աղոթենք, որ մեր եկեղեցին զորանա, որովհետեւ որտեղ կա կրոնավոր եւ Աստծո զորություն, այնտեղ գոյություն չունի խավարը: Օրինակ՝ շատ խիստ մութ սենյակ է, բայց մի մոմի լույսը կարող է լուսավորել այդ ամբողջ խավարը: Այսպես էլ ճշմարիտ հավատքն է՝ ընդդեմ աղանդի: Հիմարություն է պատերազմ հայտարարել ամբողջ աշխարհին, մեր ժողովուրդը պետք է պարզապես գիտակցական հավատք ունենա, որ իր դռները փակի աղանդների առաջ: Սա եւ՛ մեր հոգածության, եւ՛ պետական հոգածության խնդիր է: Այսօր աղանդավորները գալիս են մեր երկրում կառույցներ քանդելու. դա պետական կառույցն է, զինվորական կառույցն է, մարդու մեջ հայրենասիրական ոգին սպանելն է: Մեզ տանում են վտանգի բերան, չորացնում են, դարձնում են անողնաշար էակ եւ տալիս են թշնամու ձեռքը:

– Արդյո՞ք աթեիզմը նույնն է, ինչ անհավատությունը, թե՞ պարզապես մարդիկ են դրանք մեկ անվան տակ ընկալում:

– Մարդն ինքն իրեն խաբում է, երբ ասում է՝ անհավատ եմ: Ես նույնիսկ հանդիպել եմ մարդկանց, որոնք ասել են՝ ես անկրոն եմ: Այսինքն՝ դա էլ մի ուրիշ ճյուղավորում է: Աթեիզմը կոնկրետ նշանակում է մերժել աստվածությունը՝ աստվածամերժություն: Սա գոնե բացահայտ է, իսկ ով ասում է, թե անհավատ է, նա լողացող, թերահավատության ինչ-որ ոլորտի մեջ է:

-Մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք նույնիսկ աղոթել չգիտեն եւ եկեղեցի չեն գնում…

-Այո՛, ես համաձայն եմ, որ շատ-շատերը չեն գալիս եկեղեցի, շատ-շատերը չգիտեն աղոթել: Հիշում եմ, որ մի ծերունի եկավ ուղղակի հոգեկան խանգարման մեջ եւ ասաց, որ երկփեղկված է, ուզում է զրուցել: Պարզվեց, որ նա սովետական ժամանակներում եղել է աթեիզմի պրոպագանդիստ, գրքերի հեղինակ, բայց հասնելով ծերունական այդ վիճակին, երբ իր պետությունն այլեւս չկա, նրա մեջ պատերազմ է՝ կա՞ Աստված, թե՞ ոչ: Երբ զրուցեցինք միասին եւ աղոթքներ կարդացինք, նա բացեց իր սիրտը եւ երջանկացավ, ու այն գրքերը, որ ինքն ուներ, ուղղակի պատռեց իմ աչքերի առաջ… Հիշում եմ, որ Երուսաղեմում ուխտագնացություններից մեկի ժամանակ հանդիպեցինք Եվրոպայից եկած ամուսինների, որոնք մեզ միացան: Պարզվեց, որ ամուսնու հետ նույն համալսարանում ենք սովորել եւ նույնիսկ ընդհանուր ծանոթներ ունեինք: Բայց մի օր նա խստացրեց տոնը՝ ասելով, որ այդ ամենը սուտ է եւ մարդու կողմից հորինված: Սուրբ վայրում դա մի շռնդալից ապտակ էր դեմքիս: Փորձեցի խոսել Ավետարանից, բայց տեսա՝ շատ կարծր է: Ասացի, որ նա ինչ-որ մեղք է կրում իր ուսերին եւ ցանկանում է թաքցնել, ու հեռացա: Հանկարծ գիշերվա ժամը 3-ին հյուրանոցի դուռը թակում են, բացում եմ եւ տեսնում՝ այդ տղան կանգնած է՝ աչքերում արցունքներ. ուզում է ինձ հետ խոսել: Պարզվեց, որ, իրոք, հագնելով անհավատի կերպարը՝ նա թաքցնում էր իր մեղքերը: Ես չեմ ասի, որ ես դարձի եմ բերել, քավ լիցի: Քրիստոսն է գործ անում նրա սրտի հետ, մարդս ոչինչ է:

-Ըստ ՀՀ Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք ունի խղճի եւ կրոնի ազատություն: Այս ձեւակերպումն արդյոք գոհացնու՞մ է եկեղեցուն:

-Եկեղեցին այսօր գտնվում է շատ դրական վիճակում, որովհետեւ մեր Սահմանադրությունն այսօր, ճիշտ է, չի ասում՝ քրիստոնեական պետություն ենք, բայց ասում է, որ հարգանքով է վերաբերվում Հայ առաքելական եկեղեցուն, որովհետեւ պատմական նշանակություն է ունեցել մեր կյանքում: Դա մեզ, իհարկե, չի բավարարում, ես պարզ ասում եմ: Բայց քանի որ մեզ դեմոկրատ ենք հռչակել եւ խղճի ազատություն տվել, ուրեմն մենք պետք է ուղղակի կարողանանք կերտել մեր ճանապարհը: Մարտահրավերները շատ են՝ եւ՛ դրսից, եւ՛ ներսից: Շատ հեշտ է ճանաչված թշնամու հետ պայքարել, բայց դժվար է, երբ թշնամին ներսից է:

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
6.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031