Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Խեչանյան. «Հավաքականում ոչ մեկի համար տեղ ամրագրված չէ»

Դեկտեմբեր 08,2014 12:30

Ծանրորդները եզրափակեցին մրցաշրջան 2014-ը, որի ընթացքում եղան թե վերելքներ, թե անհաջողություններ: «Առավոտի» հարցերին պատասխանում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը:

-Պարոն Խեչանյան: Ծանրորդներն ավարտեցին մրցաշրջան 2014-ը: Ձեր գնահատականը ֆեդերացիայի կատարած աշխատանքներին:

– Ընդհանուր առմամբ գոհ եմ: Մեր ծանրամարտը վերածնունդ ապրեց: Դա ցույց տվեցին Եվրոպայի պատանիների առաջնությունը, որտեղ գրավեցինք թիմային երկրորդ տեղը, Պատանիների օլիմպիական խաղերը Նանկինում, որտեղ ունեինք երկու ծանրորդ ու երկուսն էլ ոսկե մեդալ նվաճեցին, օրերս Կիպրոսում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ մեր 20 տարեկանները նույնպես գրավեցին թիմային երկրորդ տեղը:

– Նույնը չի կարելի ասել մեծահասակների հավաքականի մասին:

– Ես նրանցից ավելի մեծ սպասելիքներ ունեի: Թեեւ տղաները գլխավոր խնդիրը՝ օլիմպիական հինգ վարկանիշ, կատարեցին, բայց թե նրանց, թե աղջիկների մրցելույթներից, շատ դժգոհ եմ: Բայց վրիպումները, թերությունները վերլուծելու ենք ու համոզված եմ՝ հաջորդ տարի ավելի լավ արդյունքներ կունենանք:

– Հաշվի առնո՞ւմ եք, որ հատկապես տղամարդկանց ազգային հավաքականում չէին մի քանի փորձառու եւ առաջատար ծանրորդներ:

– Այո, մեր տղամարդկանց հավաքականի կազմում վնասվածքների եւ այլ պատճառներով բացակայում էին Տիգրան Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը, Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ ուրիշներ, բայց նրանք իմ տեղեկություններով մարզվում են ու հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կմիանան հավաքականին:

– Ասել է թե, նրանց համար տեղերն ամրագրվա՞ծ են:

– Ոչ: Հիմա նրանք մարզվում են առանձին-առանձին ու բոլորն էլ հավաքականի թեկնածուներ են: Մինչեւ հունվարի կեսերը հավաքներ չենք նախատեսել: Հավաքականի գլխավոր մարզիչը կորոշի ու կազմի համար պատասխանատվություն է կրելու: Իսկ մեր անվանի ծանրորդները պետք է անցածը մոռանան ու լրջորեն մարզվեն: Ոչ մեկի համար հավաքականում տեղ ամրագրված չէ: «Եթե միշտ հետ նայես, տանուլ կտաս, առաջ նայես՝ կհաղթես»: Սա պետք է լինի կարգախոսը:

– Երկար ժամանակ մրցահարթակից բացակայելը չի՞ ազդի միանգամից ակնկալվող մրցելույթներ ունենալու վրա:

– Նրանք պրոֆեսիոնալ մարզիկներ են ու նրանց համար ֆեդերացիան ամեն բան արել է ետ չմնալու համար եւ նորմալ վիճակ ունենալու համար: Պարտադիր չի, որ միանգամից անպայման մեդալներ նվաճեն: Բայց արժանավայել հանդես գալ պարտավոր են:

– Եկող տարվա աշխարհի առաջնությունում նորի՞ց առաջնայինը լինելու են ուղեգրերը, թե՞ արդեն պայքարելու են մեդալների համար:

– Պարտադիր չէ, որ բոլորն էլ շատ բարձր արդյունքներ գրանցեն: Այսօրվա հինգ ուղեգրերը դեռ վերջնական չեն: Եթե հաջորդ առաջնությունում, որն, անկասկած, ավելի ուժեղ է լինելու, ավելի վատ հանդես գան, դա էլ կարող է զրոյանալ: Բնականաբար, պիտի աշխատեն ավելին անել, ինչո՞ւ չէ, նաեւ մրցանակային տեղերի համար:

– Մեր աղջիկների համար ի՞նչ կասեք:

– Աղջիկների ծանրամարտում խնդիրներն ավելի լուրջ են: Եթե հանրապետությունում մեր մարզաձեւով զբաղվում է շուրջ 1200-1300 տղա, որոնց մեջ շատ թե քիչ նորմալ ընտրությունը հնարավոր է, աղջիկների թիվը մոտավորապես 20-25 է, առավել եւս, եթե վնասվածքներ են լինում:

– Աշխարհի առաջնությունում աղջիկների հավաքականը զբաղեցրեց թիմային 22-րդ տեղը, ինչը վարկանիշային միավոր չի տալիս:

– Այո: Բայց համոզված եմ, որ եկող տարի իրենք իրենց երկու ուղեգիրը ձեռք կբերեն:

– Դատելով այս տարվա մրցումներից՝ թվում է, որ տղաների մեջ արժանի հերթափոխ կա: Պատանիներն ու երիտասարդները արդեն գրեթե մեծահասակների արդյունքներ ցույց տալիս: Բայց նույնը չես ասի ազգային հավաքականի մասին:

– Ճիշտ եք նկատել: Նրանցից մի քանիսին՝ Սիմոն Մարտիրոսյանին, Հակոբ Մկրտչյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Իզաբելլա Յայլյանին, Նորայր Ավետիսյանին արդեն կարելի է մեծերի հետ էլ հավաքների հրավիրել ու փորձարկել օլիմպիական խաղերի համար: Նրանք դեռ պատանի են, բայց արդեն գրեթե մեծերի արդյունք են ցույց տալիս: Աղջիկների մեջ լավ պատանիներ ունենք, երիտասարդների համար նույնը չես ասի:

– 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերի ծրագրից կազմակերպիչների առաջարկով ծանրամարտը հանվել է: Դա լա՞վ է, թե՞ վատ:

– Հայաստանի ծանրորդների համար նշանակություն չունի, թե մրցումները որտեղ են անցկացվում՝ Բաքվո՞ւմ, թե՞ Լոս-Անջելեսում: Եթե ծանրամարտը լիներ, միանշանակ կմասնակցեինք ու մեր դրոշը կբարձրացնեինք, օրհներգը կհնչեցնեինք: Եթե որոշվել է ծանրամարտը հանել, միայն մեզ չէ, բոլոր երկրներին է վերաբերվում: Մենք կուզեինք, որ լիներ ու մասնակցեինք:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
6.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031