Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի ֆենոմենը-3

Դեկտեմբեր 08,2014 11:30

Մենք նախորդիվ փորձեցինք ԲՀԿ-ի ու անձամբ Ծառուկյանի քաղաքական առաջընթացի ու հաջողությունների գաղտնիքը հասկանալ, բայց ոնց որ թե՝ չհասկացանք: Պատճառը, կարծում եմ, ոչ թե մեր անհասկացող լինելն է, այլ Ծառուկյան երեւույթի բարդությունը: Իր ողջ պարզությամբ հանդերձ: Ինչպես ասում են՝ աչքի պես պարզ եւ աչքի պես բարդ:
Նախորդ անգամ փորձեցինք Ծառուկյանին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համեմատել, եւ հիմա էդ համեմատությունը շարունակելով՝ պիտի հիմնականում կանգ առնենք այս երկուսի անչարության ու ժպտադեմության վրա, գումարած Ծառուկյանի բարեգործությունը, եւ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության մեջ էլ բարեգործական տարրերն առանձնապես քչություն չեն անում, այդուհանդերձ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում բարեգործությունը հիմնականում առնչվում է յուր տիկնոջ ու «Օրրանի» հետ, մինչդեռ Ծառուկյանի դեպքում բարեգործությունը միայն ու միայն անձամբ Ծառուկյանի հետ է կապվում՝ գումարած մարզական ու օլիմպիական բարեգործությունն ու գործունեությունը:
Մեր համեմատություններն ավարտելով ու սահմանափակվելով՝ կարող ենք եզրակացնել, որ ժողովրդականության իմաստով Ծառուկյանն, այնուամենայնիվ, ինչ-որ չափով Կարապետիչին է նման, ժպտադեմության ու բարեսիրության իմաստով՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ խնդիրները բացառապես սահմանադրական ճանապարհով լուծելու իմաստով՝ կրտսեր Դեմիրճյանին, բայց, այսուհանդերձ, Ծառուկյանը նախ եւ առաջ ինքը իրեն է նման, ու նաեւ իր ինքնատիպության շնորհիվ է քաղաքական դիվիդենդներ վաստակել ու վաստակում:

Չնայած Ծառուկյանն այսօրվա դրությամբ կուսակցություն ու քաղաքական որոշակի թիմ ունի, այդուհանդերձ, ԲՀԿ-ն էլ, ինչպեսեւ ՀԱԿ-ը, ԺԿ-ն, ՀԺԿ-ն, ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն, ՀԴԿ-ն ու գրեթե բոլորը, մարդ-կուսակցություն է: Փաստորեն, Հայաստանում գրեթե բոլոր կուսակցությունները մարդ-կուսակցություններ են՝ բացառությամբ, թերեւս, ՀՅԴ-ի ու ՀԿԿ-ի: Փաստորեն, հայ քաղաքական կյանքում գաղափարականություն ու գաղափարական պայքար գոյություն չունի, եւ այս պայմաններում ծիծաղելի է, որ հատկապես մարդ-կուսակցությունների (ՀԱԿ, ԲՀԿ, ՀԺԿ եւ այլն) ներկայացուցիչներն են հարյուր տոկոսանոց համամասնական ընտրություններ պահանջում:

Կարծում եմ, որ ԲՀԿ-ի անդամները ներքուստ զգում ու գիտակցում են, որ առանց Ծառուկյանի իրենք ընդհանրապես ու մանավանդ խորհրդարանական ընտրություններում լուրջ քանակությամբ ձայներ չեն հավաքի, եւ Ծառուկյանի մեծամասնական ձայների հետ հույսերը կապելով՝ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրություն են պահանջում: Նույնը կարելի է ասել ՀԱԿ-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի կապակցությամբ. այսինքն՝ վստահաբար կարելի է ասել, որ ՀԱԿ-ի ձայներն առնվազն իննսուն տոկոսով առաջին նախագահի մեծամասնական ձայներն են, եւ Տեր-Պետրոսյանի էդ մեծամասնական ձայների հույսով են ՀԱԿ-ականներն այսօր հարյուր տոկոսանոց համամասնական ընտրություններ պահանջում, եւ այս կապակցությամբ անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանում համամասնական ընտրության գաղափարը ոչ թե քաղաքական գաղափարների հետ է կապվում, այլ ընդդիմադիր կողմնորոշումների ու տրամադրությունների, եւ մեզանում արդեն օրինաչափություն է դարձել, որ միշտ ընդդիմությունն է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրություն պահանջում, եւ, համոզված ենք, առաջիկայում ու միշտ էլ էդպես է լինելու, եւ առաջիկայում ու միշտ էլ իշխանությունները կտրականապես դեմ են լինելու հարյուր տոկոսանոց համամասնականին, ու սա էլ է տրամաբանական եւ նույնիսկ բնական, որովհետեւ իշխանական լծակները մեծամասնական ընտրատարածքներում գրեթե անվրեպ են գործում՝ մեծամասնական քվեները գումարելով համամասնական քվեներին, եւ արդյունքում, փաստորեն, ԱԺ-ում միշտ էլ իշխանությունն ավելի շատ մանդատներ է ունենում, քան ընդդիմադիրներն ու մյուսները՝ միասին վերցրած:

Այսուհանդերձ, այլընտրանքային ԲՀԿ-ն ընդդիմադիրների ու մյուսների մեջ ակնհայտ առաջատարն է, եւ այլընտրանքային ենք ասում, որովհետեւ ԱԺ վերջին ընտրություններում ԲՀԿ-ն իրեն իբրեւ այլընտրանք էր ներկայացրել, մինչդեռ այս պահին գրեթե ընդդիմություն է, ավելի ճշգրիտ՝ ոչ իշխանական, իսկ ավելի ստույգ՝ ոչ իշխանական եռյակի (քառյակի, հնգյակի եւ այլն) հույսն ու ապավենը:

Իսկ ավելի պարզ ասած՝ ԲՀԿ-ն ու ոչ իշխանական բոլորը հույսները դրել են անձամբ Ծառուկյանի վրա, եւ չնայած աջուձախից զանազան խորհուրդներ են տալիս, Ծառուկյանն ինքը պիտի որոշի ու ճշգրտի իր գնալիք սահմանադրական ճանապարհն ու երթուղին:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
6.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երվանդ says:

    ԲՀԿ-ն մարդ կուսակցություն չէ. նման կարծքիները շատ հեռու են իրականությունից, իսկ Գագիկ Ծառուկյանի ֆենոմենը նրանում է, որ նա հանդիսանում է ՀՀ ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից մեկը, քանի որ պատրաստ է օգնել ցանկացած մարդու և լսել նրանց խնդիրները

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031