Քիչ առաջ Aravot.am-ին տեղեկություններ հայտնեցին այն մասին, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում, իրար են քաշքշել օդանավակայանի ոստիկաններն ու մի քանի հոգի:
Նշենք, որ այսօր Մոսկվա-Երևան չվերթի օրն է, որը, ըստ ուղևորների, երեկ հետաձգվել էր:
Մենք ծեծկռտուքի մասին տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Արմեն Մալխասյանը մեզ տեղեկացրեց, որ ծեծկռտուք տեղի չի ունեցել, պարզապես քաղաքացիներից մեկը, որի մայրը Մոսկվա -Գյումրի չվերթով «Շիրակ» օդանավակայան է ժամանել, վատացել է, քաղաքացին էլ փորձել է անցնել անվտանգության գոտին՝ մորը հենց այնտեղ դիմավորելու ու օգնություն ցույց տալու: Բնականաբար, վերջինս արժանացել է անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, սակայն , երբ ներս չեն թողել, ու համառորեն ցանկացել է անվտանգության գոտի մտնել, օդակայանի ոստիկանն է միջամտել՝ փորձելով կարգի հրավիրել ու հանգստացնել վրդովված քաղաքացուն:
Պարզվել է , որ նրա մոր Մոսկվայից ժամանելը կապված է հոր մահվան հետ, հոր դիակը տանն է դրված:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը ստուգել է այս փաստը, ճշտել, որ իրոք հայրը մահացել է: Քաղաքացին եղել է իր հարազատների հետ, հարազատները ևս փորձել են հանգստացնել նրան:
Ըստ Արմեն Մալխասյանի, օդանավակայանի այդ հատվածը տեսանկարահանվում է, այնպես որ կպարզվի, թե ինչ է իրականում կատարվել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ