1988 թվականի դաժան երկրաշարժից հետո 26 տարի անց Գյումրին դարձյալ անտեսելու, քաղաքի բնակիչներից շատերին դեռ քայքայված, նեխած տնակներում բնակության թողնելու, երեխաների մանկությունը խլելու, նրանց սովի, ծայրահեղ թշվառության մատնելու պատճառով գյումրեցիները դեկտեմբերի 7-ը հայտարարել են որպես ամոթի օր՝ ամոթանք տալով Հայաստանի իշխանություններին:
Ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի՝ երեկվանից համացանցում փոխվեցին գյումրեցի բոլոր օգտատերերի ֆեյսբուքյան գլխավոր նկարները: Անձնանկարները փոխարինվեցին 1988 թվականին ավերակների վերածվող հարազատ քաղաքի պատկերով: Գյումրեցի օգտատերերի մեկնաբանմամբ՝ մեր քաղաքը ու մեր զոհերին այլևս ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի հիշում, նկարները փոխելով՝ մենք պիտի հիշենք:
Համացանցում հայտնվեց նաև «Ամոթի օր» էջը՝ Գյումրու թշվառությունը պատկերող 26 լուսանկարներով: Լուսանկարներում անտերության մատնված 26 ընտանիքի կյանք է, որոնց օգնելու նպատակով նախատեսվում է դրամահավաք: Այն կսկսվի այսօրվանից ու կավարտվի 10 օր հետո՝ դեկտեմբերի 17-ին:
«1988 թվականի աղետալի երկրաշարժից անցել է 26 տարի, սակայն, չնայած անցած տարիների շինարարություններին եւ խոստումներին, Գյումրիում անօթեւան են դեռ 4.000 ընտանիք, Գյումրիում յուրաքանչյուր երկրորդը աղքատ է:
Այս ծայրահեղ ծանր պայմաններում ապրում են հազարավոր երեխաներ, ծերեր, թոշակառուներ եւ հաշմանդամներ: Անհնար է մեկ ֆոտոշարքով ներկայացնել բոլոր այն դաժան պայմանները, որոնցում ապրում են այս մարդիկ:
Արդեն երկրորդ անգամ կազմակերպում ենք «Ամոթի Օր» բողոքի լուսանկարչական շարքի ցուցադրություն Գյումրու անօթեւան ընտանիքների մասին», նշված է «Ամոթի Օր» էջում:
Կարդացեք նաև
Տեսնելով, որ այսօր բարձրաստիճան պաշտոնյաներից և ոչ մեկը չէր բարեհաճել Գյումրի, երկրաշարժի զոհերի հիշատակի մոտ հավաքված գյումրեցիներն ասում էին, «Իսկական թե էսօր ամոթ օր է»:
Լուսանկարները՝ Հայկ Բարսեղյանի «Ամոթի Օր» շարքից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ