Երեկ Կապանի տարածաշրջանում` Ծավ-Շիշկերտ ճանապարհին, տեղի ունեցած խոշոր քարաթափման հետեւանքով փակվել էր գյուղը Կապանին կապող միակ ճանապարհը: Ինչպես պարզեցինք` ճանապարհն այսօր էլ դեռ շարունակում է երկկողմանի փակ մնալ:
Ծավ գյուղական համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը քիչ առաջ դեպքի վայրից մեզ փոխանցեց, որ ժայռերի նման խոշոր չափի փլուզում առաջին անգամ է գրանցվել իրենց մոտ այս տարիների ընթացքում: «Վտանգը դեռ չի անցել, ճանապարհի երկայնքով դեռ էլի մեծ ժայռաբեկորներ կան կախված, որոնք կարող են ամեն պահի փլվել: Փոքր քարաթափումներ այս հատվածում ամեն տարի լինում են, բայց նման խոշոր փլուզում չի եղել: Հիմա ճանապարհը երկկողմանի փակ է, Շիշկերտ գյուղը լրիվ կտրված է մարզկենտրոն Կապանից, մոտ 30 մարդ կա գյուղում այս պահին, որոնք չեն կարողանում գյուղից տեղաշարժվել: Նույնիսկ Մեղրիից երկու մեքենա եկել է գնացել Շիշկերտ բարեկամներին հյուր, հիմա մնացել են էնտեղ գերի, չեն կարողանում դուրս գալ գյուղից: Բնակիչները կամ պետք է գան, ոտքով անցնեն այդ հատվածը ու Ծավից մեքենայով գնան քաղաք, կամ էլ` հակառակը, մինչեւ ճանապարհը կբացվի»,- ասաց Ծավ համայնքի վարչական տարածքում ընդգրկված Ծավ եւ Շիշկերտ գյուղերի ղեկավար Սեյրան Զաքարյանը: Նրա հավաստմամբ` ճանապարհը կարճ ժամանակահատվածում հնարավոր չի լինելու բացել, փլվածքը մեծ է, դեռ նոր պայթեցումներ պետք է արվեն եւ հզոր տեխնիկաների միջոցով մաքրման աշխատանքներ տարվեն: Իսկ փլուզման մասին տեղյակ է պահել համապատասխան բոլոր կառույցներին:
«Սյունիքի մարզպետարանի, ճանապարհաշինարարական ընկերության եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները եղել են տեղում: Այժմ մեխանիզմներ են բերում գյուղ, Երեւանից էլ պետք է մասնագետներ գան` պայթեցումներ անեն: Նախկինում` 80-ականներին, երբ այս ճանապարհը բացել են, պայթեցումներից ժայռերը թուլացել են, դրա համար էլ ամեն տարի փլվածքներ են լինում էս ճանապարհին, վերջին այս խոշոր փլուզմանը նպաստեցին նաեւ անձրեւներն ու ձյունը», – տեղեկացրեց գյուղապետ Սեյրան Զաքարյանը եւ հավելեց, որ այս պահին դեռ պարզ չէ, թե երբ կհաջողվի բացել Ծավ-Շիշկերտ ճանապարհահատվածը, այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում: Հիշեցնենք, որ երեկ ժամը 17.00-ի սահմաններում Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ վրա խոշոր չափի քարաթափում է տեղի ունեցել, որի հետագծով Շիշկերտ գյուղ մարզկենտրոն Կապանին կապող միակ ճանապարհը /մոտ 30 մ/երկկողմանի փակվել է:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ