Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունիսոն» հ/կ-ի ղեկավար. «2022-ին  կունենանք 100 %-անոց ձեւականություն»

Դեկտեմբեր 07,2014 10:18

Ըստ Արմեն Ալավերդյանի, ներառական կրթությունը Հայաստանում ձեւական բնույթ է կրում

«IDEAS ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար » ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 6-ից Ծաղկաձորում մեկնարկել է «Ոչինչ մեր մասին՝ առանց մեզ» քառօրյա դասընթացը, որն իրականացնում է Բրիտանական խորհուրդը՝ Եվրոպական միության  ֆինանսավորմամբ:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հորդանանում, Լիբանանում եւ Ուկրաինայում:

«Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը ներկայացրեց  հաշմանդամության ներկա իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, ապա խոսեց հաշմանդամության բժշկական և սոցիալական մոդելների ու  դրանց տարբերությունների մասին:

Պարոն Ալավերդյանն ասաց, որ իրենց ցանկությունն է,  որ երկիրն ավելի ներառական դառնա, պակասեն ձեւական բնույթի ծրագրերը: Նա նաեւ փաստեց, որ վերջին երկու տարում Երեւանում բավականին  դրական փոփոխություններ են կատարվել, սկսել են լավ թեքահարթակներ կառուցել, որոշ չափով հեշտացել է տեղաշարժը: «Վերջապես երկար կունենանք նաեւ երկար սպասված մեր տասը ավտոբուսները՝ վերելակներով, գուցե  նաեւ կնկարվենք այդ ֆոնի վրա»,-  կես կատակ-կես լուրջ հավելեց պարոն Ալավերդյանը:

«Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրենը  անդրադառնալով ներառական կրթությանը, նշեց, որ հաճախ հայաստանցի պաշտոնյաները շրջագայելով տարբեր երկրներում՝ հայտարարում են, թե ներառական կրթության առումով Հայաստանն առաջատար է ԱՊՀ-ում, իրականում, նրա խոսքով,  Հայաստանում 100-ից ավելի դպրոցներ կան, որոնք ունեն ընդամենը թեքահարթակ, մինչդեռ անմատչելի են դասասեղանները, սանհանգույցը, դպրոցի տնօրինությունն էլ պատրաստված չէ: «Նման դպրոցներում կարող են սովորել թեթեւ խնդիր ունեցող երեխաները, իսկ եթե կույր երեխա կա՞»,-տարակուսանք հայտնեց Արմեն Ալավերդյանը: «Ասում են 2022-ին  100 %-անոց ներառական կրթություն կլինի, այսինքն` ստացվում է 100 %-անոց  ձեւականություն կլինի: Մինչդեռ ավելի լավ կլիներ ունենայինք ավելի քիչ, բայց իրականում ներառական կրթություն իրականացնող դպրոցներ»,- փաստում է Արմեն Ալավերդյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031