Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Հպարտություն և նախապաշարմունքը» կարդալիս անընդհատ  հիասթափվում էի»

Դեկտեմբեր 06,2014 21:40

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն առաջինն էր «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծում, որը չէր հավանել իր կողմից ներկայացվելիք՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» ստեղծագործությունը: Այդ իսկ պատճառով, այսօրվա  քննարկումը շատ տարբերվեց նախկին քննարկումներից. «Ես «1984»-ն էի ուզում, բայց այն արդեն Արծվիկ Մինասյանն էր «գրավել»: Չեմ ուզում թաքցնել, որ կարդալիս  անընդհատ հիասթափվում էի: Հինգ աղջիկ ունեցող մոր կերպարն ինձ շատ զայրացնում էր: Ինքս ինձ ասում էի՝ հիմա այսքան ժամանակ պետք է ծախսեմ՝ տեսնելու համար, թե այս կինն ինչպե՞ս է ուզում իր աղջիկներին ամուսնացնել: Բայց քանի որ խոստացել էի նախագծի կազմակերպիչ Մանուկ Նիգոյանին  կարդալ գիրքն ու այսօր էլ պետք է հանդիպեի ձեզ հետ, տնային աշխատանքս կատարած ներկայացել եմ:

Բայց, այնուամենայնիվ, չկա այնպիսի գիրք, որ  կարդաս ու վերջում  ինչ-որ գաղափար չծնվի մեջդ ու չասես՝ ինչ լավ է, որ կարդացի: «Հպարտություն և նախապաշարմունք» գիրքը կարդալիս  անընդհատ մտածում էի՝ ինչ կարմիր թել պետք է հանել այս գրքից ու դնել  երիտասարդների դիմաց, որպեսզի նրանք էլ ցանկանան կարդալ այս գործը: Կարծես թե գտա. գիրքը մարդկանց մեջ եղած կարծրատիպերը կոտրելու ու հաղթահարելու մասին է»,-ասաց նա:

Տիկին Բախշյանի ուշադրությունը գրավել էր գրքի կերպարների խոսելաձևը. ընտանիքի անդամներն իրար հետ խոսում են  ընդգծված հարգանքով, բայց և  որոշակի սառնությամբ: Այս առումով գիրքը հետաքրքիր էր, բայց ինչպես պարզ դարձավ ընդհանուր քննարկումից, ի տարբերություն հյուրերի՝  տիկին Բախշյանը դժվար թե ցանկանա «Հպարտություն և նախապաշարմունքը» վերընթերցել:

Aravot.am-ը հարցրեց, թե այդ դեպքում, եթե տիկին Բախշյանը չի հավանել գիրքը, ի՞նչն է ստիպել ըստ նրա, որ Օսթինի այս ստեղծագործությունը 19-րդ դարից հասնի 21-րդ ու մեր քննարկման կենտրոնը  դառնա, պատասխանեց. «Բոլոր ժամանակներում այդ նախապաշարմունքը եղել է ու կա: Այս գրքով հեղինակը պատմեց այն մասին, որ  նույնիսկ այն ժամանակ Անգլիայում, որտեղ չափազանց կարծր էր այդ դրվածքը, Դարսին՝ հերոսներից մեկը, սիրեց ավելի ցածր խավից մեկին, սա է գրքի գլխավոր դասը»:

Տիկին Բախշյանը շատ է կարևորում երիտասարդների շփումը. «Ես գնահատում եմ երիտասարդների հետ տարբեր տեսակի հնարավոր հանդիպումները, որովհետև եթե իմ տարիքի մարդը կորցնի երիտասարդների հետ շփման առիթները, ոչ մեկի համար ընդունելի չի լինի: Իսկ երբ շփվում ես նրանց հետ, հասկանում ես՝ քսան, տասնութ տարեկան երիտասարդների գլխում ինչ է կատարվում, ինչ են ուզում ու մտածում: Դուք քննարկման ընթացքում այնպիսի բաներ ասացիք, որ դրանց մասին ես նույնիսկ չէի մտածել: Այս կյանքում «զարկերակի վրա» մնալու համար շատ կարևոր է երիտասարդների հետ շփումը: Չնայած ամեն ինչին, շատ շնորհակալ եմ, որ ստիպեցիք ինձ կարդալ այս գիրքը, ես հասկացա, որ բոլոր ժամանակներում նախապաշարմունքները խանգարում են, վնաս են, ու կեցցեն այն մարդիկ, որոնք կարողանում են իրենց ժամանակի նախապաշարմունքներից դուրս գալ, կոտրել կարծրատիպերը»:

Սյունե Սևադա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մուշեղ says:

    Անահիտ Բախշյան,հիմա ել ֆիլմը նաեք

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031