Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բակում տեղի ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովը: «Ժառանգության» առաջնորդը, գալով հրապարակ, ինչպես միշտ, հատ-հատ ձեռքով ողջունեց բոլոր մասնակիցներին, հարցուփորձ արեց նրանց, հետաքրքրվեց հավաքվածների առողջությամբ ու շարժվեց միկրոֆոնի մոտ՝ ելույթ ունենալու: Փոքր-ինչ ուշացումով տեղ հասավ Զարուհի Փոստանջյանը, ու երբ մասնակիցները տեսան նրան՝սկսեցին իրար խառնվել՝ բացականչելով. «Վայ , Զառան, Զառան»: Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ մի տարեց մարդ, անցավ իր դիմաց կանգնած Զարուհի Փոստանջյանի մոտ՝ բարձրաձայն բացականչելով՝ «Տղամարդ աղջիկ ես դու, Զարուհի ջան, հալալ լինի քեզ, հատուկ ես էլի էդ Ազգային ժողովի պատգամավորների մեջ»: Տիկին Փոստանջյանը խնդրեց չխանգարել ելույթը:
Րաֆֆի Հովհաննիսյանին ճանապարհելիս էլ ՝ նրան շրջապատած մարդիկ ասացին, որ այս երկիրը չի ուղղվի: «Րաֆֆիկ ջան, թե դու կարողացար շրջել, կշրջվի, թե չէ խուժանի երկիր է դարձել», -ասաց մի կին: Նրանցից մեկն էլ թագավոր անվանեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որին ի պատասխան «Ժառանգության» առաջնորդը հորդորեց. «Խնդրում եմ, միայն ոչ թագավոր»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ