Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բակում տեղի ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ժողովը, որին մասնակցում էին նաև Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ բավական ցուրտ, խոնավ եղանակ է Գյումրիում, սակայն սա չէր խանգարել, որ սոցիալական խնդիրների մեջ թաղված տարեց մարդկանցից շատերը գային կիսվելու «Ժառանգության» ներկայացուցիչների հետ:
Ընդհանուր առմամբ ժողովի մասնակիցների թիվը մեծ չէր, սակայն հետաքրքիրն այն էր , որ ժողովին մասնակցում էր մի ձմեռ պապի: Վերջինս ամբողջ ընթացքում գալիս ու մտնում էր հավաքվածների մեջ՝ այսպիսով շեղելով բոլորի ուշադրությունը: Մասնակցում էին նաև ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք, սակայն, քաղաքացիական հագուստով էին ու համակ ուշադրությամբ ունկնդրում էին՝ամենայն հավանականությամբ կասկածներ չառաջացնելու նպատակով, տարեցները, « Ժառանգություն» կուսակցության տեղի ներկայացուցիչները ու մի քանի մարդ այլ կուսակցություններից՝ ՀԱԿ, Դաշնակցությունից: Ժողովը չանցավ հարց ու պատասխանի ֆորմատով, ելույթ ունեցան Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը ու տեղի մի քանի ներկայացուցիչներ:
Նշենք, որ կեսից, ելույթների ընթացքում հայտնվեց մի հարբած տղամարդ , որը ճոճվելով , ոտքի վրա կանգնել չկարողանալով՝ մատնացույց էր տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին ու բացականչում էր. «Դու լավ մարդ ես, դու պիտի լինեիր մեր երկրի նախագահն, ոչ թե էն, էն…»:Չնայած նրան ամեն կերպ փորձում էին հեռացնել, որպեսզի չխանգարի ելույթները, համոզում էին, թևերի տակ ընկնում, որ տանեն, սակայն հնար չկար:
Կարդացեք նաև
Նշենք, որ ժողովը տևեց մոտ 1,5 ժամ, մասնակիցները ժողովից հետո փաթաթվում էին Րաֆֆի Հովհաննիսյանին, օրհնում նրան, յուրահատուկ ձևով մեծարում էին նաև Զարուհի Փոստանջյանին՝ ամբողջ ընթացքում նրան ուղղված փաղաքշական խոսքեր բացականչելով:
Քաղաքացիական ժողովի ելույթների մասին քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ