Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտու բնակիչները  ավելի քան 20 տարի  սպասում են բնական գազի

Դեկտեմբեր 06,2014 19:17

Գազատարը կառուցված է, գազ չկա

Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ)  պետական հիմնարկի կողմից, Հայաստանին տրված վարկային միջոցներով, 2007 թվականից սկսած գազաֆիկացվել են  Տավուշի մարզի սահմանամերձ  Աչաջուր, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Չինարի համայնքները: 2012 թ.-ից  գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս,Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան եւ Ջուջեւան համայնքներում: Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ  գազախողովակաշար:

Սահմանամերձ վերոհիշյալ  6 գյուղերից խորհրդային տարիներին միայն Ոսկեպարն է գազաֆիկացված եղել: Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող  ադրբեջանական Յուխարի  Աքսիբարա գյուղը սնուցող  գազատարն անցնում էր Ոսկեպարի  տարածքով: Դրա համար  Ոսկեպարի բնակիչները անցյալ դարի 80-ական թվականներին Ադրբեջանի տարածքից ձգվող  գազատարից  անվճար էին օգտվում:

Ներկայումս այդ համայնքներում  գազաֆիկացման աշխատանքներն ավարտված են: Ջուջեւանում գազատար խողովակն անցկացված է, սակայն ներքին ցանցը  դեռ կառուցված չէ: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ  այդ համայնքների ղեկավարները չգիտեն, թե երբ կգործարկվեն գազատարները, երբ   կօգտվեն  կապույտ վառելիքից:  2014թ. հունիսի 1-ին   նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ոսկեվանում բացվեց մանկապարտեզ, որի կառուցման համար ծախսվել է 117 միլիոն դրամ: Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ նորակառույց շենքը պետք է ջեռուցեն բնական գազով, եթե փայտ այրող վառարաններ տեղադրեն, շենքի ներսը կվնասվի: Գյուղապետի խոսքերով` մանկապարտեզում  առայժմ  էլեկտրական տաքացուցիչներ են տեղադրել, սակայն ձմռան ցրտին այդ տաքացուցիչներով ջեռուցման  խնդիրը չի լուծվի, ստիպված կլինեն  փայտ այրող վառարաններ տեղադրել:

Մեր տեղեկություններով`սահմանամերձ  գյուղերում կառուցված  գազատար ցանցերի չգործարկելու պատճառն այն է, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի»  կողմից Հայաստանի տարբեր մարզերի համայնքներում կառուցված գազատար ցանցերը դեռ չեն հանձնվել գազի շահագործման ձեռնարկությանը: Այդ կազմակերպությունը դրանք  պետք է հանձնի  համայնքապետարաններին, որոնք էլ իրենց հերթին պետք է անհատույց օգտագործման հանձնեն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Այդ հանձնում-ընդունումները չեն կայացել, Տավուշի  սահմանամերձ համայնքները ձմռանը  նորից  մնացել են անտառի հույսին,  ավելացել  են  անտառահատումները:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031