Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Հովհաննիսյանը` Գայանե Առուստամյանի հետ միջադեպի մասին. «Հերթական սպեկուլյացիան է»

Դեկտեմբեր 06,2014 18:34

«Այս հայտարարությունը հերթական սպեկուլյացիան է, իրենց մասին հիշեցնելու, արևմուտքին հիշեցնելու, որ այստեղ ճնշված են և աջակցության կարիք ունեն, անկախական շարժումը պառակտելու նպատակ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հայտարարությանը,  որտեղ դատապարտվում էր այն, որ Արմեն Հովհաննիսյանը լրագրող Գայանե Առուստամյանի հասցեին սեռական հայհոյանքներ է հնչեցրել, հարձակվել նրա վրա,  այսպես պատասխանեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ և կազմակերպություններ այսօր հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ամրագրված է. «ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրին միանալու մասին փաստաթղթի վավերացման դեմ հանրային բողոքի գործողությունների ռազմավարությունը քննարկելու նպատակով դեկտեմբերի 1-ին ՀՌԱԱՀ գրասենյակում հավաքված մի շարք հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչների եւ անհատ քաղաքացիների ներկայությամբ ազգայնական «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը` ԵՄ դրոշով ակցիային մասնակցելու առաջարկությամբ հանդես գալու համար՝ լրագրող, հասարակական ակտիվիստ Գայանե Առուստամյանի հասցեին նախ սեռական բռնության սպառնալիք և հայհոյանքներ է հնչեցրել, այնուհետև տեղից վեր է կացել և հարձակվել նրա վրա: Գայանե Առուստամյանը հարկադրված է եղել դիմելու ինքնապաշտպանության, իսկ Արմեն Հովհաննիսյանը և նրա կուսակիցները դուրս են հրավիրվել տարածքից»:

Արմեն Հովհաննիսյանը  չցանկացավ մանրամասն պարզաբանումներ ներկայացնել ու ասաց. «Իրենք, որքան գիտեմ, դիմել են նաև ոստիկանություն: Ես պարզաբանումները կտամ օրենքի համաձայն, որտեղ պետք է և ինչպես պետք է: Մամուլին ասելիք չունեմ, քանի որ սա արդեն լրիվ ուրիշ շրջանակների երևույթ է»: Մեր հարցին՝այն, ինչ նկարագրված է հայտարարության մեջ, համապատասխանո՞ւմ է իրականությանը, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ի՞նչ եք սպասում, որ ես պատասխանեմ.  իհարկե, ոչ: Հիմա, եթե ես սկսեմ բացատրություն տալ, թե ինչը՝ այո, ինչը՝ ոչ, մենք կանցնենք մանր քննարկումների դաշտ, բայց ես կցանկանայի դրանից խուսափել»: Այնուհետև պարոն Հովհաննիսյանն ասաց, թե սա առաջին դեպքը չէ, որ հայազնականների հետ նման բան է եղել ու մանրամասնեց. «ՀՀ ոստիկանությունը երկար քննություն է իրականացրել ու պարզել, որ ոչինչ չկա դրա տակ: Սա արդեն երկրորդ դեպքն է, նմանատիպ եղել են դեպքեր ու կլինեն, ես դրան սովոր եմ և շատ հանգիստ եմ վերաբերվում այդ ամենին: Թող այս անգամ էլ իրականացվի մանրամասն քննություն: Այնտեղ եղել է տասից ավելի վկա, այնպես որ, այդ ամենը գաղտնիք մնալ չի կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031