Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Բ.Ս-ի անմեղսունակության փաստը հաստատելու, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու եւ Սյունիքի մարզային հոգեբուժարան տեղավորելու՝ անվտանգության միջոց կիրառելու մասին:
Aravot.am-ի տեղեկություններով, Բ.Ս-ն փորձել է սպանել Նորայր Զաքարյանին:
Վերջինը հաղորդում էր տվել ոստիկանության Մեղրիի բաժնում, որ Բ.Ս-ն անասնագոմի տանիքում կացնով հարձակվել է իր վրա եւ փորձել սպանել:
Ըստ այդ հաղորդման, տուժողը իր ծառայության ընթացքում ծանոթացել է Բ.Ս.-ի հետ:
Կարդացեք նաև
Բ.Ս-ն բնակվել է տուժողին պատկանող անասնագոմի տանիքում, այնտեղ տեղադրելով վրան-կացարանը:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր նաեւ, որ Բ.Ս-ն Նորայրին «ընկալել» է որպես երկրի թշնամի, լրտես: Տուժողի ուշադրությունը շեղելու նպատակով նա բարձի բմբուլները նրա ուղղությամբ է շպրտել, ապա նետել կացինը նրա գլխի ուղղությամբ, որից կարողացել է խուսափել տուժողը:
Նախաքննության ժամանակ պարզվել էր, որ Բ.Ս.-ն հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում», դանդաղընթաց շիզոֆրենիա պարանոիդ սինդրոմ ախտորոշմամբ:
Հանցանքը կատարելու ժամանակ ըստ փորձագիտական եզրակացության, Բ.Ս.-ն գտնվել է «զառանցկան ապրումների ազդեցության ներքո»:
Նա անմեղսունակ է: Դատարանը երկու օր առաջ որոշում է կայացրել, հոգեբուժարան տեղավորելով նրա նկատմամբ կիրառել անվտանգության միջոց, կալանքը փոխելով, քանի որ նա վտանգ է ներկայացնում հանրության համար:
Ի դեպ, կալանավորվածը 1937թ.ծնված էր, երրորդ դասարանի կրթությամբ, նախկինում դատված, ամուրի:
Ռ.Մ.