Ուղիղ 20 տարի առաջ, 1994 թվականի դեկտեմբերի 6-ին ես մտա Մամուլի շենքի 10-րդ հարկի «Առավոտ» թերթի վարձակալած «հարկաբաժինը» եւ դարձա այդ թերթի խմբագիրը: Առաջին խոսակցությունս այն սեղանի շուրջ էր, որը հիմա էլ դրված է իմ սենյակում՝ նույն շենքի 15-րդ հարկում: Խոսակցությանը մասնակցում էին թերթի առաջին խմբագիր, հրաշալի անձնավորություն եւ մտավորական Իգնատ Մամյանը (որը, ցավոք, հիմա մեզ հետ չէ), ինչպես նաեւ Սուքիասյան եղբայրները՝ Խաչատուրն ու Սարիբեկը: Մինչ այդ նախնական խոսակցություն էր տեղի ունեցել Վանո Սիրադեղյանի հետ:
Ես շնորհակալ եմ վերը թվարկած մարդկանցից: Ինչո՞ւ.
ա/ այդ գործի բերումով հնարավորություն ունեցա շփվելու հազարավոր ամենատարբեր մարդկանց հետ, որոնցից 90 տոկոսը դրական իմպուլսներ են տվել իմ կյանքին,
բ/ այդ գործն ինձ հնարավորություն տվեց կատարելագործելու իմ մասնագիտական ունակությունները, ինչն, իհարկե, շարունակվում է այսօր եւ շարունակվելու է միշտ,
Կարդացեք նաև
գ/ այդ գործն ինձ մղել է՝ խորանալու մայրենի լեզվի ուսումնասիրության մեջ, եւ դա, անշուշտ, պետք է շարունակվի, որովհետեւ արդյունքներն ինձ չեն բավարարում (օրինակ, ես պարբերաբար մոռանում եմ, որ «արհամարհելը» գրվում է փափուկ «ր»-ով եւ սխալմամբ ենթադրում եմ, որ այդ բառի ծագումնաբանության մեջ կա «առ» արմատը):
20 տարի խմբագիր աշխատելով ես իմ թերթի միջոցով, ոչ միայն իմ հեղինակած հրապարակումներով, շատ մարդկանց ցավ եմ պատճառել: Երբեմն ես հենց այդպիսի նպատակ էլ ունեցել եմ, բայց մեծ մասամբ պարզապես այդպես է ստացվել՝ իրադարձությունների կամ կարծիքների շարադրանքն էր դրան հանգեցնում: Երկու դեպքում էլ անկեղծորեն ցավում եմ դրա համար:
20 տարի խմբագիր աշխատելով ստացել եմ բազմաթիվ մեծ ու փոքր խայթոցներ: Երբեմն թիրախն անձամբ ես էի, բայց մեծ մասամբ մարդիկ պարզապես դառնացած, չարացած էին աշխարհից, Հայաստանից կամ օրվա իշխանություններից ու իրենց չարությունը թափում էին ինձ վրա: Երկու դեպքում էլ ամենայն անկեղծությամբ հայտարարում եմ՝ ես այս խայթոցներից չեմ նեղվում:
35 եւ 55 տարեկանում տարբեր ձեւով ես կյանքն ընկալում: Ամենակարեւոր դասը, որը ես քաղեցի այս երկու տասնամյակների ընթացքում հետեւյալն է. ցանկացած բացասական էմոցիա, որը ծնվում է քո հոգում, որեւէ վնաս չի տալիս այդ էմոցիայի «օբյեկտին»: Ընդհանրապես որեւէ մեկին վնաս չի տալիս՝ մեկ բացառությամբ: Եվ այդ բացառությունը դու ես:
Արամ Աբրահամյան