Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան.«Հնարավոր է ընդհանրապես արտահանման անկում ունենանք»

Դեկտեմբեր 06,2014 16:07

«2009 թվականի ճգնաժամից հետո կյանքը ցույց տվեց, որ ներկայիս ճգնաժամը ցիկլային է եւ նորից կրկնվում է:  Մենք, փաստորեն, չկարողացանք հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնք հստակ ծառացան մեր առջեւ 2009 թվականից հետո: Մեր մակրոտնտեսական ցուցանիշները գնալով վատանում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Անալիտիկ» կենտրոնում անդրադառնալով Հայաստանում տնտեսական դժվարություններին՝ ասաց  տնտեսագետ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Միքայել Մելքումյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ ՀՆԱ-ում աճ վերջին հինգ տարիներին գրանցվել է միայն 2012 թվականին: Ըստ նրա, այս տարին էապես տարբերվել է նախորդ տարիներից նրանով, որ առաջին անգամ արտահանման աճը եւ ներմուծման աճը հավասարվել են՝  կազմելով 2,8 տոկոս. «Սա բավականին ցավալի փաստ է, քանի որ անցյալ տարիներին արտահանման աճի տեմպը անընդհատ գերազանցել է ներկրման աճի տեմպին»:

Տնտեսագետը տեղեկացրեց, որ այս տարի հունվարից մինչեւ հոկտեմբեր ամիսներին եղել է ընդամենը 1 միլիարդ 250 միլիոն դոլարի արտահանում, իսկ 2013 թվականին՝ 1 միլիարդ 650 միլիոն. «Իսկ նոյեմբերն ու դեկտեմբերը հույս չեն տալիս, քանի որ նոր պայմանագրեր չեն կնքվում եւ արտահանման ծավալների դիմաց արժեզրկված գումար են տալիս: Կարող եմ ասել, որ հնարավոր է ընդհանրապես արտահանման անկում ունենանք»:  Միքայել Մելքումյանի խոսքով՝ նաեւ արդյունաբերության ոլորտն է անկում ապրում. «Մենք չենք դառնում արտադրող երկիր, եւ գնում ենք առեւտրի զարգացման եւ այլ ոլորտների զարգացման ճանապարհով»:

Անդրադառնալով դրամի փոխարժեքի տատանումներին, պրն Մելքումյանը տեսակետ հայտնեց, որ այս պարագայում ժողովուրդը պետք է ամենաքիչը տուժի. «Պետք է աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել, այն հաշվով, ինչքան գնաճ ունենք»:

Պրն Մելքումյանը նաեւ առաջարկում է արտահանողներին օգտվել դրամի տատանումներից: Նրա խոսքով՝ արտահանման խթանման պարագայում իրենց գումարը կստանան դոլարով, իսկ այստեղ աշխատավարձերը եւ մյուս այլ ծախսերը կվճարեն դրամով, սակայն այս առումով ներկրողներն են տուժելու:

Պրն Մելքումյանը վստահ է, որ պետք է գնալ դեպի դրամայնացման մակարդակի բարձրացում: Իսկ ինչ վերաբերվում է կենտրոնական բանկի վարած քաղաքականությանը՝ Միքայել Մելքումյանը տեսակետ հայտնեց, որ ԿԲ-ն չպիտի սահմանափակվի գնաճի նպատակադրման քաղաքականությամբ եւ ընդամենը պահի գների կայունությունը. «Միայն գնաճի կայունացումը չպետք է լինի ԿԲ-ի թիրախը, այլ արտահանման խթանումը, նոր աշխատատեղերի ստեղծումը»:

Aravot.am-ի հարցին, թե արտահանման անկումը արդյոք կախվա՞ծ չէ այն հանգամանքից, որ Արեւմուտքը շարունակում է Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն վարել եւ ԵՏՄ մտնելով մեր արդյունքները չեն բարելավվի, պրն Մելքումյանը պատասխանեց, որ դրանք շաղկապված են. «Սակայն որ միությունում էլ լինենք, լինի դա ԵՏՄ-ն, թե ԵՄ-ն, միայն գրագետ եւ ծանրակշիռ տնտեսության կազմակերպման միջոցով կարելի է հասնել արդյունքի: Այս կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հետ կապված ունեմ տարակարծություններ: Եթե մեր կառավարությունը գնում է դեպի կոշտ ֆինանսավարկային քաղաքականության, դրա արդյունքում ժողովրդի կենսամակարդակը չի աճում: Դրա ապացույցը պաշտոնական վիճակագրական տվյալներն են՝ ներդրումների քանակը պակասում է, ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը 41 տոկոսից իջել է 20,8 տոկոս եւ, ինչպես արդեն նշեցի, արտահանման ծավալներն են նվազում: Այս բացը պետք է լրացնել երեք բաղադրիչներով՝ ներդրումներ, արտահանման ծավալների ավելացում եւ տրանսֆերտների ավելացմամբ: Մեր արտադրողները մատչելի վարկեր, սուբսիդիաներ ստանալու դեպքում ծավալ եւ որակ կապահովեն: Ռուսաստանի շուկան մեզ համար շատ մեծ է, իսկ որպեսզի շատ արտադրենք, մեզ պետք է աշխատանքի, արտադրողականության բարձրացում: Նաեւ հիմնարար գիտությունը պետք է մոտեցնել կիրառական գիտությանը՝, այսինքն` մոտեցնել գիտությունը արտադրությանը»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031