«Առաջին բանը, որ ուզում եմ մեծատառերով ասել, այն է, որ մեր երկրում տիրող ամենաթողությունը չի խնայում նույնիսկ երեխաներին: Նույն այդ մանկապարտեզում կարող էին իշխանության ներկայացուցիչների երեխաները լինել, բայց նույնիսկ դա չի զսպում նրանց՝ հնարավորինս զերծ պահել մանուկներին իրենց թալանից,-այսօր, «Հայք» վերլուծական կենտրոնում, անդրադառնալով Եղվարդի մանկապարտեզի թունավորման դեպքին, ասաց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը,- Այն, որ համայնքային իշխանություններն իրենց տեղում չեն, սրա մասին հատկապես եմ ուզում նշել: Եղվարդի քաղաքապետը լրատվությամբ հայտարարեց, որ ինքը սննդի հետ գործ չունի: Կներեք, օրենքի մեջ հստակ գրված են համայնքի ղեկավարի պարտականությունները, և մանկապարտեզում օգտագործվող սննդին հետևելը նույնպես նրա գործն է: Հարգելի քաղաքապետ, նախքան ձեր թեկնածությունը դնելը, այդ կրծքանշանը կրելը, մի քիչ օրենք կարդայիք, իմանայիք՝ ինչ ու ինչպես եք անելու, ինչ մեխանիզմներ ու լծակներ ունեք ձեռքի տակ ու դրան համապատասխան որոշեիք՝ առաջադրվե՞լ, թե՝ ոչ: Համայնքի ղեկավարի գործունեության թիվ մեկ թիրախը մանկապարտեզների սնունդն է:Եղվարդի համայնքապետն ու մանկապարտեզի վարիչը նույն պահին պետք է հրաժարական տային՝ ցույց տալով, որ ընդունում են իրենց մեղավորությունը: Մանկապարտեզում կատարվածը հանցագործության տեսակ է»:
«Իրազեկ և պաշտպանված» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ մինչ այսօր պատկան մարմինները չեն կարողանում կոնկրետ հասկանալ՝ ինչից է եղել թունավորումը, երշիկեղենի՞ց, կաթնամթերքի՞ց, թե՞ մեկ այլ հանգամանք կա:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ըստ պարոն Պիպոյանի, երեխաներին նույնիսկ չի հարցրել՝ ինչ են կերել, որ թունավորվել են: Հակառակ դեպքում ուղղակի թաքցնում են իրականությունն ու չեն բարձրաձայնում իրական պատճառները: Մինչդեռ հ/կ նախագահը տեղյակ է, որ այդ մանկապարտեզին սնունդ մատակարարող ընկերություններից մեկը «սև ցուցակում» է ու չպետք է առնվազն իր կասկածելի որակի մթերքը երեխաներին մատակարարեր:
Հյուրերը նաև նշեցին, որ այս մասին պետք է անհանգստանար նաև Կրթության և գիտության նախարարությունը, սակայն դեռ ոչ մի պաշտոնական արձագանք չկա: Միայն առողջապահության նախարարությունը խոսեց թեմայի շուրջ, և Բաբկեն Պիպոյանն այս քայլը նախ և առաջ փիառ համարեց:
Կարդացեք նաև
«Հայք» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչները լրագրողներին տեղեկացրին, որ հրավիրել էին նաև ԿԳՆ պատասխանատու անձանց, սակայն,ինչպես բնորոշեցին, նրանք, խուսափել են հանդիպումից:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Եղվարդի մանկապարտեզում երեխաների զանգվածային սննդային թունավորում էր գրանցվել, որի արդյունքում երեխաները հայտնվել էին հիվանդանոցում:
Սյունե Սևադա