Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Այդ ստորագրումը գաղութացված երկրի գործողություն էր» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2014 15:19

«Չենք զիջելու մեր երկրի իսկական շահերից ոչինչ: Մենք հայտարարում ենք, որ այս պայմանագիրը, որի տակ երկու օր առաջ ստորագրել են, դա կարճ ժամանակ  է տևելու»,-այսօր  ՀՀ ԳԱԱ հարթակից Նախախորհրդարանի ասուլիսին հայտարարեց Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա շարունակելով ներկայացնել ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու աղետալի հետևանքները, շեշտեց. «Ժամանակի ընթացքում այս պայմանագիրն ի չիք է դառնալու, և մեր ժողովուրդն առաջին հերթին ներքին ազատության և վճռականության տեր է լինելու հավատամքով ոչ միայն ձախողեցնելու այս ծրագիրը, այլ նաև  իրականացնելու իր առաջ դրված խնդիրները»:

Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը հայտարարեց. «Բելառուսը և Ղազախստանը ՌԴ-ի հետ ձևավորել են գուցե իրենց հարմար տնտեսական միավորում, ՀՀ-ն ստորագրել է, որ ինքը ուզում է անդամակցել այդ երեքի ստորագրած միավորմանը: Եթե նրանք հորիզոնական իրավունքներով քննարկել են, մի միավորում են ստորագրել, ապա  ՀՀ -ի համար ուղղակի առումով թելադրանք կա: ՀՀ-ն իր երկրի օրենքները և շահերը համաձայնեցնում է այս երեքի ստորագրմանը»:

Նա նշեց, որ նույնիսկ մի տնտեսական հաշվարկ չկա, և ակնհայտ է, որ ՀՀ-ն թելադրանքով է այդ տարածք մտնում: Տիկին Խառատյանը մտահոգություն հայտնեց, թե այդ ստորագրումը «գաղութացված երկրի գործողություն էր»:

Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իրենք երկրի ներսում են ընդդիմություն, արտաքին քաղաքականության ոլորտում չեն կարող ընդդիմություն լինել, տիկին Խառատյանն արձագանքեց. «Եթե հանկարծ ՀՀԿ-ն արտաքին հարաբերություններում որոշի, որ ՀՀ-ն դառնում է ՌԴ տարածք, դարձյա՞լ մեր ԱԺ ընդդիմությունը այս քայլին կգնա»: Տիկին Խառատյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, թե ինչու են ասուլիսը կազմակերպել հենց ՀՀ ԳԱԱ հարթակում. «Մենք թիկունքով գտնվելով այն կառույցին, որը թյուրիմացաբար կոչվում է ազգային ժողով, մերժում ենք իրենց իրավունք վերագրածների իրավունքը մեր ժողովրդի փոխարեն որոշում կայացնել: Եվ մենք կանգնած ենք դեմքով դեպի գիտությունը»:

Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուԳևորգ Սաֆարյանը կարդաց Նախախորհրդարանի հայտարարությունը, որում մասնավորապես ամրագրված է. «Այս քայլով ռեժիմը ու նրա գլխավորած քաղաքական վերնախավը ռազմավարական որոշումների կայացման իրավունքը հանձնեցին օտարին և փաստորեն անցան մեր պետությունը ներգաղութային կախյալությունից դեպի դասական գաղութային կախյալություն տանելու սահմանը՝ ռեալ վտանգի ենթարկելով հայության համար անսակարկելի արժեքներ համարվող Արցախը և մեր պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը»: Հայտարարությունը եզրափակվում է. «Ռեժիմի հեռանալուց հետո չեղյալ են հայտարարվելու ՀՀ ինքնիշխանության և շահերի հաշվին կնքված բոլոր միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ «ԵՏՄ պայմանագրին միանալու մասին» ՀՀ պայմանագիրը, իսկ մեր պետության արտաքին քաղաքականությունը կառուցվելու է հայաստանակենտրոնության սկզբունքով»:

Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց. «Զարմանալի է այս խուճապը, ուրիշ ինչ էինք սպասում ռեժիմից, որը ժողովրդից զավթել է իշխանությունը»: Պարզաբանելով այն, թե ինչու ՀՀ ԱԺ-ի՝ պայմանագրի վավերացման օրը իրենք ներկա չէին այն քաղաքացիների բողոքի ակցիային, որոնք ԱԺ-ի առաջ հորդորում էին պատգամավորներին դեմ քվեարկել պայմանագրին, պարոն Սեֆիլյանն ասաց. «Այս համակարգի ներսում պայքարի տրամաբանությունն անիմաստ է: Մենք շարունակում ենք գործել, և հեռու չէ արդեն այն օրը, որ մենք ժողովրդին հրավիրելու ենք հրապարակներ, և տուն չենք վերադառնալու մինչև այդ ռեժիմից չձերբազատվենք»: Նախախորհրդարանի անդամները հայտարարեցին, թե դավաճանության ուղին կբռնեն նաև բացակայած պատգամավորները, ովքեր հետագայում դեմ չեն արտահայտվի այդ պայմանագրին: Գևորգ Սաֆարյանը երիտասարդ սերնդի անունից հայտարարեց. «Մտնել ԵՏՄ-ի կազմ, նշանակում է հանձնել մեր ինքնիշխանությունը: Սա բերելու է Արցախի կորստի, երկրորդ Մոսկվայի պայմանագրին: Այս պայմանագիրը չեղյալ է համարվելու, երբ մենք ռեժիմին հեռացնենք: Ռեժիմի տապալումից հետո ՀՀ-ն դառնալու է դե ֆակտո ինքնիշխան պետություն»:

Գարեգին Չուքասզյանը հավաստիացրեց. « ՀՀ-ն ռեֆորմատ է լինելու: Ռեալ պոլիտիկը, կամ քաղաքական իրատեսությունը, որն այժմ համապատասխանեցրել են գոյություն ունեցող իրականության անփոփոխության հետ, երբեմն թյուրիմացությամբ կամ միտումնավոր: Շուտով ականատես կլինենք ռեալ պոլիտիկի ընդհատմանը և պետք է պատրաստվել այդ ընդհատմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031