Սրտանոթային հիվանդությունները սրվում են ամենաշատը հենց ձմռանը։ Սառը օդը բերում է սրտի եւ ուղեղի անոթների սպազմի, բարձրանում է ճնշումը եւ ազդում սրտի վրա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար Մարինե Օրդյանը։
Ձմռանը այս հիվանդությունից մահացությունը 26-30 տոկոսով ավելանում է։ Ինչպես խորհուրդ տվեց բժիշկը՝ սրտի խնդիրներ ունեցող անձիք ձմռանը տանից դուրս գալուց առաջ պետք է շալով ծածկեն բերանը,որպեսզի սառը օդը չգնա օրգանիզմ։ Բժշկի խոսքով՝ սրտանոթային հիվանդությունները խրոնիկ հիվանդություններ են եւ դրանց դեմ բուժումը պահանջում է մշտական դեղօգտավործում.«Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ սրտանոթային հիվանդություններից մահացությունը ամենաշատն է աշխարհում՝ երեսուն տոկոս։ Այս հիվանդությունները ամենաշատը տարածված են այն երկրներում,որոնք միջին զարգացվածության մակարդակ ունեն»։
Մարինե Օրդյանի խոսքով՝ սրտանոթային հիվանդությունները կանանց եւ տղամարդկանց մոտ հավասարաչափ են դիտվում, սակայն տղամարդկանց մոտ դրանք սկսվում են մինչ կլիմակտիկ շրջանը, իսկ կանանց մոտ կլիմակտիկ շրջանից հետո։
Ըստ բժշկի՝ սրտանոթային հիվանդությունները սկսել են հաճախ նկատվել երիտասարդների մոտ, պատճառն այն է, որ նյարդահոգեբանական ծանրաբեռնվածությունը շատ ավելի մեծ է հիմա, քան քսան տարի առաջ. «Բացասական էմոցիաները բերում են նրան, որ մարդկանց մոտ ավելանում է ադրենալին հորմոնի քանակը արյան մեջ, անոթների սպազմ է առաջանում, արագանում է սրտի աշխատանքը»։
Կարդացեք նաև
Բժիշկ Օրդյանը ներկայացրեց, որ սրտանոթային հիվանդություններն ունեն մի քանի ռիսկի գործոններ. «Կան այնպիսի ռիսկեր, որոնց դեմ կարելի է պայքարել, օրինակ, ծխելը, խմիչքի չարաշահումը, քիչ ֆիզիկական ակտիվությունը, ճարպակալումը։ Իսկ այն գործոնները, որոնք հնարավոր չէ կանխել, դրանք են՝ սեռը, տարիքը, ժառանգականությունը։ Այս պատճառով պետք է պայքարել այն գործոնների դեմ, որոնք հնարավոր է փոխել, ծխելն առաջացնում է անոթների նեղացում, որն էլ բերում է սրտի ինֆարկտի։ Ճարպակալման դեմ պետք է պայքարել՝ հաճախելով ֆիտնես կենտրոններ եւ չօգտվելով արագ պատրաստվող սննդից»։
Սրտի խնդիրներ ունեցողներին բժիշկը խորհուրդ է տալիս պարտադիր դիմել բժշկի օգնությանը սրտամկանի ինֆարկտից կամ ինսուլտից խուսափելու համար, իսկ այն մարդկանց, որոնց մոտ դեռ խնդիր չկա, խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ ստուգվել։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ